ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը լուրջ բացահայտումներ է արել ատոմակայանում: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երեւանի կենտրոնական ավտոկայանը գումարի դիմաց գրավադրված է եղել բանկերից մեկում: «Երեւանի կենտրոնական ավտոկայանը 631.000 դոլարի դիմաց գրավադրվել էր բանկերից մեկում` իբր ավտոբուսներ ձեռք բերելու համար: Վարկը չէին կարողանում փակել, այսինքն` խիստ վտանգված էր ավտոկայանի հետագա ճակատագիրը: Հանրապետության նախագահի հանձնարարությամբ շատ կարճ ժամկետում պետք է գրավադրումից ավտոկայանը հանվի: Գումարի մի մասն արդեն վճարել են, մի մասն էլ կվճարեն»,- երեկվա ասուլիսում ասել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը` հավելելով, որ «Ավտոկայան» ՓԲԸ տնօրենն ազատվել է պաշտոնից: Ուսումնասիրությունների արդյունքում նաեւ պարզվել է, որ 19 ավտոկայաններից վեցը փաստացի չեն գործել, սակայն դրանք ունեցել են 15 հաստիքային աշխատող եւ ամեն ամիս պետական բյուջեից 700.000 դրամ գումար են ստացել մինչ օրս: «Եթե ավելի անկեղծ լինեմ, Դիլիջանի ու Սեւանի ավտոկայանների տարածքներում գործում է մթերային խանութ եւ ռեստորան»,- ասել է նա` նշելով, որ չեն գործում նաեւ Հրազդան, Ստեփանավան, Թալին, Աշտարակ, Տաշիր ավտոկայանները: