Ասորական համայնքին օգնել է պետք

07/09/2005 Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Թեեւ վերջին տարիների սոցիալ-տնտեսական ծանր իրողությունների պատճառով
Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից շատերը
ստիպված էին հեռանալ Հայաստանից, սակայն մնացողները շարունակում են ապրել
եւ արարել իրենց համար Հայրենիք դարձած Հայաստանում: Նրանցից մեկն էլ
ասորիներն են, ովքեր արդեն քանի հազարամյակ կողք կողքի ապրել եւ ապրում են
Հայկական լեռնաշխարհում, հայերի հետ բաժանելով եւ դժվարությունները, եւ
ուրախությունը:

Արարատի մարզի Վերին Դվին գյուղն արդեն մոտ 180 տարվա կենսագրություն
ունի: Այն հիմնադրվել է 1828թ. Պարսկաստանի Ուրմիա նահանգից Արեւելյան
Հայաստան ներգաղթած 12 ասորի ընտանիքների կողմից եւ հետագայում ստվարացել
է Թուրքիայից ներգաղթած ասորիներով: Այսօր գյուղն ունի 2675 բնակիչ, որոնց
85%-ն ասորիներ են, իսկ 15%-ը՝ հայեր: Գյուղում բավական մեծ թիվ են
կազմում խառնամուսնությունները, ընդ որում, ոչ միայն հայ-ասորական.
գյուղում կան նաեւ ուկրաինացիներ, ռուսներ եւ այլն: 1990թ. ի վեր գյուղից
հեռացել է մոտ 1000 մարդ, հիմնականում՝ ընտանիքներով, թեեւ վերջին 3-4
տարիներին արտահոսքը դադարել է, եւ նույնիսկ 4-5 ընտանիք Ռուսաստանից եւ
Ուկրաինայից վերադարձել են հայրենի գյուղ: Սակայն փաստն այն է, որ Վերին
Դվինում աշխատունակ բնակչության մոտ 63%-ը մեկնում է արտագնա աշխատանքի:

Ինչպես եւ ՀՀ այլ հարյուրավոր գյուղական բնակավայրեր, Վերին Դվինը
նույնպես ունի սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական ոլորտի բազմաթիվ
դժվարություններ, որոնցից շատերն առաջնային լուծման կարիք ունեն: Կարեւոր
պրոբլեմներից մեկը գյուղի միջնակարգ դպրոցն է, որն ունի մոտ 400 աշակերտ,
որոնցից 2004թ. դպրոց գնացած առաջին դասարանցիների թիվը կազմել է 22 հոգի:
Խնդիրներից մեկը դպրոցի գրեթե լիովին բացակայող տանիքն է եւ
դասասենյակների ոչ բարվոք վիճակը: Չնայած ՀՀ կառավարությունը բազմիցս
խոստացել է միջոցներ հատկացնել դպրոցի վերանորոգման համար, սակայն փաստն
այն է, որ արդեն երրորդ տարին է, ինչ դա մնացել է որպես խոստում: Կրթական
լուրջ հիմնախնդիրներից է դասագրքերի հարցը: Քանի որ գյուղի բնակչության
մեծ մասն ասորիներ են, դպրոցը բաժանված է 2 մասի` հայկական եւ ասորական,
եւ այդ առումով բավական պրոբլեմային է ասորերեն լեզվով դասագրքերի հարցը:
Դպրոցի տարրական դասարաններում մայրենի լեզվով դասավանդման եւ դասագրքերի
հարցը որոշ չափով լուծված է կրթական ծրագրերի շրջանակում, սակայն 4-10
դասարաններում ասորերենով ուսուցման խնդիրը կապված է բազմաթիվ
դժվարությունների հետ, որոնցից առաջնայինը դասագրքերի բացակայությունն է:
Թեեւ Ռուսաստանից ասորերեն լեզվով որոշ դասագրքեր որպես օգնություն
ստացվում են, սակայն առանց պետական աջակցության հնարավոր չէ այդ հարցին
վերջնական լուծում տալ: Գյուղի բնակիչների խոսքերով, վերջին տարիներին
երեխաների եւ երիտասարդության շրջանում աճել է հետաքրքրությունը դեպի
ասորերեն լեզուն եւ մշակույթը: Գյուղում գործում է «Աթուրե» ասորական
ազգային պարերի եւ երգի համույթը, ուր մեծ թվով ասորի եւ հայ երեխաներ են
հաճախում: Պարբերաբար համերգներ են կազմակերպվում գյուղի բարերարների
կողմից մասնակի վերանորոգված մշակույթի դահլիճում: Համույթի համար սուր է
դրված հատկապես գործիքների հարցը, որոնք հնամաշ են, եւ չնայած ԱԺ նախագահ
Արթուր Բաղդասարյանն անձամբ խոստացել է լուծել այդ խնդիրը, սակայն հարցն
այսօր էլ լուծված չէ: Գյուղապետ Լյուդմիլա Պետրովայի խոսքերով (նա Արարատի
մարզի միակ կին գյուղապետն է, եւ այն հարցին, թե դժվար չէ՞ արդյոք
սոցիալ-տնտեսական բազմաթիվ հիմնախնդիրների առկայության պայմաններում
ղեկավարել համայնքը, ժպտալով պատասխանեց` «Կին լինելու հանգամանքը գործին
որոշ դեպքերում ավելի է օգնում»), չնայած ՀՀ կառավարությունը բազմիցս
անդրադարձել է ազգային փոքրամասնությունների մշակութային խնդիրների
լուծմանը, սակայն իրականում այդ ուղղությամբ գործնական քայլ չի
իրականացվում եւ ֆինանսական միջոցներ չեն հատկացվում: Գյուղում գործում է
գրադարանը եւ բուժկետը, որը թեեւ ապահովված էր առաջին անհրաժեշտության
դեղորայքով, սակայն գրեթե բացակայում էին բժշկական գործիքները: Վերջին
տարիներին Վերին Դվինում մեծ հանդիսությամբ նշում են ասորական Նոր տարին
(ապրիլի 1) եւ սբ. Մերեզի տոնը (գյուղի նորակառույց եկեղեցու անունով):

Տիկին Պետրովայի խոսքերով, թեեւ գյուղում ոռոգելի հողերի խնդիրը լուծված
է, եւ 400 հեկտարից 350-ը ջրովի է, ինչպես նաեւ կառուցվում է պոմպակայան,
որը հնարավորություն կտա ոռոգելի դարձնել մնացած անջրդի հողերը, սակայն
բավական վատ է խմելու ջրի որակը հատկապես ամռանը: Որոշ դեպքերում ծորակից
հոսում է տաք, ժանգոտ կամ ճահճահոտ ջուր, որը վարակիչ հիվանդությունների
տարածման աղբյուր է: Ջրի ներքին ցանցը կառուցվել է 50-ական թթ. եւ մասնակի
վերանորոգումները ոչնչի չեն հանգեցնում: Չնայած վերջին երկու տարում հողի,
գույքահարկի հավաքագրումն ավելացել է, սակայն այն դեռեւս կազմում է
ընդհանուրի միայն 30%-ը: Գյուղապետը նաեւ ավելացրեց, որ բավական սուր է
դրված գյուղտեխնիկայի հարցը. գյուղում սարքին մեքենաներ համարյա չկան:
Դրսում կանգնած գյուղացիների խոսքերով, ցորենի հնձի այս եռուն
ժամանակաշրջանում, Վերին Դվինին եւ շրջակա 4 գյուղերին սպասարկում է միայն
մեկ կոմբայն, եւ, Աստված մի արասցե, եթե դրան ինչ-որ բան պատահի, այդ
դեպքում ցորենը կմնա դաշտերում, եւ գյուղացին կզրկվի իր բերքից:
Գյուղացիներից մեկը` Նովիկ Յակովլեւն ասաց, որ չնայած ինքը կարողացել է
հավաքել իր ցորենը, սակայն ստիպված է եղել չնչին գնով՝ կիլոգրամը 40-50
դրամով վաճառել այն, որպեսզի հոգա ընտանիքի ընթացիկ ծախսերը եւ մուծի ջրի,
լույսի կուտակված պարտքերը: Գյուղում անապահով ընտանիքների թիվը կազմում է
65-70%, եւ չնայած նրանցից շատերը զբաղվում են հողագործությամբ
(հիմնականում՝ լոլիկի մշակմամբ), սակայն մթերման ցածր արժեքի հետ կապված,
հազիվ են ծայրը ծայրին հասցնում: Գյուղացիներից շատերը կարծիք հայտնեցին,
որ եթե մոտակա տարիներին մթերումների գները չբարձրանան, իրենք ստիպված
կլինեն արտագաղթել գյուղից, որովհետեւ դժվարությամբ են ետ բերում հողի
մշակման մեջ ներդրված իրենց միջոցները:

Գյուղում կան բազմաթիվ բազմանդամ անապահով ընտանիքներ, որոնցից մեկն էլ
Բադալով Սերաֆիմինն էր: Ընտանիքը բաղկացած է 8 անձից (չորսն անչափահաս
երեխաներ են), եւ ապրում է դեռեւս 40-ական թթ. կառուցված կիսախարխուլ
տանը, իսկ կիսակառույց տան հարցն, ըստ տան հարսի՝ Մարուսյայի, որն, ի դեպ,
ազգությամբ ուկրաինացի է, կարելի է լուծել մարզային կամ հանրապետական
իշխանությունների փոքր-ինչ աջակցության պարագայում: Նրա խոսքերով՝ ձմռանը
ցրտից պաշտպանվելու համար ստիպված են եղել կտրել իրենց բակի 20 պտղատու
ծառերը: Տան երեխաներից 3-ը դպրոցահասակ են, եւ մայրը չգիտի, թե ինչպես
պետք է նրանց դպրոց ուղարկի:

Ինչ վերաբերում է Վերին Դվինի ասորի եւ շրջակա հայ գյուղերի բնակիչների
փոխհարաբերություններին, ապա դրանք բավականին ջերմ են, եւ տիկին Պետրովայի
խոսքերով, հարեւան գյուղի` Ներքին Դվինի գյուղապետը որեւէ խնդրի
առկայության պարագայում առաջինը կլուծի Վերին Դվինի հիմնահարցը, նոր
իրենցը: