Ջայլամի պահվածքով շոու-բիզնեսը՝ մյուզիքլի նյութ

22/12/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հայաստանի երգի պետական թատրոնը նոր բեմադրություն է պատրաստել։ 15-ամյա պատմություն ունեցող թատրոնը վաղուց արդեն իր «տանը» ոչինչ չի ցուցադրել, քանի որ թատրոնում երկարատեւ վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, իսկ համերգներն ու մրցույթները տեղի էին ունենում Հայաստանից դուրս՝ Արցախում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ այլ երկրներում։ Տեխնիկական սարքավորումներով, շարժական բեմով ու զրուցարան-բարով համալրված թատրոնն այժմ պատրաստ է զրուցել իր հանդիսատեսի հետ՝ հասկանալով, որ փոխվել են հանդիսատեսի որակը, պահանջներն ու հաղորդակցման լեզուն։ Թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանը նկատում է. «Կարծում եմ, որ մենք իրոք կորցրել ենք մեր հանդիսատեսին, բայց դա սարսափելի չէ (դա ոչ թե անբուժելի քաղցկեղի է նման, այլ՝ թեթեւ հարբուխի), հիմա պետք է սուսուփուս աշխատենք՝ հանդիսատեսի ուշադրությանը արժանանալու համար։ Հույս ունեմ, որ մեր նոր աշխատանքը տեսնելով՝ հանդիսատեսը չի հիասթափվի»։

Թատրոնը, որը երկու տասնամյակ թերեւս բոլոր հայրենի փոփ-աստղերի կոփման եւ ձուլման վայրն է եղել, այժմ իր հաստիքացուցակում «աստղի» կարգավիճակ ունեցող անձեր չունի, փոխարենը հիմնվում է 20-ամյա տղաների ու աղջիկների վրա, որոնք, ըստ թատրոնի ղեկավարի՝ «իսկապես երգել գիտեն», եւ որոնց անունները հայտնի չեն լայն շրջանակներում։

Թատրոնի նոր աշխատանքը կոչվում է «Իրական պատմություն» եւ ազդագրերում ներկայացվում է՝ որպես «խաղ-մյուզիքլ»։ Գործողությունը մի քանի փուլանի է, խաղը առաջին հատվածում է, իսկ բուն մյուզիքլը՝ երկրորդում։ Սկզբում «խոհանոցային», ներքին օգտագործման պատկերներն են, որտեղ հեշտությամբ կռահվում են հաջողակ դառնալու այսօրվա մեխանիզմները (ինչպես ընդունվել թատրոն, ինչպես հաղթել կարեւոր մրցույթներում, կամ էլ` ինչպես երգչի կարիերան ավելի փափուկ ու առանց ավելորդ ջանքերի կառուցել)։ Իհարկե, թեեւ շոու-բիզնեսում առկա համատարած բամբասանքը, իրար տակ «փորելու» ավանդույթը կամ սիրավեպի օգնությամբ առաջ գնալու պրակտիկան ներկայացվում է հումորային շղարշի տակ, սակայն բոլորին լավ հասկանալի է ու ճանաչելի։ Շոու-բիզնեսին ժամանակին մեծ թափ հաղորդած թատրոնն այժմ ինքն իրեն է հեգնում։ Օրինակ, բեմ է հանում թատրոնի ղեկավարի նյարդային տիրակալուհու կերպարը, ով ինչ ուզում՝ անում է. այսօր գործի է ընդունում մեկին, իսկ արդեն հաջորդ օրն աղմուկով հեռացնում է աշխատանքից, ընդունում է բարեխոսելու ավանդույթն ու մրցանակաբաշխության հաղթանակը հանձնում ծանոթներին։ Այդ կերպարը հստակ հիշեցնում է թատրոնի իրական ղեկավար Արթուր Գրիգորյանին, ով թերեւս ոչ մի վտանգ չի տեսնում՝ ծիծաղելի ու խոցելի երեւալու մեջ։

Թեթեւ ու ինքնահեգնական նման նախաբանից հետո թատրոնն իսկական երաժշտական ռեֆորմ է անում։ Առանց դադարի, «non stop» տարբերակով՝ թատրոնի երիտասարդ դերասանները «երգում» են իրենց պատմությունները, մտահոգվում, երազում, ընկերանում, սիրահարվում, ճամփորդում ու բողոքում։ Ռեֆորմն արվել է հենց երգի ժանրում, քանի որ նոր գրված երգերը բոլորովին այլ բովանդակություն ու ֆորմա ունեն, նրանք ոչ թե իլյուստրատիվ են (կամ վեհ բառերից կազմված, կամ էլ սիրային մելամաղձոտ տրամադրություն ստեղծող), այլ փորձում են իրական պատկերներ շոշափել։ Ի՞նչ են ուզում երիտասարդները։ Ուզո՞ւմ են հայտնի դառնալ՝ «փողեր հնձելով», «Lexus»-ներ ու «Rolex»-ներ գնելով, փայլուն ամսագրերում սեր որոնելով։ Թե՞, այնուամենայնիվ, նրանք գերադասում են հրաժարվել «ջայլամի պես ապրելուց» ու պատրաստ են ըմբոստանալ կեղծիքի դեմ (այդ ըմբոստությունը ոչ թե բեմական կյանքին է վերաբերում, այլ՝ ավելի լայն իմաստ ունի)։ «Մենք դեմ ենք» երգն, օրինակ, դրա վառ ապացույցն է։

Այս նոր մյուզիքլի առավելությունը հենց սոցիալական-քաղաքական հարցադրումներն են, որոնք ի զարմանս բոլորի` ծնվել են «ամենաքնած» ու ձանձրալի դարձած ոլորտում՝ փոփ-երաժշտության մեջ։ Ինչ-որ բան, այնուամենայնիվ, շարժվում է։ «Սուր երգեր ստեղծելու հատուկ նպատակ չէինք դրել, այդպես ստացվեց։ Բոլոր երգերն էլ շատ դժվար են ստեղծվել, խոսքերի հեղինակ Անիտա Հախվերդյանը մոտ կես տարի աշխատել է, հետո այդ երգերը փորձարկել ենք՝ հաշվի առնելով երիտասարդների մտքերը։ Եվ ես ուրախ եմ, որ մտորելու առիթներ են ստեղծվել։ Այս աշխատանքը կարող եք կոմերցիոն, շոու-բիզնեսյան պրոյեկտների առաջին մարտահրավերը համարել»,- ասում է մյուզիքլի հեղինակ Ա. Գրիգորյանը։

«Իրական պատմությունն» իր ֆորմայով ու մատուցմամբ էքսպերիմենտ է։ Այստեղ խառնված են տարբեր թատերական ժանրերը (երկխոսությունները, վիդեոդրվագները, պարոդիան, պարը, «մաքուր» երգարվեստը)։ Մյուզիքլը սինթետիկ ժանր է, եւ թերեւս զանգվածային կուլտուրայի ամենացայտուն դրսեւորումն է։ Ընդ որում, ամեն ինչի խառնուրդը լինելով հանդերձ, այն բնավ չի բացառում սուր սոցիալական շեշտադրումներն ու արդիական թեմաները։ Մյուզիքլի լավագույն օրինակներից են Բոբ Ֆոսսի հանրահայտ «Կաբարեն», որտեղ քնարական սիրային գիծը ծավալվում է ֆաշիստական ռեժիմի առաջին քայլերի ֆոնին։ Ժամանակին այդ մյուզիքլը դիտվում էր որպես յուրատեսակ հակաֆաշիստական մանիֆեստ։ Իսկ Լենարդ Բերստայնի «Վեսթսայդյան պատմությունը», որը պատմում էր Նյու Յորքի աղքատ թաղամասերի Ռոմեո եւ Ջուլիետի նորագույն սիրային ողբերգությունը, բողոքի հսկայական ալիք բարձրացրեց՝ ցույց տալով վաղվա օրվա հավատը կորցրած ամերիկացիների նոր սերնդի խնդիրները։ Գրեթե նույն սրությունը կար նաեւ սեւամորթ հերոսների կյանքը ներկայացնող եւ բոլոր ժամանակներում օգտագործվող երաժշտական կոմպոզիցիաներով հագեցած Ջորջ Գերշվինի «Պորգին եւ Բեսսը» ջազ-մյուզիքլում։

Երբ մյուզիքլը քաղաքական ու սոցիալական խնդիրներից չի խուսափում, կարողանում է հետք թողնել հանդիսատեսի սրտերում ու մտքերում։ Թեեւ, իհարկե, պատմության հետագա ընթացքն ապացուցեց, որ մյուզիքլը ավելի շուտ գերադասում է զվարճալի, կոմերցիոն ու մասշտաբային նախագծերի շրջանակներում աշխատել։

Իսկ այն մոդելը, որը նախընտրել է Հայաստանի Երգի թատրոնը, կոմերցիոն չէ, ոչ էլ մասշտաբային է, եւ իհարկե չունի այն ամուր դրամատուրգիական հիմքը, որը ուժ է տալիս երաժշտությանը, սակայն թատրոնը ընտրելով զրույցի ֆորմա ունեցող բեմադրությունը, արձանագրել է, որ զրույցի պահանջ կա։ Թեկուզեւ մեկ առանձին վերցրած ոլորտում։ Գլամուրային շոուների պատրաստումը բիզնես դառնալով՝ ամեն քայլափոխի կամ շահագործվում է, կամ էլ քարկոծվում։ «Իրական պատմությունը» շոու-բիզնեսի ժամանակներում (նաեւ՝ «ճիրաններում») հայտնված մարդկանց մասին է։ Չէ՞ որ ամեն ինչն էլ ավելի լավ է վաճառվում միայն այն ժամանակ, երբ լավ է ցուցադրվում։ Երգող երիտասարդն ու իր ժամանակը դիալոգ են վարում՝ իրենք իրենց համ լավ «վաճառելու» համար, համ էլ փորձելով դիմակայել համատարած շուկային, եւ այդ դիալոգը թեեւ որոշ հատվածներում կիսատ ու անավարտ է մնում, սակայն անկեղծ է։ Զրույցն ընդհանրապես մի բան է, որը ավարտ չպիտի ունենա, այլապես կստացվի, որ այն ժամանակից դուրս է տեղի ունենում։

Մյուզիքլի ժանրին Երգի թատրոնն առաջին անգամ լիարժեքորեն անդրադարձել է մի քանի տարի առաջ՝ ստեղծելով արցախյան հնչերանգներ ունեցող ֆոլկլորային «Մեր գյուղը» երաժշտական ներկայացումը, որը թեեւ իսկապես լավ աշխատանք էր, սակայն շատ կարճ կյանք ունեցավ (երգիչները սկսեցին այլ գործերով զբաղվել, բեմ էլ չկար)։ Նոր ներկայացման ապագայի մասին խոսելով՝ թատրոնի ղեկավարն ասում է. «Նույնիսկ, եթե մեր նոր աշխատանքը երկար կյանք չունենա, հաստատ կօգնի այն 10 երիտասարդներին, որոնք այժմ կազմում են թատրոնի «կորիզը»։ Եվ դա քիչ չէ, մեր օրերում եթե կարողանում ես գոնե մեկին օգնել, արդեն մեծ գործ ես անում։ Մեր դերասան-երգիչների առջեւ բարձր նշաձող է դրվել, որից ավելի ցածր իջնել նրանք պարզապես չեն կարողանա»։

«Իրական պատմության» պրեմիերային ցուցադրությունները կսկսվեն դեկտեմբերի 25-ին, իսկ հետո ընդմիջվելով տոներով, կշարունակվեն հունվարի առաջին օրերին։