Նորմալ ժամավաճառություն

07/09/2005

«Ընդհանուր առմամբ, հանդիպումը նորմալ անցավ: Մենք շարունակեցինք
օրակարգում առկա հարցերի քննարկումը: Դրանցից մի քանիսը կներկայացվեն
նախագահների Կազանում կայանալիք հանդիպմանը»,- «Ազատություն» ռադիոկայանին
տված հարցազրույցում գնահատելով իր եւ Էլմար Մամեդյարովի երեկ կայացած
հանդիպումը՝ հայտարարել է արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Բնականաբար,
նա չի մասնավորեցրել, թե հատկապես ինչն է նորմալ գնահատում:

«Տվյալ պահին իրավիճակն այնպիսին է, որ նախագահները հատուկ ուշադրությամբ
մի քանի հարց կքննարկեն Կազանում, իսկ այնուհետեւ ամեն բան կախված կլինի
նախագահների կամքից. արդյոք նրանք կցանկանա՞ն հաղորդել ինչ-որ
մանրամասներ»,- ուրբաթ օրը կայանալիք Քոչարյան-Ալիեւ հանդիպման մասին էլ
նման կարծիք է հայտնել Օսկանյանը՝ նշելով, որ Կազանում որեւէ փաստաթղթի
ստորագրում չի նախատեսվում: