Բուլղարական Վելիկո Տիրնովո քաղաքում հնէաբանական պեղումների ժամանակ հայտնաբերվել է 17-րդ դարի հայկական եկեղեցի: Այժմ Բուլղարիայի Մշակույթի նախարարությունը քայլեր է ձեռնարկում հայկական եկեղեցին պետության պատմամշակութային արժեքավոր կոթող ճանաչելու ուղղությամբ: Պեղումները բուլղարացի գիտնականները սկսել էին 2009թ. ապրիլին: Պատմաբանները գտել են 1588թ. փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ սկզբում այդ վայրում եղել է կաթոլիկ եկեղեցի, այնուհետեւ այդ տարածքը գնել են Բուլղարիայում բնակվող հայերը եւ 17-րդ դարում ավերակների վրա կառուցել հայկական Սբ Աստվածածին եկեղեցին։
Պեղումների ժամանակ հայտնաբերվել են հայկական տառերով եւ նախշազարդերով քարի կտորներ, որոնք հաստատում են, որ 17-20-րդ դարերում այդ տարածքում գործել է հայկական եկեղեցի։