Գարիկ Իսրաելյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, Կանարյան կղզիների «Աստղաֆիզիկայի եվրոպական հաստատության» հաստիքային հետազոտող եւ տարբեր նախագծերի ղեկավար: Նրա ամենանշանակալի աշխատությունները լույս են տեսել հանրահայտ «Nature» գիտական հանդեսում եւ գիտական աշխարհահռչակ այլ ամսագրերում: Տիեզերքում սեւ խոռոչների գոյացման մասին Ջոն Մայքլի նախնական գաղափարի հայտարարումից 200 տարի հետո Գ. Իսրաելյանը ղեկավարեց մի աշխատախումբ, որն ապացուցեց սեւ անցքերի առաջացման սուպերնովա պայթյունների հիմնարար դերը, ինչը պրոֆեսոր Հանս Բեթհեի (ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր) գնահատմամբ` «վերջին տասնամյակի կարեւորագույն հայտնագործությունն է աստղաֆիզիկայում»: ՀՀ-ից նա մեկնել է 1993թ.: 1996թ. աշխատանքի հրավեր ստացավ Կանարյան կղզիների «Աստղաֆիզիկայի եվրոպական հաստատության» կողմից: Այս հաստատությունը աստղաֆիզիկայի բնագավառում 3-րդ կարեւոր կենտրոնն է աշխարհում: Իսկ մինչ Իսպանիա մեկնելը, Գ. Իսրաելյանն աշխատել է նաեւ Բելգիայի, Սիդնեյի, Հոլանդիայի, Նիդեռլանդների համալսարաններում: 2002թ. Կանարյան կղզիների իշխանությունները Գարիկ Իսրաելյանին պարգեւատրեցին պատվո շքանշանով, իսկ Իսպանիայի Խուան Կառլոս թագավորը հայ գիտնականին շնորհեց պատվավոր քաղաքացու կոչում եւ հատուկ կարգավիճակ այդ երկրում:
– Ինչո՞ւ մեկնեցիք Հայաստանից:
– Գիտության զարգացման համար պայմաններ չկային: Երեւի բոլորն էլ հիշում են այդ մութ ու ցուրտ տարիները: Դժվարին ժամանակներ էին:
– Իսկ դրսում գիտնականի համար ինչպիսի՞ պայմաններ կան:
– Արտակարգ պայմաններ կան: Այնտեղ, որտեղ ես աշխատում եմ, աշխարհում գիտնականի համար ստեղծված գիտական լավագույն հաստատություններից մեկն է: Կարելի է ասել, որ այնտեղ գիտնականի համար ստեղծում են անգամ անհնարինը: Իհարկե, Եվրոպայում ամեն տեղ չէ, որ այդպիսի պայմաններ են ստեղծվում, ինչպես մեր կենտրոնում: Այնտեղ գիտնականը ցանկացած ժամանակ ցանկացած միջազգային կոնֆերանսի կարող է մասնակցել: Գիտնականը ասպիրանտների խնդիր չունի, եւ նրանց ինչ-որ կոնֆերանսի ուղարկելու համար ստիպված չի լինում գումարներ հայթայթել, քանի որ ֆինանսների մասին հոգում է կենտրոնը, եւ ամեն ինչ նախապես պատրաստ է լինում: Համակարգչային որեւէ խնդիր չի լինում: Աստղագիտության մեջ մենք շատ ենք օգտագործում ծրագրեր, որոնք, ի դեպ, անընդմեջ փոփոխվում են: Յուրաքանչյուր գիտական կենտրոն կամ ինստիտուտ պետք է ունենա լավ ծրագրավորողներ, ովքեր միշտ պետք է լինեն գիտնականի կողքին: Մենք ունենք աննախադեպ համակարգչային կենտրոն, որտեղ աշխատում է մոտ 30 ծրագրավորող: Նրանք աշխատում են գիտնականների համար, ովքեր ցանկացած պահին խնդիրներ ունենալու դեպքում անմիջապես դիմում են ծրագրավորողներին: Համակարգչային կենտրոն ունենալը շատ կարեւոր է: Ես ինքս աշխատելով տարբեր համալսարաններում` հիշում եմ, թե որքան մեծ դժվարությունների առջեւ էինք կանգնում, եւ անսարքության դեպքում ստիպված էինք լինում սպասել շաբաթներով: Իսկ դա պարզապես ժամանակի կորուստ է: Կարեւորագույն պայմաններից մեկն էլ այն է, որ գիտնականը կարող է ազատորեն իր հոդվածները տպագրել համաշխարհային հայտնի հանդեսներում: Իսկ հոդված տպելը ենթադրում է մեծ գումարներ: Ամսագրեր կան, որտեղ մեկ էջի համար գիտնականը պետք է վճարի ամենաքիչը $300: «Աստղաֆիզիկայի եվրոպական կենտրոնում» գիտնականները նաեւ այդ հնարավորություններն ունեն: Ծախսերը հոգում է ինստիտուտը, որի տարեկան բյուջեն շուրջ 18 մլն եվրո է: Դա է պատճառը, որ գիտնականների հնավորությունները շատ են: Ինչպես գիտեք, աստղագիտության մեջ գործիքները բավական թանկ են: Ընդհանրապես այսօր աստղադիտակ աշխատեցնելը թանկ հաճույք է: Դրա համար անհրաժեշտ են ինժեներներ, տեխնիկական աշխատակիցներ: Ավելին, երբ ինստիտուտն ինչ-որ նոր գործիք է գնում, մտածում է, թե հաջորդ նորությունը ե՞րբ է լինելու: Իսկ այդ գործիքները մեծ գումարներ արժեն` միլիոնավոր եվրոներ: Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտում մոտ 60 ինժեներ է աշխատում` օպտիկներ, էլեկտրոնիկայի, մեխանիկայի ինժեներներ: Կա օպտիկայի հսկայական լաբորատորիա, էլեկտրոնիկայի լաբորատորիա, թելիկավոր օպտիկայի լաբորատորիա եւ այլն: Այնտեղ անգամ ադմինիստրատիվ խնդիրներն են շատ արագ լուծվում: Այնպես որ, գիտնականի համար բոլոր պայմանները ստեղծված են:
– Ծանո՞թ եք` ինչպիսի պայմաններում են այսօր աշխատում մեր գիտնականները:
– Հայաստանում գիտնականը պարզապես չունի պայմաններ: Խնդիրը միայն աշխատավարձը չէ: Եթե նույնիսկ հիմա Հայաստանում սկսեն յուրաքանչյուր գիտնականի ամիսը 1մլն դոլար աշխատավարձ տալ, միեւնույն է, դրանից բան չի փոխվի: Որովհետեւ, որպեսզի թերեւս գիտությամբ զբաղվի, նրան անհրաժեշտ են դիտակներ, լավ տեխնիկա, երկրորդ` նրանք պետք է գտնվեն, այսպես ասած, ֆրոնտում, այսինքն` հետեւեն թեմայի վերջին զարգացումներին: Դա նույնն է, ինչ պատերազմի ժամանակ առաջին գիծ հասնելը: Իսկ առաջին գիծ հասնելու համար պետք է ժամանակ, որը, բնականաբար, մի օրում չի լինում: Այդ ժամանակին հասնել է պետք: Իհարկե, շատ գիտնականներ կարող են հասնել ֆրոնտին, շատերը` ոչ:
– ՀՀ-ում տեղաշարժեր չե՞ք նկատում:
– Ցավով պետք ասեմ, որ Հայաստանում սերունդների միջեւ անջրպետ է նկատվում: Երեւի մենք վերջին սերունդն էինք: Հիմա կարծես ուզում են նորերը գալ, բայց այդ նոր եկողների համար պետք է պայմաններ ստեղծել:
– Ո՞վ է գիտնականը Եվրոպայում:
– Եվրոպայում գիտնականը մեծ հարգանք ունի: Մեզ մոտ կան գործնական հարցեր, որոնց հետ շարքային քաղաքացին առնչվելիս` լուրջ խնդիրների առջեւ է կանգնում: Իսկ գիտնականի առջեւ բոլոր դռները միանգամից բացվում են, խնդիրները` լուծվում: Գիտնականները նրանց համար դառնում են, այսպես ասած, աստվածներ:
– Մեզ մոտ օլիգարխներն են այդ, այսպես կոչված, աստվածները, որոնց առջեւ բոլոր դռները բաց են:
– Եվրոպայում օլիգարխիայի մենթալիտետ չկա, կամ էլ մենք ենք` գիտնականներս: Նույնիսկ քաղաքական գործիչները կարող են թղթաբանական լուրջ խնդիրների առջեւ կանգնել, սակայն բոլորովին այլ է գիտնականների դեպքում: Անգամ լրագրողներն են գիտնականներին «լավ աչքով» նայում: Միգուցե նաեւ այն պատճառով, որ լրագրողները հիմնականում բան չեն հասկանում գիտությունից: Նրանք գիտեն, որ երկու բառ սխալ ասելու դեպքում կտապալվեն: Իսկ քաղաքականության մեջ մտնում են, որովհետեւ կարողանում են գլուխ հանել: Երբ գիտնականը որեւէ բան է ասում, լրագրողը բառառբառ այն գրում է: Դա մեզ շատ է օգնում:
– Այսինքն` փառք Աստծո, որ լրագրողները բան չեն հասկանում գիտությունից:
– Իսկապես` փառք Աստծո: Մեր ինստիտուտում կա մամլո ծառայություն, եւ գիտնականը որեւէ հայտնագործության դեպքում տեղեկացնում է այդ ծառայությանը, իսկ նրանք էլ ժողովրդին հասկանալի-մատչելի լեզվով տեղեկատվություն են փոխանցում ԶԼՄ-ներին: Ընդհանրապես լրագրողների համար շատ դժվար է գիտական գործ ներկայացնելը: Ես ինքս մատների վրա կարող եմ հաշվել, թե աշխարհում քանի լրագրող կարող է գիտական որեւէ աշխատության, հայտնագործության մասին գրել: Դա պահանջում է առնվազն նվազագույն գիտելիք ոլորտի մասին եւ բարձր պրոֆեսիոնալիզմ:
– Կպատմե՞ք նաեւ Ձեր վերջին աշխատանքի մասին: Վերջերս միջազգային առաջատար բոլոր գիտական եւ հանրային ԶԼՄ-ները Ձեր հայտնագործության մասին էին պատմում:
– Արդեն 10 տարի է` մենք աշխատում ենք մի նախագծի վրա: Իհարկե, դա մեր նախագծերից մեկն է: Փորձում ենք հասկանալ, թե ինչո՞վ են տարբերվում մոլորակ ունեցող աստղերը մոլորակ չունեցող աստղերից: Որքան խորանում ենք այդ թեմայի մեջ, այնքան հասկանում ենք, որ աստղերի մոտ 80-90%-ն ունեն մոլորակներ: Սկզբից այդ թիվը հասնում էր 5%-ի, մինչդեռ հիմա բարձրացել է 60%-ի: Խոսքը մեծ մոլորակների մասին է, իսկ մի քիչ փոքրը` Երկրի զանգվածից 20-30 անգամ մեծ է: Տվյալները ցույց են տալիս, որ որքան մոլորակի զանգվածը պակասում է, այնքան աստղերի թիվը շատանում է: Ըստ երեւույթին` կան շատ աստղեր, որոնք Երկրի նման մոլորակներ ունեն, բայց Յուպիտերի նման մոլորակներ չունեն: Կարծում եմ` վերջում հենց այս եզրակացությանն էլ կհանգենք, որ աստղերի մեծ մասն ունեն Երկրի նման մոլորակներ, բայց չունեն Յուպիտերի նման մոլորակներ: Դա մի 5 տարի հետո կիմանանք: Համենայնդեպս, էվոլյուցիան դրան է տանում: Մեր խնդիրն այն է, որ հասկանանք, թե ինչո՞վ են տարբերվում մոլորակ ունեցող աստղերը: Դրա համար մենք վերցնում ենք երկու աստղ, որոնք թե՛ զանգվածով, թե՛ ամեն ինչով նույնն են, եւ համեմատում ենք այն աստղերի հետ, որոնք մոլորակներ ունեն, եւ աստղերի, որոնք մոլորակներ չունեն: Մինչ օրս պարզել ենք, որ այն աստղերը, որոնք Յուպիտերի նման մասիվ մոլորակներ ունեն` ավելի շատ մետաղներ ունեն` մոտ 2 անգամ շատ, քան այն աստղերը, որոնք մոլորակներ չունեն: Հիմա, եթե չխոսենք Յուպիտերի նման մոլորակներից, այլ խոսենք Երկրի նման մոլորակների մասին, ես այդ նույն բանը չեմ կարող ասել: Ես չգիտեմ, թե Երկրի նման մոլորակ ունեցող աստղերը որքան են, որովհետեւ դեռ մի հատ չենք էլ գտել: Ամենափոքր մոլորակը, որ գտել ենք, Երկրի զանգվածից 2 անգամ ավելի է, բայց գտնվում է մի այնպիսի աստղի շուրջ, որն արեւից մի քանի անգամ փոքր զանգված ունի: Իսկ արեւի նման մոլորակի շուրջ Երկրի նման մոլորակներ դեռ չենք գտել: Թերեւս դա կքննենք մի քանի տարի հետո: Իսկ ինչպե՞ս համեմատենք` արդյո՞ք այդ աստղերը տարբերվում են մյուսներից, թե՞ ոչ: Նախ սկսել ենք ուսումնասիրել դրանց քիմիական բաղադրությունը: Շատ աշխատանքներ ենք կատարել քիմիական էլեմենտներով: Հատկապես հետաքրքիր էր այս վերջին աշխատանքը, որովհետեւ գտանք լիթիումը, որն, ի դեպ, օգտագործվում է սովորական մարտկոցների մեջ: Այդ էլեմենտի բաղադրությունն այն աստղերի շուրջ, որոնք մոլորակներ ունեն, շատ ավելի պակաս է, քան այն աստղերի մոտ, որոնք էլեմենտներ չունեն: Ես կրկին խոսում եմ մասիվ մոլորակների մասին: Բայց ո՞րն է դրա պատճառը: Մենք եկել ենք այն համոզման, որ դա կապ ունի աստղերի պտտման հետ: Երբ աստղերի շուրջ մոլորակային համակարգություններ են առաջանում, այդ աստղերի պտտման էվոլյուցիան լրիվ տարբերվում է այն մոլորակներից, որոնք իրենց շուրջ մոլորակներ չեն առաջացնում: Ինչո՞ւ: Որովհետեւ պտտման էներգիան, որը մենք անվանում ենք մոմենտ, մնում է մոլորակների մեջ: Պտտման էներգիայի մեծ մասը մոլորակները տանում են, եւ աստղի մեջ շատ քիչ է մնում: Հիմա եթե վերցնենք արեգակնային համակարգությունը` արեգակի զանգվածը մոտ 99% է, մոլորակները 5%-ից էլ քիչ զանգված ունեն իրենց մեջ, պտտման էներգիան մոլորակներն են տանում, եւ արեւը շատ քիչ էներգիա ունի, թեեւ արեւը զանգվածով մեծ է: Այսինքն` ամբողջ էներգիան մոլորակների մեջ է: Իսկ լիթիումն այն էլեմենտն է, որը շատ զգայուն է աստղի պտույտի նկատմամբ: Լիթիումի բաղադրությունը մթնոլորտում` աստղի պտույտների արագությունից կարող է փոխվել: Այդ առումով դա միակ էլեմենտն է: Նույնը չենք կարող ասել երկաթի մասին, որի համար պտույտի արագությունը որեւէ բան չի փոխում: Իսկ լիթիումը միակ զգայուն էլեմենտն է, որի միջուկները բարձր ջերմամիջուկային ռեակցիաների ժամանակ կարող են տրոհվել:
– Ադրբեջանը մեծ գումարներ է սկսել ներդնել գիտության մեջ, նույնիսկ ժամանակակից աստղացուցարան են մտադիր կառուցել: Այնինչ Դուք վաղուց էիք մտադիր ՀՀ իշխանություններին նման առաջարկ անել: Արդեն արե՞լ եք առաջարկը:
– Դեռ չեմ խոսել այդ մասին, բայց շատ կարեւոր է, եթե ոչ հրատապ, Երեւանում ժամանակակից աստղացուցարանի կառուցումը: Եթե մենք համարում ենք Հայաստանը աստղադիտարանի երկիր, ապա Երեւանում աստղացուցարան չտեսնելը հավասար է Փարիզում Էֆելյան աշտարակ չտեսնելուն: Այո, Բաքվում ժամանակակից աստղացուցարան է կառուցվում, այն դեպքում, որ մեր հարեւան երկիրը երբեք աչքի չի ընկել աստղագիտության բնագավառում: Աստղացուցարանն այն այբուբենն է, որը պետք է հազարավոր մարդկանց (հատկապես դպրոցականներին)` սովորեցնելու համար մոլորակների, սեւ խոռոչների եւ ընդհանրապես բնության մասին: Աշխարհում չկա մի այնպիսի մայրաքաղաք, որտեղ չլինի աստղացուցարան: Դա շատ կարեւոր կրթական օջախ է: Դեռեւս, իհարկե, չեմ քննարկել այդ հարցը ՀՀ իշխանությունների հետ, բայց համոզված եմ` Հայաստանի նախագահը կաջակցի այս նախագիծն առաջ տանելուն: Խոսքը 2-3 մլն դոլար արժեքով ժամանակակից աստղացուցարանի մասին է: Իհարկե, լավ կլիներ, որ մի քայլ առաջ գնայինք եւ կառուցեինք IMAX կենտրոն, որտեղ հնարավորություն կլիներ դիտել նաեւ 3D ֆիլմեր: Թե՛ աստղացուցարանը, թե՛ IMAX-ը կարող են հետաքրքրել նաեւ գործարար մարդկանց, քանի որ այս նախագծերի մեջ գումար ներդնելով՝ կարելի է մեծ եկամուտ ստանալ: Ամեն դեպքում փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի նման երկրներում նախագծերն առաջընթաց չեն ունենում առանց պետության աջակցության: Հաճելի է տեսնել, որ ՀՀ կառավարությունը եւ հատկապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոնկրետ քայլեր են անում հանրապետությունում գիտակրթական առաջընթաց ապահովելու համար (օրինակ` Երեւանում Վիկտոր Համբարձումյանի արձանի բացումը եւ նրա անվամբ մրցանակը շատ կարեւոր էին): Կարծում եմ` աստղացուցարանի առաջարկը պետք է հետաքրքրի Կառավարությանը: Ինքս պատրաստ եմ այդ հարցում աջակցել: Անդառնալի կորուստ է, որ Համբարձումյանի երկրում մարդկանց 90%-ն այսօր չի կարող ասել, թե աստղն ինչո՞վ է տարբերվում մոլորակից, կամ Գալակտիկան ինչո՞վ է տարբերվում միգամածություններից: Մենք 21-րդ դարում ենք եւ մեզ կոչում ենք զարգացած ժողովուրդ: Ցանկացած եվրոպական երկրում, ըստ հարցումների արդյունքների, մարդկանց միջին մակարդակը աստղագիտության մեջ շատ բարձր է, իսկ Հայաստանում շատ ցածր է: Աստղադիտարանը հենց այն կրթական աղբյուրն է, որը շատ կարճ ժամանակում կփոխի այդ իրավիճակը: