Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանին պատկանող MGM Mirage ընկերության եւ Dubai World պետական ընկերության համատեղ City Center շինարարական նախագծի շրջանակներում այս շաբաթ Լաս Վեգասում տեղի կունենա նախագծի՝ Aria հյուրանոցային համալիրի բացման պաշտոնական արարողությունը: Aria համալիրն իրենից ներկայացնում է ավելի քան 4 հազար հյուրանոցային սենյակների, հայտնի բրենդային խանութների, շուրջ 16 ռեստորանների եւ խաղատների համալիր: Նշենք, որ MGM Mirage եւ Dubai World ընկերությունների կողմից Լաս Վեգասում իրականացվող City Center համատեղ շինարարական նախագծի ընդհանուր արժեքը գերազանցում է 8,5 մլրդ դոլարը:
MGM Mirage ընկերության ներկայացուցիչները, ի դեպ, նշել են, որ վերջերս մեծ աղմուկ հանած Dubai World պետական ընկերության ֆինանսական խնդիրները որեւէ կերպ չեն ազդել City Center-ի ընթացքի վրա, եւ նախագծի շրջանակներում նախատեսված աշխատանքներն ավարտվում են սահմանված ժամկետներում: