Երեկ Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Աշոտ Սարգսյանը «Հայկական Ժամանակ» օրաթերթում հանդես էր եկել ծավալուն հրապարակմամբ, որում նաեւ նշված էր. «Թերեւս առաջին անգամ հայ իրականության մեջ ընդդիմությունը դրսեւորեց քաղաքական պատասխանատվության որակներ, որոնք, ըստ մեզանում տարածված պատկերացումների, կարող է ունենալ իշխանությունը, բայց ոչ ընդդիմությունը` իշխանության համար պայքարը ստորադասելով երկրի շահերին»: Այս կապակցությամբ երեկ ՀԺԿ վարչության աշխատակազմը «Ա1+»-ին է փոխանցել մի հաղորդագրություն, որով անաչառության կոչ է անում ՀԱԿ-ի գործընկերներին: «Հարկ ենք համարում նշել, որ այդ գնահատականները շատ հեռու են անաչառ լինելուց եւ միայն վնասում են ընդդիմադիր շարժմանը: Ինչ է, Կարեն Դեմիրճյանը չի՞ դրսեւորել քաղաքական պատասխանատվության որակներ` 1998 թ. երկիրը զերծ պահելով ցնցումներից եւ արյունահեղությունից, թե՞ Հայաստանի ժողովրդական կուսակցությունն է երկրի շահերը ստորադասել իշխանության համար մղվող պայքարին` սկզբունքային տարաձայնությունների պատճառով դուրս գալով իշխանությունից… Հուսով ենք, որ մեր գործընկերները այսուհետ ավելի անաչառ կլինեն իրենց գնահատականներում»,- ասված է ՀԺԿ հաղորդագրության մեջ: