«Life.ru-ի հիմնադիրը ցույց կտա իր հայկական Forbes-ը». նման վերնագրով լուրեր են հրատարակել ինտերնետային տեղեկատվական բազմաթիվ կայքէջեր: Խոսքը հայազգի, ծնունդով դաղստանցի Արամ Գաբրելյանովի մասին է, ով Ռուսաստանում հայտնի մեդիամենեջեր է, եւ որոշել է գործարար իրադարձությունները լուսաբանող Զանգվածային լրատվամիջոցների կյանքում նոր էջ բացել: Նա մտադիր է ինտերնետային նոր կայքէջ ստեղծել Marker.ru անունով, որը մրցակցելու է «Վեդոմոստիի» եւ «Կոմմերսանտի» հետ: Օրերս նա Marker.ru դոմենը գնել է 350.000 ռուբլով, իսկ նախագծի մեջ առաջին 2 տարիների ընթացքում պատրաստվում է ներդնել 7-8մլն դոլար: Կայքը գործարար կյանքի մասին է լինելու` բացառիկ եւ օպերատիվ տեղեկատվությամբ հարուստ, սակայն ամբողջ տեղեկատվությունը ներկայացվելու է առանց մեկնաբանությունների: Նշենք նաեւ, որ ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Marker.ru նախագիծը Smart Money ընկերությունից մի խումբ է գլխավորելու:
Ա. Գաբրելյանովը «Նյուզ Մեդիա Ռուս» հոլդինգի գլխավոր տնօրենն է, որը Ռուսաստանում բավական հայտնի եւ մեծ տպաքանակներով հրատարակվող տաբլոիդների` «ՁՉՏռ ՊպվՖ»», «ԻՌջվՖ», հիմնադիրն է: Այս հոլդինգի մեջ է մտնում նաեւ Life.ru վիդեոպորտալը, Life News-ը, ինչպես նաեւ Life Sports-ը եւ Life Showbiz-ը: «Ի՞նչ է, ես իմ ամբողջ կյանքում միայն տաբլոիդնե՞ր պետք է անեմ: Ես հո չե՞մ ծնվել տաբլոիդներ անելու համար: Ինձ նոր բան է հետաքրքրում, գովազդատուների համար էլ նոր սանդղակ կստեղծենք: Ստեղծեցինք փայլուն ամսագիր («ԻՈՐՈ»), սպորտային կայքէջ ստեղծեցինք (LifeSports), հիմա էլ ուզում ենք բիզնես ամսագիր հրատարակել: Սեպտեմբերի 1-ից շաբաթը մեկ անգամ նաեւ տպագիր տարբերակը լույս կտեսնի` նույն անունով` Marker»,- ասել է Գաբրելյանովը: Նշենք, որ Ա. Գաբրելյանովը 2006թ. իր ղեկավարած մեդիա-հոլդինգի արժեթղթերի մի մասը վաճառել էր 40 մլն դոլարով: Առհասարակ, Ա. Գաբրելյանովը ռուսական լրատվական դաշտում շատ հայտնի անձնավորություն է, որն ունի իր մեդիա-սկզբունքները: Նա վստահ է, որ ԶԼՄ-ները պետք է էմոցիոնալ եւ ճշմարտախոս լինեն: Նա գնահատում է լրագրողների աշխատանքի վերջնական արդյունքը: Նրա համոզմամբ` անտարբեր մարդիկ չեն կարող իր հետ աշխատել: Ռուսաստանյան խոշոր մեդիա-հոլդինգի հիմնադիր-սեփականատերը շատ բարձր է վարձատրում լրագրողների աշխատանքը, բայցեւ շատ մեծ պահանջներ է դնում նրանց առջեւ: Marker.ru-ի խմբագիրն օրերս հարցազրույցում նշել էր, որ Ա. Գաբրելյանովի հետ հստակեցրել են աշխատանքային սկզբունքները: «Արամ Աշոտովիչի հետ համաձայնության ենք եկել, որ «լրագրողի հացը սենսացիան է», եւ դա, իմ կարծիքով, ամենագլխավորն է: Էքսկլյուզիվ նյութերը, օպերատիվ նորությունները շատ կարեւոր են»:
Ա. Գաբրելյանովի տաբլոիդներից սարսափում են ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատ-շատերը: «Եթե բեմ ես բարձրացել, ուրեմն իրավունք չունես ասելու` «Ինձ մի՛ նկարեք»: Ուրեմն անկեղծ չես, խաբում ես մարդկանց»,- շոու-բիզնեսի աստղերին հաճախ կրկնում է Ա. Գաբրելյանովը:
Ի դեպ, Ա. Գաբրելյանովը 2006թ. մեդիաբիզնեսի ոլորտում իր գործունեության համար արժանացել էր ազգային` «Ռուսաստանի Մեդիամենեջեր» բարձր պարգեւին: