Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Փշատը ժողովրդական բժշկության մեջ
Փշատենին աճում է Կովկասի, Միջին Ասիայի եւ Ղազախստանի տաք շրջաններում: Մեզ մոտ այն հանդիպում է Արարատյան հարթավայրի, Վայքի, Մեղրու եւ Նոյեմբերյանի շրջաններում: Հաճախ անխնամ վիճակից այս ծառերը չորանում են, բայց քչերը գիտեն, թե փշատը որքան օգտակար բույս է:
Բուժական նպատակով օգտագործում են նեղտերեւ փշատենու պտուղները: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ ածխաջրեր, սպիտակուցներ, թթուներ, տանիններ, ասկորբինաթթու, կալցիումական եւ ֆոսֆորական աղեր: Տերեւները, ինչպես նաեւ պտուղները հարուստ են դաբաղանյութերով: Շատ արժեքավոր նյութ է համարվում փշատենու բնի կեղեւի վրա առաջացած խեժը: Այն օգտագործվում է բարձրորակ լաքեր եւ գեղանկարչական ներկանյութեր ստանալու համար:
Փշատն օգտագործվում է թարմ եւ մշակված: Այն կարելի է պահել բավականին երկար ժամանակ` մոտ 5 ամիս: Փշատի պտուղներից ստանում են «Փշատին» պատրաստուկը, որն օգտագործվում է աղեբորբի` էնտերոկոլիտի ժամանակ` որպես տտիպ դեղամիջոց: Փշատի եփուկը կարելի է օգտագործել նաեւ փորլուծության դեպքում, ինչպես նաեւ` աղեստամոքսային տրակտի տարբեր խանգարումների ժամանակ: Այն շատ օգտակար է նաեւ շնչուղիների խնդիրներ ունեցողներին:
Ժողովրդական բժշկության մեջ փշատը նշանակվում է ստամոքսի, աղիների, ենթաստամոքսային գեղձի, սրտի եւ երիկամային հիվանդությունների բուժման համար: Եփուկը պատրաստելու համար պետք է 20 գ մանրացրած արմատները 20 րոպե եռացնել 250 մլ ջրի մեջ եւ 2 ժամ հետո քամել: Խմել 2-ական ճաշի գդալ` օրը 2-4 անգամ, շնչուղիների հիվանդությունների, հաստ աղիի բորբոքման ժամանակ: Այն կարելի է համատեղել մի որեւէ մուրաբայի հետ: Եփուկը կարելի է պատրաստել մի այլ եղանակով եւս: Դրա համար անհրաժեշտ է 50 գ պտուղները 350 մլ ջրի մեջ եփել 15 րոպե, ապա թողնել 1 ժամ: Խմել 2 ճաշի գդալ` ուտելուց հետո` օրը 2-4 անգամ, վերը նշված հիվանդությունների դեպքում:
Թուրմը պատրաստելու համար 2 թեյի գդալ ծաղիկները 250 մլ եռջրի մեջ թողնել 1 ժամ, ապա քամել եւ խմել 1 ճաշի գդալից` 2-4 անգամ` մրսածության դեպքում, ինչպես նաեւ կարելի է օգտագործել սրտային խնդիրների դեպքում:
Փշատի տերեւների թրջոցներն օգնում են բորբոքված վերքերի դեպքում: Շոգեխաշած տերեւները փաթաթել թանզիֆի մեջ եւ դնել ցավոտ մասերի վրա` պոդագրա, ռեւմատիկ ցավեր եւ այլն:
Ձմռանը օրգանիզմը մեծ խնամք է պահանջում
Հատկապես նեւրոտիկների մոտ ձմռան ցուրտը սպազմ է առաջացնում: Առաջարկվող միջոցը շատ լավ օգնում է սրտային անբավարարության, արյան բարձր ճնշման, ռեւմատիկ ցավերի եւ տարիքի հետ առաջ եկող հոդացավերի դեպքում: Դրա համար անհրաժեշտ է վերցնել 2 բաժին մատուտակի արմատներ, 1 բաժին կատվախոտի արմատներ, 1 բաժին դեղատնային սամիթ, 2 բաժին կատվալեզվի արմատ եւ 2 բաժին կալենդուլայի ծաղիկներ: Այս դեղաբույսերը լցնել 1 տարայի մեջ, որպեսզի «ընկերանան»: Այս խառնուրդից վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ ջուր եւ հենց սկսի այն եռալ, անջատել ու թրմել 1 ժամ: Հետո քամել այն ու խմել 1 բաժակն ամբողջ օրվա ընթացքում:
Իսկ հայտնի երգչուհիներից մեկը պատմում է. «Ինձ ամեն ձմեռ փրկում է ժենշենի արմատից պատրաստված թուրմը: Վերցնում ենք մեծ չափի բողկ ու վերեւի մասը կափարիչի նման կտրում, հետո դանակով հանում ենք միջուկն ու 1 ժամի չափ պահում գոլորշու վրա: Հետո գոլորշու վրա պահում ենք ժենշենի արմատը, որպեսզի փափկի, ու գցում ենք այն բողկի մեջ` վրան լցնելով մեղր, ու ծածկում բողկի նախօրոք կտրված մասով: Այսպես թողնել 1 օր ու հետո ընդունել թեյի գդալով, օրը 3 անգամ: Հազն ու մրսածությունը շատ են վախենում իմ այս դեղատոմսից»: