Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան, որտեղ մասնակցելու է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին: Ղազախստանը 2010թ. ստանձնում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նախագահությունը: Ակնկալվում է, որ հանդիպմանը ներկա կլինեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի նախագահները: Գագաթաժողովին հրավիրված է նաեւ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, սակայն նա դեռ չի հաստատել իր մասնակցությունը: Նախքան ոչ պաշտոնական միջոցառման մեկնարկը նախատեսված է ԵվրԱսՏՀ շրջանակներում Մաքսային միության «եռյակի» պետությունների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) ղեկավարների առանձին հանդիպումը: Ոչ պաշտոնական գագաթաժողովի հիմնական ծրագիրը տեղի կունենա այսօր: Նշենք նաեւ, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրավիրել է իր գործընկերներին հանդիպումն անցկացնել «Ակ Բուլակ» լեռնադահուկային հանգստավայրում` Ալմա Աթայի մերձակայքում: