Աղթամարը բացում են

22/12/2009

Վանի քաղաքապետ Մունիր Կարալօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի Մշակույթի նախարարության հետ խորհրդակցություններից հետո որոշում է կայացվել բացել Աղթամար կղզում գտնվող հայկական եկեղեցին: Այդ մասին երեկ գրել է թուրքական «Hurriyet»-ը: Եկեղեցին կսկսի գործել 2010թ. սեպտեմբերի 12-ից, իսկ մինչեւ այդ կտարվեն կառույցի վերականգնողական աշխատանքներ: Ըստ Վանի քաղաքապետի՝ եկեղեցու բացումից հետո Աղթամարը կդառնա ուխտագնացության վայր աշխարհի տարբեր երկրներում բնակվող բազմաթիվ հայերի համար: Կարալօղլուն նաեւ նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո Վանը կդառնա Թուրքիայի զբոսաշրջության կենտրոններից մեկը: «Այստեղ զբոսաշրջիկներ կժամանեն ոչ միայն Հայաստանից, այլեւ Իրանից. չէ՞ որ այժմ մեր սահմանն անցնում է լեռներով, իսկ հայ-թուրքական սահմանի բացումից հետո իրանցի զբոսաշրջիկները կկարողանան Հայաստանի տարածքով ավելի հարմար ուղիներով հասնել Վան»,- ասել է Կարալօղլուն։