Մարտի մեկի դեպքերի ուսումնասիրության նպատակով ստեղծված, սակայն մի քանի ամիս առաջ լուծարված փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը հաջորդ տարվա սկզբին պատրաստվում են նոր զեկույց հրապարակել: Զեկույցը, ինչպես երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը, ներառելու է բազմաբովանդակ հարցեր` սկսած մարտի մեկին կատարված սպանությունների, թալանով զբաղվող անձանց ու դրանց տերերի վերաբերյալ նյութերից, վերջացրած պաշտոնյաների հետ փաստահավաք խմբի անդամների հարցուպատասխանների տեսագրություններով: Հատկապես վերջին հատվածը ուշագրավ է այն առումով, որ ընդամենը մի քանի օր առաջ մամուլում հրապարակվեց Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հրամանը` 2008 թվականի փետրվարի 23-ից զինված ուժերը «զորանոցային վիճակի» բերելու մասին: Սեդա Սաֆարյանն ասել է, որ զեկույցին կից ներկայացվելիք տեսագրություններում ներառված են լինելու նաեւ Մ. Հարությունյանի հետ փաստահավաք խմբի անդամների հարցուպատասխանը պատկերող դրվագներ, որոնցում վերջինս կտրականապես հրաժարվում է որեւէ փաստաթղթի վերաբերյալ որեւէ պատասխան տալուց: