Օգոստոսի 21-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած կարկուտն ահավոր վնաս է
հասցրել խաղողի այգիներին: Բերքահավաքին մնացել էին ընդամենը հաշված օրեր,
ու կարկուտից ամբողջությամբ վնասվել են մարզի հատկապես Լուսառատ գյուղի
այգիները: Լուսառատը հայտնի է որպես հանրապետության ամենաբերքատու
գյուղերից մեկը, ունի Ռկացիտելի, Հայաստան, Կագոր տեսակի 180 հա խաղողի
այգիներ: Գյուղապետ Հայկազ Տերտերյանի ասելով՝ այս տարի սպասում էին մոտ
2700 տոննա խաղող: Սակայն կարկուտը փչացրել է բերքի ուղիղ կեսը, իսկ մյուս
կեսն էլ, գյուղապետի կարծիքով, արդեն կոչնչացնեն փչացած խաղողի վրա
հավաքված ճանճերն ու մոծակները: Խաղողից բացի, շարքից դուրս են եկել նաեւ
որթերի մոտ 5300 երկաթբետոնե հենասյուները: Պարոն Տերտերյանի տեղեկացմամբ՝
հենասյուների արտադրություն Հայաստանում չկա, հատը 600 դրամով բերվել է
Ղարաբաղից: Հիմա արդեն այդ տարբերակն էլ չկա, իսկ մեր շինարարներին
ձեռնտու չէ հենասյուն արտադրելը: Լուսառատի գյուղացիներն ուզում են, որ
կառավարությունը որոշում ընդունի գյուղատնտեսության ոլորտի համար
անհրաժեշտ հենասյուների արտադրությունն ազատել ավելացված արժեքի հարկից,
որպեսզի շինարարները շահագրգիռ լինեն դրանք արտադրել: Հակառակ դեպքում,
խաղողագործը կանգնելու է անելանելի վիճակի առաջ. ներկրվող հենասյունն
արդեն արժե 1000 դրամ: Իսկ 1 հա խաղողի այգուն անհրաժեշտ է 550 հենասյուն:
Լուսառատում մեկ տնտեսությունը միջին հաշվով ունի մոտ 7000 քմ այգի: