– Ի՞նչ վիճակում է այսօր գտնվում Հայաստանը մրցունակության տեսակետից՝ այլ երկրների, հատկապես հարեւանների համեմատ, եւ ի՞նչ միտումներ են նկատվում այս առումով վերջին տարիներին:
– Միջազգային մակարդակով մրցունակության գնահատման լավագույն ցուցիչը հրապարակվում է համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից: Արդեն 5-րդ տարին է, ինչ ՀՀ-ն ուսումնասիրվող երկրների ցանկում է: Մեր կենտրոնը` «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը, օգնում է Համաշխարհային տնտեսական ֆորումին` դասակարգելու ՀՀ-ն այդ զեկույցում: Համաձայն 2009թ.-ի զեկույցի` Հայաստանը 133 երկրների շարքում 97-րդ տեղում է: 2005թ.-ին Հայաստանը 79-րդ տեղում էր 117 երկրների շարքում: Այսինքն` վերջին 4-5 տարիներին նկատվում է մի երեւույթ, որ կարող ենք անվանել աճի եւ մրցունակության պարադոքս: Այսինքն` ՀՀ-ն եզակի երկրներից է, որ գրանցում էր շատ բարձր տնտեսական աճ` միեւնույն ժամանակ գրանցելով հետընթաց մրցունակության առումով: Սա խոսում էր այն մասին, որ աճի ապահովման կայուն աղբյուրների խնդիր կա: 2009-ին ՀՀ-ում գրանցվելու է աշխարհի ամենամեծ անկումներից մեկը, թեեւ 2009-ի ցուցիչով մրցունակության անկումը կանգնել է, այսինքն` նույն տեղում ենք, ինչ 2008-ին էինք: Սա նշանակում է որ ֆունդամենտալ գործոնների հետ փոփոխություններ դեռեւս տեղի չեն ունեցել:
– Ճգնաժամը որքանո՞վ ազդեց Հայաստանի տնտեսության մրցունակության վրա:
Մրցունակությունը շատ ավելի ֆունդամենտալ գաղափար է, քան, ասենք, տնտեսական աճի ինդիկատորները, եւ հիմա շատ դժվար է գնահատել, թե ճգնաժամը ինչ ազդեցություն թողեց մրցունակության վրա: Բայց ճգնաժամը ավելի ակնառու ձեւով ցույց տվեց այն ֆունդամենտալ խնդիրները, որ մեր տնտեսությունում առկա էր եւ քողարկվում էր երկնիշ տնտեսական աճի պայմաններում: Կուզենայի անդրադառնալ հատկապես մեր տեխնոլոգիական զարգացվածությանը եւ ինովացիոն գործունեությանը, որը մեր կենտրոնի կողմից վերջերս հրատարակված Ազգային մրցունակության զեկույցի թեման է: Մենք շատ ենք հետ մնում տեխնոլոգիական զարգացվածության մակարդակով: Բարձր տեխնոլոգիական արտադրանքը շատ չնչին մասն է կազմում ոչ միայն մեր արտահանման, այլ նաեւ ներմուծման կառուցվածքում: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, ի դեպ, տեխնոլոգիական սեկտորը ամենաքիչը տուժեց: Այսինքն` մենք տեսնում ենք ցանկալիի եւ իրականության չափազանց մեծ շեղում, քանի որ, համենայնդեպս, պետական մակարդակով հայտարարվել է, որ գիտելիքահենք տնտեսությունը այլընտրանք չունի: Ինովացիոն ակտիվությունը եւս շատ ցածր է: Օրինակ` ինովացիոն գործունեության զարգացման վրա ուղղվող գումարների առումով բավականին հետ ենք մնում: Ընդհանուր առմամբ դեռեւս կա պահպանված պոտենցիալ, որ կարելի է օգտագործել զարգացման համար, բայց այդ պոտենցիալը մի քանի տարի հետո այլեւս չի լինի: Այսինքն` մի քանի տարի հետո մենք գիտելիքահենք տնտեսություն ստիպված կլինենք կառուցել նույն ձեւով, ինչ, ասենք, Աֆրիկյան երկրները, որոնք երբեւէ չեն ունեցել գիտատեխնիկական պոտենցիալ ու ժառանգություն: Խնդիրներ շատ կան նաեւ շուկաների արդյունավետության, ֆինանսական համակարգի զարգացման հետ կապված: Մենք շատ ենք խոսում հանրային ինստիտուտների թերությունների, օրինակ` դատական համակարգի անկախության (որով մենք աշխարհում ամենավերջին տեղերում ենք), կառավարության ծախսումների էֆեկտիվության մասին, բայց շատ խնդիրներ ունենք նաեւ մասնավոր գործարարության ոլորտում, մասնավորապես` ընկերությունների կողմից կառավարման ժամանակակից գործիքների օգտագործման, մարքեթինգային գործիքների օգտագործման, պատվիրակման, սեփականության եւ կառավարման ֆունկցիաների տարանջատման հետ կապված:
– Այս ճգնաժամը ի վերջո նպաստե՞ց նրան, որ առավել ցայտուն դարձած այդ խնդիրները լուծվեն: Այսինքն` դասեր քաղո՞ւմ ենք մենք ճգնաժամից:
– Ճգնաժամը ռադիկալ ռեֆորմների համար լավագույն ժամանակն է, քանի որ խնդիրներն ակնհայտ երեւում են, եւ փոփոխություններ անելու մոտիվացիա կա: Իմ կարծիքով՝ այս առումով մենք արդեն ուշացել ենք, 2009-ին հենց լրջագույն փոփոխություններ պետք է արվեին: Կարծում եմ՝ մի հիմնարար խնդիր կա, որի չլուծման պայմաններում, տնտեսական քաղաքականությունը միշտ լինելու է արձագանքող ու խարխափող, այն է` զարգացման տնտեսական մոդելի անհասկանալի լինելը: Այսինքն` ինչ մոդելով ենք կարողանալու ապահովել մրցունակություն: Եթե այդ մոդելը պետք է կառուցվի այն ենթադրության վրա, որ պետք է ունենանք լավ տրանսպորտային կոմունիկացիաներ, բաց սահմաններ, եւ դրան այլընտրանք չկա, ապա նորից մեզ դնելու ենք շատ խոցելի դրության մեջ, քանի որ այդ կոմունիկացիաների վերահսկման հնարավորություն չունենք: Մեր մոդելը պետք է ելնի նրանից, որ ունենք աշխարհի հետ հաղորդակցման համար վատ կոմունիկացիաներ: Իհարկե, բարդ է այս պայմանների համար զարգացում ապահովող տնտեսական մոդել գտնել, բայց անհնար չէ: Ինչպես ընկերություններն են ունենում ստրատեգիական պլան, երկիրն էլ պետք է ունենա ստրատեգիական պլան եւ, զարգացման տարբեր սցենարների պարագայում, գործողությունների տարբեր տրամաբանություն: Եվ այդ պարագայում արտաքին տնտեսական շոկերին դիմագրավելն ու ռեֆորմները այդ պլանի շրջանակներում չի իրականացվում օպերատիվ ռեժիմում, այլ՝ երկիրն ավելի պատրաստ է լինում: Կարծում եմ՝ բարեփոխումների փորձեր այս կառավարությունը անում է, բայց այդ մոդելի բացակայության պարագայում ամեն ինչ ավելի շատ իրավիճակային է ստացվում: Այսինքն` նոր մոդելի բացակայության պարագայում նորից ամեն ինչ գնում է նրան, որ երբ նավթի գները շարունակեն բարձրանալ, Ռուսաստանում իրավիճակը բարելավվի, տրանսֆերտները շարունակեն աճել, դարձյալ ունենանք որոշակի սպառման աճ, շինարարության աճ, տնտեսության աճ: Բայց շատ կարճ ժամանակամիջոցում դարձյալ կարող ենք տնտեսական շատ մեծ անկում ունենալ զուտ այն պատճառով, որ դրսում ինչ-որ ցնցումներ են տեղի ունենում: