«Հայաստանի տնտեսությունը չմարսեց ցեմենտը»,- երկու օր առաջ ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։ Դժվար է ավելի դիպուկ ու ավելի պատկերավոր նկարագրել այն, ինչ կատարվել եւ կատարվում է մեր տնտեսության հետ։ Այսինքն՝ շինարարական փուչիկը, որով տարիներ շարունակ պարծենում էինք, պայթեց՝ շուրջբոլորը տարածելով լճացած ու պորտաբույծ տնտեսության հոտը։
Սրա հետ մեկտեղ՝ չի կարելի մոռանալ, որ այդ փուչիկը փչելու գործում ՀԲ-ն եւս իր ներդրումն ունի։ Ոչ միայն փչել են (կամ օգնել են փչել), այլեւ հետո՝ այլ միջազգային ֆինանսական կառույցների հետ ձեռք ձեռքի բռնած, պտույտներ են արել դրա շուրջը, ծափ տվել ու դիֆերամբներ ձոնել։ Եվ հիմա էլ, նշելով, որ մեր երկրում բիզնեսն ու իշխանությունը սերտաճել են, միջազգային կառույցները հույս են հայտնում, որ իշխանությունը «քաղաքական կամք կցուցաբերի» եւ կպայքարի օլիգոպոլիաների, կոռուպցիայի եւ այլ բացասական երեւույթների դեմ։ Այսինքն՝ ինքն իր դեմ։ Հավատո՞ւմ են արդյոք նրանք իրենց խոսքերին։ Իհարկե ոչ։ Պարզապես «գալոչկա» դնելու համար նրանց պետք է, որ ՀՀ իշխանությունները խոսեն այդ երեւույթների դեմ պայքարելու մասին, մի քանի երկար անուններով ծրագրեր իրականացնեն, մի քանի օրենք փոխեն ու վերջ։ Ոչ ոքի պետք չէ, որ Հայաստանում քաղաքական կամք ցուցաբերեն ու հաղթահարեն այդ խնդիրները։ Եթե նման բան տեղի ունենար, մենք միգուցե ամենեւին կարիք չունենայինք դիմել տարբեր միջազգային կառույցների օգնությանը։ Իսկ հիմա՝ կախված ենք դրսի պարտքերից։
Պետական պարտքի մասին
Երբ հասարակ մարդիկ տարակուսում են, թե պետական պարտքը մեծացել է, եւ դրա բեռը մնալու է իրենց եւ իրենց զավակների ուսերին, պաշտոնյաները գիտելիքների իրենց բարձունքից ներողամիտ ժպտալով եւ «տերմինախեղդ» անելով՝ սկսում են բացատրել, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը թույլատրելի սահմաններում է, որ եվրոպական շատ երկրներ մեզանից ավելի վատ վիճակում են գտնվում եւ այլն։ Իրականում, սա ճշմարտության հետ որեւէ կապ չունի, եւ իշխանություններին, ժողովրդի լեզվով ասած, «սխալ է հանում» հենց Համաշխարհային բանկը, որի խորհուրդներին մերոնք վերաբերվում են որպես Աստվածաշնչյան ճշմարտությունների։ Այսպես, 2 օր առաջ Ա. Վարուդակիսը կանխատեսել է, որ Հայաստանի արտաքին պարտքը 2011թ. կհասնի ՀՆԱ 50 տոկոսի սահմանագծին: Ընդ որում՝ նա նշել է, որ պարտքի ոչ արտոնյալ մասն ավելի մեծ չափով է աճել: Նույն օրը «Շանթի» եթերում Վարուդակիսը նշեց, որ մտահոգիչ է ոչ թե պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, այլ հարկերի հավաքագրման ցածր մակարդակը։ Համեմատվել եվրոպական երկրների հետ չի կարելի։ Նրանք ՀՆԱ-ի շուրջ 40%-ի չափով հարկեր են հավաքում եւ կարող են առանց մեծ լարվածության սպասարկել այդ պարտքը։ Հայաստանում այդ ցուցանիշը 18%-ի էլ չի հասնում։ Այնպես որ, եթե եվրոպական երկրների համար թույլատրելի է պետական պարտքի 50%-անոց շեմը, ուրեմն մեզ մոտ 25%-ից ավելին արդեն վտանգավոր է։ Ցավոք, հեռուստատեսային հարցազրույցում որեւէ մեկը չհիշեց, որ նույն ՀԲ ներկայացուցիչները երբ ժամանակին ասում էին, թե Հայաստանը ճգնաժամը դիմավորում է «ուժեղ դիրքերից», այդ «ուժեղի տակ» նշում էին նաեւ մեր պետական պարտքի ցածր մակարդակը։ Որեւէ հարց չհնչեց նաեւ այն մասին, թե ինչո՞ւ է ՀԲ-ն միայն հիմա հիշել մեր տնտեսության խոցելի կառուցվածքի մասին։
Պարզ ասած, տեղի է ունենում հետեւյալը։ Հայաստանը հսկայական գումարներ է վերցրել, որոնք պետք է վերադարձնի՝ տոկոսներով հանդերձ։ Բնականաբար, այդ գումարները վերադարձվելու են ոչ թե իշխանության ներկայացուցիչների անձնական ունեցվածքից, այլ բյուջեից, որը գոյանում է հիմնականում հարկերից ու տուրքերից։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ հարկերը բացարձակ թվով նվազում են։ Հետեւաբար՝ պետք է մեծացնել հարկերի հավաքագրումը։ Հենց դա էլ առաջարկում է Վարուդակիսը. Հայաստանը պետք է զգալիորեն բարելավի հարկային վարչարարությունն ու շատ հարկեր հավաքի, քանի որ 2012 թվականից դրանց զգալի մասն ուղղվելու է արտաքին պարտքի սպասարկմանը: Իսկ փորձը ցույց է տվել, որ հարկերի հավաքագրումն աճում է հիմնականում մանր ու միջին գործարարներին «քամելու» միջոցով՝ «ստվերի դեմ պայքար» հիասքանչ անվանման տակ։ Պարզ է նաեւ, որ պարտքի սպասարկմանն ուղղված միջոցները թույլ չեն տա զգալիորեն բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները. փողը չի հերիքի։ Այսինքն՝ պարտքի մարումը լինելու է նաեւ շարքային բյուջետային աշխատողների, կենսաթոշակառուների եւ նպաստառուների հաշվին։ Ամփոփելով, կարելի է նշել, որ իշխանությունների հավաստիացումներն այն մասին, որ պետական պարտքը չի մնալու շարքային քաղաքացիների ուսերին, իրականությանը, մեղմ ասած, չեն համապատասխանում։
«Զապաս» տրյուկի մասին
Վերջին շրջանում ուշադրության կենտրոնում է հայտնվել նաեւ արտարժույթի փոխարժեքի, ավելի ճիշտ՝ դրամի արժեւորման թեման։ Ոմանք նշում են, որ դա բնական, սեզոնային երեւույթ է՝ կապված ամանորյա ծախսերի հետ։ Ոմանք էլ պնդում են, որ Կենտրոնական բանկը միտումնավոր արժեւորում է դրամը՝ ներկրողների գերշահույթները ապահովելու համար։ Երկու դեպքում էլ տեսակետները տրամաբանությունից զուրկ չեն։
Ամեն դեպքում, շատերը գտնում են, որ Ամանորից հետո դրամը կսկսի արժեզրկվել։ Իրոք, ոչ մի պատճառ չկա, որ հակառակը տեղի ունենա։ Սակայն սա՝ միայն առաջին հայացքից։ Երկարաժամկետ հեռանկարում դրամը արժեւորելու համար իշխանությունները շատ լուրջ շարժառիթներ ունեն։ Պարզաբանենք, թե ինչու։
Ենթադրենք՝ ձեր ծանոթից վերցրել եք 1000 դոլար՝ ամանորյա ծախսերը հոգալու համար, եւ պետք է մի քանի ամսից վերադարձնեք։ Բնականաբար, դրամի եք փոխարկում այդ գումարը՝ օրվա կուրսով՝ 380 դրամով, եւ գնում խոզի բուդը, խմիչքն ու մյուս ատրիբուտները։ Հետո դոլարը սկսում է արժեզրկվել։ Երբ գալիս է պարտքը մարելու օրը, պարզում եք, որ դոլարն արժե 300 դրամ։ Եվ քանի որ ձեր եկամուտը ստանում եք դրամով, ապա 1000 դոլար գնելու եւ պարտատիրոջը վերադարձնելու համար դուք կծախսեք ոչ թե 380 հազար դրամ, այլ՝ 80 հազարով պակաս։ Ստացվում է՝ դրամային եկամուտ ունեցող մարդուն, որը արտարժույթով պարտք է վերցրել, ձեռնտու է դրամի արժեւորումը։
Գրեթե նույն մեխանիզմը գործում է պետության դեպքում։ Պարտքը վերցրել են դոլարով՝ 380 դրամ փոխարժեքի դեպքում։ Եվ քանի որ պետության եկամուտները գոյանում են հարկերից, այսինքն՝ դրամային են, հետեւաբար դրամի արժեւորման դեպքում բյուջեն ավելի քիչ բեռի տակ կընկնի։ Թվում է՝ ոչ մի վատ բան չկա։ Ավելին, որոշ «հնարամիտների» կարող է թվալ, որ «քցեցինք» պարտատերերին՝ էժան դոլար վերադարձնելով։ Սակայն պետության եւ սովորական քաղաքացու դեպքում կա մի մեծ տարբերություն։ Դոլարով պարտք տված հայաստանցին դրամի արժեւորման դեպքում տուժում է, քանի որ նրա 1000 դոլարը վերադարձի պահին ավելի քիչ արժեք ունի։ Մինչդեռ մեր երկրին պարտք տված երկրներն ու կառույցները տուժելու խնդիր չունեն. նրանք չգիտեն էլ դրամի մասին։ Իսկ ո՞վ է տուժում այդ դեպքում։ Իհարկե՝ հասարակ բնակչությունը։ Նրանք, ովքեր գոյատեւում են ռուսաստաններում ու ամերիկաներում աշխատող իրենց բարեկամների ուղարկած մի քանի հարյուր դոլարի հաշվին։ Այլ կերպ ասած՝ պետությունը փակում է անհասկանալի նպատակների համար վերցված արտաքին պարտքը՝ կլպելով դրսում սեւագործ աշխատանք կատարող խեղճուկրակ հայաստանցիներին։ Ու եթե սրան էլ գումարենք, որ դրամի արժեւորման արդյունքում տեղական արտադրությունը կորցնում է մրցունակ դառնալու միակ հույսը, ապա պարզ է դառնում, որ «քցեցինք» ոչ թե արտաքին աշխարհին, այլ՝ ինքներս մեզ։ Միգուցե նման բան տեղի չունենա, եւ կառավարությունը ձգտի իրո՛ք աշխուժացնել տնտեսությունն ու պարտքերը փակել՝ առանց խոցելի խավին վնաս պատճառելու։ Սա պարզապես իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակներից մեկն է։
Վերջում ավելացնենք, որ նման քաղաքականություն, ըստ էության, վարվել է մի քանի տարի շարունակ, ինչի արդյունքում դոլարը 590 դրամից արժեզրկվեց մինչեւ 300 դրամ։ Եվ եթե մեր տնտեսությունը չմարսեց ցեմենտը, ապա իշխանությունները լա՜վ էլ մարսեցին իրենց «քաղաքականության» արդյունքները։ Ի դեպ, այսօր բուռն քննադատելով շինարարության եւ տրանսֆերտների վրա հիմնված մեր խոցելի տնտեսությունը՝ իր քաղաքականության արդյունքը փորձում է մարսել նաեւ ՀԲ-ն։ Իսկ մեզ մնում է գուշակել, թե, այնուամենայնիվ, ո՞ւմ մեղքով ենք մենք այսքան «ուժեղ դիրքերում» հայտնվել՝ մեր փառահեղ, երկնիշ տնտեսական անկմամբ հանդերձ։