Նրանց Պրեսկոտը զբաղված չէր

19/12/2009

Նախօրեի ուշ երեկոյան Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել Ադրբեջանի վերաբերյալ, որտեղ քննադատում է իշխանություններին` լրագրողներին ճնշելու համար, եւ հորդորում վերականգնել օտարերկրյա հեռարձակողների` «Ազատություն» ռադիոկայանի, «Ամերիկայի ձայնի» եւ BBC-ի հաղորդումները: Բանաձեւում եվրոպացի պատգամավորները հորդորում են Ադրբեջանի իշխանություններին` վերանայել զրպարտության համար քրեական պատիժ սահմանող օրենսդրական դրույթը, պնդելով, որ այն շատ հաճախ մտրակ է դառնում` անկախ ու ընդդիմադիր լրագրողներին պատժելու համար: Չնայած միջազգային կառույցների հորդորներին` ներկայումս առնվազն հինգ ադրբեջանցի լրագրող գտնվում է ազատազրկման վայրերում: Վերջիններիս ազատ արձակելուց բացի, Եվրախորհրդարանը հորդորում է Ադրբեջանի իշխանություններին նաեւ համարժեք արձագանքել լրագրողների նկատմամբ կատարված բռնություններին. բազմաթիվ բռնություններ մինչ օրս բացահայտված չեն, մեղավորները մնում են անպատիժ. փաստում է Եվրախորհրդարանի զեկույցը: Եվրախորհրդարանը Ադրբեջանի իշխանություններին հորդորում է վերականգնել օտարերկրյա հեռարձակողների արտոնագրերը, ընդգծելով, որ պաշտոնական Բրյուսելն ու Բաքուն չեն կարող սերտ համագործակցություն զարգացնել առանց խոսքի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության: