Օսլոյում կայանալիք «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթին մասնակցելու համար հայաստանյան կազմկոմիտեն հայտարարել է նախընտրական փուլի հայտերի ընդունում: Նախընտրական փուլին ներկայացված հայտերից մինչեւ փետրվարի 10-ը կընտրվեն 10 երգեր, որոնք իրավունք կստանան մասնակցելու հեռուստատեսային նախընտրական փուլին: Այս փուլի համար Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը կընտրի ժյուրի, որը երգի երաժշտությունը, խոսքերը, ինչպես նաեւ կատարողի վոկալ տվյալները կգնահատի 20-բալանոց համակարգով` փակ գաղտնի քվեարկությամբ: Ընտրված լավագույն 10 ստեղծագործությունները 2010-ի փետրվարի 10-15-ը կներկայացվեն հեռուստատեսային փուլում, որի քվեարկությունն իրականացվելու է հեռուստադիտողների եւ ժյուրիի կողմից՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ: «Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթի կանոնների համաձայն` յուրաքանչյուր ստեղծագործության բեմական ներկայացման ընթացքում բեմի վրա կարող են գտնվել առավելագույնը վեց մարդ: Բեմում կենդանիներն արգելված են: Արգելված են նաեւ քաղաքական, ազգայնական ու շովինիստական, ռասիստական ու մարդու իրավունքները խախտող, լուտանք պարունակող արտահայտությունները, ժեստերը եւ գործողությունները: Բացի այդ, ներկայացվող ստեղծագործությունները մինչեւ 2009 թ.-ի հոկտեմբերի 1-ը չպետք է հրապարակված կամ ներկայացված լինեն հանրությանը: Ստեղծագործությունների տեւողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն: Երգի բառերը կարող են լինել ոչ միայն հայերեն, այլեւ եվրոպական ցանկացած լեզվով: Հայաստանյան նախընտրական փուլին կարող են մասնակցել ինչպես անհատ կատարողներ, այնպես էլ դուետներ եւ խմբեր՝ վեցից ոչ ավելի մասնակցով: Հայտերը Հանրային հեռուստաընկերությունն ընդունում է մինչեւ 2010թ. փետրվարի 1-ը: