Ախպարները ողջունել են

19/12/2009

Վերջին 5 տարին ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած վարչության բոլոր որոշումները` կապված կառույցների լուծարման, հեռացման, անդամության կասեցման հետ, ՍԴՀԿ նորընտիր վարչությունը չեղյալ է հայտարարել` արդարությունը վերականգնելու նպատակով: Երեկ այդ մասին հայտարարել է ՍԴՀԿ ԿՎ անդամ Վահան Շիրխանյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ տարիներ առաջ ՍԴՀԿ այն համագումարում, որը ընտրել է վարչություն, Լյուդմիլա Սարգսյանը չի ընտրվել որպես վարչության անդամ, առավելեւս` ատենապետ, որովհետեւ նա ընդհանրապես կուսակցական չի եղել: Տիկին Սարգսյանն, ըստ Վահան Շիրխանյանի, կուսակցությունում եղել է ընդամենը տեխնիկական աշխատող, որին կուսակցության նախկին ատենապետ Ջորջ Հակոբյանը հանձնել է կնիքը, եւ նա 4 ամիս հետո իրեն հռչակել է ատենապետ` կնիքը ունենալով: «Կնիքը չարիք է»,- հայտարարել է Վահան Շիրխանյանը, միաժամանակ նկատելով, որ կնիքը միայն Լյուդմիլա Սարգսյանի համար է այդքան կարեւոր. շարքային հնչակյանների կամ կառույցների համար, ըստ Շիրխանյանի, նշանակություն չունի՝ կնիքը ում մոտ է. նրանք ընդունում են Ծաղկաձորում կայացած համագումարի արդյունքում ընտրված ղեկավար մարմնին եւ ատենապետին: Երեկվա ասուլիսին մասնակցող համահնչակյան ատենապետ Սեդրակ Աճեմյանը հաստատել է նրա խոսքերը` ներկայացնելով ՍԴՀԿ ԿՎ հայտարարությունը, որով ԿՎ-ն ողջունում է համագումարը եւ ընդունում նորընտիր վարիչ մարմնին: Ինչ վերաբերում է նրան, որ դեկտեմբերի 16-ի ՍԴՀԿ ընդլայնված վարչության նիստում վարչության որոշմամբ կուսակցությունից հեռացվել են Գեւորգ Պերկուպերկյանը, Արսեն Կուպելյանը, Նարեկ Գալստյանը եւ Վահան Շիրխանյանը, ապա վերջինս հայտարարել է. «Հայաստանի կազմակերպությունը ԿՎ անդամին հեռացնելու իրավունք չունի: Նույնիսկ, եթե Վարչությունը լիներ օրինական: Ինչ վերաբերում է մյուսներին, ՀՀ-ում այսօր իրեն վարչություն անվանող եւ ատենապետ անվանող կառույցը անօրինական է, հակականոնադրական է, եւ նրա որոշումներն անօրինական են»: Վահան Շիրխանյանն էլ ասել է, որ Սարգսյանի ղեկավարության ընթացքում համագումար չի հրավիրվել, իսկ վերջին համագումարում օրինական ընտրված վարչության 9 անդամներից այսօր մնացել է միայն 2-ը` Ալեքյանն եւ Գաբրիելյանը: «Մնացած անձինք ընտրված չեն եւ որոշումներ կայացնելու իրավունք, կանոնագրի համաձայն, չունեն»: Շիրխանյանը ասել է նաեւ, թե իրենք շարունակելու են համագործակցությունը ՀԱԿ-ի հետ, իսկ ՀԱԿ-ի վերջին հայտարարության կապակցությամբ, որ իրենք մինչեւ հարցի լուծումը ընդունում են Լյուդմիլա Սարգսյանին, նկատել է, որ իր տեղեկություններով, խորհրդի նիստում նման հայտարարություն անելու որոշում չի կայացվել: Երեկ լրագրողները Սեդրակ Աճեմյանին հարցրել են նաեւ՝ ինքն արդյո՞ք ունի բիզնես եւ վայելո՞ւմ է իշխանությունների աջակցությունը: Աճեմյանն ասել է, որ 2,5 տարի առաջ 5,7 մլն դոլարով գնել է հանգստյան տուն` անմխիթար վիճակում, որի համար այսօր 500 հազար դոլար անգամ չէր վճարի: Աջակցության վերաբերյալ էլ ասել է, թե արդեն տեւական ժամանակ 100 մետր տարածքով հանգստյան տուն տանող ճանապարհը սողանքից քանդվել է: «Եթե վայելում եմ իշխանության աջակցությունը, եթե կապեր ունեմ, ինչո՞ւ չեն վերանորոգում ճանապարհը»,- հուզված ասել է նա: