Մեծամասնությունը դեմ է

19/12/2009

Հայաստանի բնակչության մեծ մասը դեմ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական արձանագրություններին: Այդ մասին են վկայում «Մարդու իրավունքներ-96» կուսակցության` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ անցկացված սոցհարցման արդյունքները: Հարցումն անցկացվել է 600 քաղաքացիների շրջանում, եւ նրանց 49,5 տոկոսը դեմ է արտահայտվել արձանագրություններին: Կողմ է արտահայտվել 23,5 տոկոսը, իսկ 27 տոկոսը դժվարացել է պատասխանել: Հարցին, թե ո՞րն է Սերժ Սարգսյանի կողմից արձանագրությունների նախաձեռնության հիմնական պատճառը, 26,5 տոկոսը պատասխանել է` Հայաստանի տնտեսական վիճակի բարելավումը, 7,7 տոկոսը` տարածաշրջանում խաղաղության հաստատումը, 14,3 տոկոսը` 2008թ.-ի ընտրությունների հետեւանքները մոռացության մատնելը, 34,8 տոկոսը` որպես նախագահ իր միջազգային հեղինակության ամրապնդումը: Ի դեպ, հարցման մասնակիցներին հարցրել են՝ ինչո՞վ եք պայմանավորում արձանագրությունների դեմ ՀՅԴ գործունեությունը, եւ հարցվածների միայն 17,2 տոկոսն է պատասխանել` կուսակցության ազգային գաղափարախոսությամբ: 21,5 տոկոսը պատասխանել է` Սփյուռքի ճնշմամբ, 23.3 տոկոսը` ֆինանսավորման աղբյուրների կորստի վախով, 16,5 տոկոսը` Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը աջակցությամբ: