Էս ի՜նչ ենք անում հայերով

22/12/2009

Ռուսաստանյան հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը «Սոգլասիե» հոլդինգից ձեռք է բերել գրասենյակային-հյուրանոցային համալիրի շինարարության պրոյեկտի 50%-ը։ Կենտրոնը կառուցվելու է մոսկովյան միջազգային գործարար կենտրոնի՝ «Մոսկվա Սիթիի» սրտում։

Գործարքի գումարը կողմերը չեն նշում։ Սակայն հայտնի է, որ պայմանագրի համաձայն՝ «Տաշիրը» սեփական միջոցներով ավարտին է հասցնելու բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը, որից հետո իրավունք է ստանալու շահագործել եւ վարձակալության տալ դրա տարածքները։ Նախագծի իրականացման համար, հաշվի առնելով 50%-անոց փայաբաժնի գնումը, «Տաշիրը» ներդնելու է 100 միլիոն դոլար։

«Մոսկվա Սիթի» պրոյեկտն իրականացնող «Սիթի» ընկերության տվյալներով՝ համալիրի ընդհանուր մակերեսը կկազմի 50.000 քմ։ Իսկ «Տաշիրի» տվյալներով՝ մակերեսը կհասնի 70 հազար քմ-ի՝ հաշվի առնելով ավտոմեքենաների կայանատեղին։ Համալիրի մաս է կազմելու 400 սենյակ ունեցող հյուրանոցը։ Պատվիրատուն «ՎՏՊ Մերկուրի» ընկերությունն է, իսկ գլխավոր փոդրաչին՝ «Սոգլասիե ստրոյինվեստ»-ը։ Երկու ընկերություններն էլ «Սոգլասիե» հոլդինգի մաս են կազմում։ Ի դեպ, «Սոգլասիեն» հիմնադրվել է 1994թ.՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից։

2008թ. գարնանը «Կոմերսանտ» թերթը գրել էր, որ պրոյեկտի 49.9%-ը 40 միլիոն դոլարով մտադիր է ձեռք բերել AFI Development-ը (հրեա հայտնի գործարար Լեւ Լեւաեւին պատկանող AFI Group-ի ռուսաստանյան դուստր ընկերությունը)։ Ի դեպ, «Սոգլասիեի» պրոյեկտի հարեւանությամբ գտնվող շինհրապարակներում AFI-ը կառուցում է Mall of Russia առեւտրային կենտրոնը եւ կինոհամերգային համալիր։ Երեք շինությունները ունեն միասնական տրանսպորտային ենթակառուցվածք։

«Տաշիր» հոլդինգը հիմնադրվել է 1999թ. եւ միավորում է տարբեր ոլորտներում գործող 200 ընկերություններ։ Խմբի գործունեության հիմքը կոմերցիոն անշարժ գույքի նախագծումն ու կառուցումն է։ Մինչ այժմ հոլդինգը կառուցել է ավելի քան 60 օբյեկտներ՝ 850հազար քմ ընդհանուր մակերեսով։ Ներկայումս կառուցման փուլում են գտնվում 8 առեւտրային-զվարճանքի համալիրներ եւ 3 բիզնես կենտրոններ։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում «Տաշիրը» եւս մի քանի խոշոր գործարքներ էր կնքել։ Վերջերս էլ` դեկտեմբերի կեսերին հայտնի դարձավ, որ հոլդինգը «Մեխանիզացիյա ՄՍՄ-1» ընկերությունից գնել է 207 հազար քմ ընդհանուր մակերեսով բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շինարարության պրոյեկտը։ «Գազօյլ-սիթի» կոչվող այս պրոյեկտում «Տաշիրը» նախատեսում է ներդնել 500 միլիոն դոլար։ ԶԼՄ-ները հաղորդում էին նաեւ, որ «Տաշիրը» կդառնա «Mirax Group»-ի գործընկերը՝ Կուտուզովի պողոտայի վրա կառուցվելիք համալիրի պրոյեկտում։ 400 միլիոն դոլարի չափով ֆինանսավորելով այս նախագիծը՝ «Տաշիրը» ձեռք կբերի դրա 55%-ը։