Երեկ տեղի է ունեցել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հերթական նիստը, որտեղ հանձնաժողովի վերլուծության վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանը ներկայացրել է վարույթի արդյունքները: Ըստ այդմ, հանձնաժողովը, դեղերի շրջանառության ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից օրենքի հնարավոր խախտումների բացահայտման նպատակով, հարուցել է վարույթ, որն ընդգրկել է 25 տնտեսվարողների վարքագծի ուսումնասիրություն:
Վարույթի ընթացքում ուսումնասիրվել են 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 38 անուն դեղի` արտադրության, ներկրման, իրացման ընդհանուր ծավալների, ինչպես նաեւ՝ մինչեւ նոյեմբերի 15-ը յուրաքանչյուր դեղի 1 միավորի գնի կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվություն:
Ընկերություններից չորսն իրացման գնի փոփոխության համար որպես հիմնավորում՝ նշել են դրամի արժեզրկումը: Մինչդեռ, ըստ ՀՀ ԿԲ-ի տեղեկատվության, ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքն ամսական կտրվածքով սեպտեմբերին աճել է՝ 1,91, հոկտեմբերին` 1,51, եւ նոյեմբերին` 0,4 տոկոսներով:
Այսինքն` արտարժույթի փոխարժեքների աճի տեմպերը նույնիսկ նվազել են սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Դավիթ Հարությունյանի ասելով` նոյեմբերի 17-ին իրենց հանձնաժողովը, ԶԼՄ-ների օգնությամբ եւ ընդհանրապես հասարակությունից ստացված բողոքների հիման վրա, սկսեց վարույթ` պարզելու դեղերի շուկայում իրավիճակը: «Ընտրվեցին մի քանի դեղատեսակներ, աշխատակազմն իրականացրել է ուսումնասիրություն` համագործակցելով Առողջապահության նախարարության, դեղագործակալության, պետական եկամուտների կոմիտեի, այլ մասնագետների հետ»,- նշել է Դ. Հարությունյանը: «Մինչ այս ուսումնասիրությունը դեղերի շուկայում, մեր հանձնաժողովը եւս մի քանի ուսումնասիրություններ էր կատարել, մասնավորապես՝ մարտ-ապրիլին լայնածավալ ուսումնասիրություն է իրականացվել՝ ճշտելու, թե այդ անգամ ո՞րն էր գների բարձրացման պատճառը: Ստուգումների արդյունքում պարզվեց, որ գների բարձրացումը մեծապես պայմանավորված էր արտարժութային շոկով: Այդ ժամանակ հանձնաժողովը համարեց, որ գների բարձրացումը հիմնավորված էր»,- հավելել է նա:
Այս անգամ էլ հարուցված վարույթը պարզել է, որ տնտեսվարող սուբյեկտները գների բարձրացումը պատճառաբանում են արժույթի փոփոխություններով` մասնավորաբար ԱՄՆ դոլարի եւ եվրոյի արժեւորմամբ:
Հանձնաժողովն իր այսօրվա որոշմամբ աշխատակազմի մասնագետների նախնական գնահատականներով դեղերի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող «Վագա ֆարմ», «Արգո ֆարմ», «Էսկուլապ», «Ամիկուս», «Ֆետիդա ֆարմ», «Նատալի ֆարմ», «Ալֆաֆարմ», «Արֆարմացիա» ընկերությունների գործողությունները որակեց հակամրցակցային համաձայնություն:
Վերոհիշյալ ընկերություններից յուրաքանչյուրին տուգանեց նախորդ տարվա հասույթի 2%-ի չափով` յուրաքանչյուրին ոչ ավելի, քան 300 մլն դրամով:
Ըստ այդմ «Վագա ֆարմի» դեպքում տուգանքը կազմեց ավելի քան 40 մլն դրամ, «Արգո ֆարմի»` 21,5 մլն դրամ, «Էսկուլապի»` 35,5 մլն դրամ, «Ամիկուսի»` 18,4 մլն դրամ, «Նատալի ֆարմի»` ավելի քան 187 մլն դրամ, «Ֆետիդա ֆարմի»` մոտ 112,5 մլն դրամ, «Ալֆաֆարմի»` ավելի քան 113 մլն դրամ, «Արֆարմացիայի»` 40,5 մլն դրամ: Ընկերություններին հանձնարարվել է 10-օրյա ժամկետում շտկել խախտում եւ ՏՄՊՊՀ ներկայացնել տուգանքի վճարումը հավաստող տեղեկատվություն: Վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը կտրամադրվեն պետական եկամուտների կոմիտեին: