Ռեկետ՝ հնգամյակը մեկ

07/09/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

2002թ. դեկտեմբերին սկսվեց եւ 2005թ. օգոստոսի 22-ին ավարտվեց ինքնակամ
շինությունների օրինականացման գործընթացը: Ինքնակամ կառույցների
օրինականացման հանձնաժողովը քաղաքացիներից ստացել ու քննարկել է 43 հազար
560 հայտ, որից 33 հազարը ստացել է դրական պատասխան: Բայց կարեւորը սա չէ:

Առաջին հայացքից թվում է, թե քաղաքային իշխանությունները ժողովրդի համար
բարի գործ են կատարել՝ օրինականացնելով նրանց անօրինական կառույցները:
Այսպես են մտածում նաեւ ինքնակամ կառուցապատողները: Սակայն եթե գործերն
առանձին-առանձին ուսումնասիրվեն, կպարզվի, որ այդ ինքնակամներից շատերն
այնքան էլ ինքնակամ չեն: Կադաստրի Արաբկիրի տարածքային բաժնի մոտ մի ծեր
մարդ (անուններ չենք նշի) բախտակիցներին պատմում էր, որ իր տունը
կառուցելիս համայնքում ինչքան շահագրգիռ պաշտոնյա եղել է, իրենից կաշառք է
տարել:

«Ես ու կինս այս պետության համար աշխատել ենք 105 տարի,- պատմում էր նա:
-Սովետի ժամանակ մեզ տուն չեն տվել: Ես էլ որոշեցի ինքս կառուցել՝ 30-40
տարի առաջ էր: Ռայսովետից եկան, ժէկ-ից եկան, ով եկավ՝ տվեցի: Հիմա էլ
եկել են, թե դա քո տունը չէ, պիտի մեզ փող տաս, որ տունը քեզ տանք: Դրան
էլ համաձայնեցի: Հիմա էլ օրինականացնում են տան ու հողամասի կեսը: Մոտ 100
քմ հող էլ չեն սեփականացնում, որ հետո մեկ ուրիշի վրա ծախեն՝ մի տան տեղ
է»:

Ինքնակամների մեջ զգալի թիվ են կազմում ավտոտնակները: Քաղաքապետարանը
հայտարարել էր, որ մի ավտոտնակի օրինականացման համար կպահանջվի մոտ 50
հազար դրամ: Սակայն օրինական ու անօրինական տարբեր ծառայությունների համար
կատարվող գանձումների արդյունքում այդ թիվը 250 դոլարից անցավ: Սա՝
ավտոտնակի համար, իսկ տան կցակառույցի կամ օբյեկտի համար այդ թիվը հասնում
է մինչեւ 10 եւ ավելի միլիոն դրամի: Բայց դա էլ ոչինչ, եթե կառույցն
այդքանից հետո դառնար բնակչի սեփականությունը: Մինչդեռ այս ամբողջ
գործընթացն ու մուծումներն ընդամենը 5 տարվա համար էր եւ 5 տարի հետո
նորից կրկնվելու է նույն պատմությունը: Սա բյուջեն լցնելու պետական
յուրօրինակ ռեկետ է եւ քաղաքացու շահերն ու իրավունքները իր իսկ պետության
կողմից ոտնահարող գործընթաց: Սա հարցի մի կողմն է: Օրինականացման
գործընթացն այնքան անկազմակերպ էր, որ Կադաստրի տարածքային բաժիններում
դիմումներ էին ընդունվում մինչեւ օգոստոսի 22-ի ուշ գիշերը:
Քաղաքապետարանի ու Կադաստրի պաշտոնյաները բնականաբար շտապեցին մեղքը գցել
ժողովրդի վրա՝ ասելով, որ հայերը, իրենց «խասյաթի» համաձայն՝ գործը
հասցնում են վերջին օրվան:

«Դիմումս տվել եմ ապրիլին, – ասում է Արաբկիր համայնքի մի բնակիչ:
-Քաղաքապետարանից ասացին, թե 15 օրից հետո կգանք կչափենք: Անցավ՝ չեկան:
Նորից գնացի, ասացին՝ գնա՝ կգանք: Ու մինչեւ եկան, երկու ամիս անցավ: Ինձ
երեկ են զանգել ասել, որ այսօր կեսօրից հետո թղթերս բերեմ: Ե՞ս եմ
մեղավոր, որ բերել, հասցրել են վերջին օրվան»:

Կարծիք կա, որ օրինականացման վերջին ժամկետն օգոստոսի 22-ին նշանակելով
քաղաքային իշխանությունները հետաքրքիր հաշվարկ են արել: Մտածել են, որ այս
ամիսը շատ ծախսատար է՝ պահածոներ, դպրոցական ծախսեր, որոշ դեպքերում՝ նաեւ
թեթեւ հանգիստ, ու ինքնակամներն օրինականացնելու համար շատերի մոտ այլեւս
գումար չի մնա: Իսկ ուշացողների համար կան տուգանքներ ու, հնարավոր է,
նաեւ սակագների օրինական ու անօրինական թանկացումներ: