Երեկ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը Հայաստանում գործող բոլոր օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներին հրավիրել էր ԼՂ հիմնախնդրի շուրջ մտքերի փոխանակման: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների դեսպանություններից որեւէ մեկը, սակայն, չի ներկայացել: Հետաքրքրություն են ցուցաբերել միայն երեք երկրների դեսպանություններ` Իտալիայի, Գերմանիայի եւ Սիրիայի: Բացի Իտալիայի դեսպանից, մյուսները լսողի դերում են եղել: «Այո, այսօր հետաքրքրություն են ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի ոչ անդամ երկրների դեսպանությունները, քանի որ նրանք եւս հետաքրքրված են խնդրի կարգավորմամբ: Շատ հետաքրքիր կլիներ, որ Մինսկի խմբի անդամ երկրների դեսպաններն էլ ներկա լինեին»,- «Ա1+»-ին ասել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Նա շարունակում է պնդել` առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության՝ արցախյան հիմնախնդիրը չի կարող կարգավորվել: Թեեւ հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում չկա «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, սակայն Ռ.Կիրակոսյանը համոզված է, որ Թուրքիան շարունակելու է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը կապել հայ-թուրքական հարաբերությունների հետ: «Արձանագրությունների վավերացման հետ կապված Թուրքիայում բարդություններն ավելի շատ են, իրավիճակն այնտեղ ավելի բարդ է»,- ասել է պարոն Կիրակոսյանը: Եթե նույնիսկ հայ-թուրքական սահմանը բացվի, ապա Ռիչարդ Կիրակոսյանը չի կարծում, որ այն ավելի շուտ կլինի, քան 2010թ. մարտը: