Օրերս ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպում է ունեցել վանաձորցիների
հետ։ Ինչպես նախորդ հանդիպմանը, որը մեկ տարի առաջ էր՝ 2004-ի հուլիսին,
այս հանդիպման վերաբերյալ էլ նախնական հայտարարություններ չեն արվել, դրան
հիմնականում «ՕԵԿ» ընտրազանգվածն է մասնակցել, եւ այն վանաձորցիները,
ովքեր հարցեր ունեին ԱԺ նախագահին ուղղելու, սակայն այցի մասին անտեղյակ
էին՝ դժգոհեցին. «Ամբողջ օրը ռադիոյին կպած ենք, բայց այդ մասին ոչ մի
հայտարարություն չենք լսել»։ Նշենք, որ նախորդ չհայտարարված հանդիպումն էլ
Լոռու մարզպետարանում էր՝ մարզպետարանի աշխատակիցների ու մարզպետի
մասնակցությամբ։ Հետաքրքիր է, ինչո՞ւ ԱԺ «Արդարություն» խմբակցության
անդամների (օրինակ՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի) կամ խորհրդարան չմտած
Կոմկուսի առաջնորդ Ռուբեն Թովմասյանի այցերի մասին ծանուցվում է, անգամ
քաղաքի կենտրոնական վայրերում գրավոր հայտարարություններ են փակցվում,
մինչդեռ իշխող վերնախավի ներկայացուցիչների (ԱԺ նախագահ, վարչապետ) այցերը
գաղտնի են պահվում։ Դատելով հանդիպման մասնակիցների կազմից, որ ցուցադրվեց
տեղական հեռուստատեսությամբ, պետք է ենթադրել, որ դահլիճում գերիշխում էին
«ՕԵԿ» անդամ մանկավարժները. պատահական չէ, որ ԱԺ նախագահն ուսուցիչների
աշխատավարձը 70.000 դրամ դարձնելու խոստում տվեց։