Ամենազոր ինտերնետը

19/12/2009

«You tube» կայքը լայն դաշտ է բացում ստեղծագործական ջիղ ունեցող մարդկանց համար, քանի որ, ինչպես պարզվել է, այդ կայքի օգնությամբ են հսկա կինոընկերությունները նոր գաղափարներ ու հեղինակներ գտնում: Ուրուգվայցի Ֆեդե Ալվարեսն ընդամենը մեկ ամիս առաջ է կայքում տեղադրել իր արտադրության կարճ անիմացիոն հոլովակը, եւ հիմա արդեն Հոլիվուդյան խոշոր ընկերությունից 30 մլն դոլար բյուջե ունեցող լիամետրաժ մուլտֆիլմ նկարահանելու առաջարկ է ստացել: Նրա 4 րոպեանոց հոլովակը, որը պատկերում է, թե ինչպես են երկաթակուռ ռազմական ռոբոտներն աշխարհի երեսից ջնջում Մոնտեվիդեոն, շատ է դուր եկել հայտնի ռեժիսոր Սեմ Ռեյմիին («Մարդ-սարդի» հեղինակին), ով էլ համագործակցության առաջարկ է արել ուրուգվայցի երիտասարդին: Այդ հոլովակը հասցրել է 2 մլն մարդ դիտել, եւ հոլովակի տեղադրումից ընդամենը մեկ օր անց հեղինակի էլեկտրոնային փոստը «կախվել» է (այնքան շատ են եղել առաջարկները): Ալվարեսը, ով ընտրել է ամենահեռանկարային առաջարկը, ասել է. «Եթե ես կարողացա, ուրեմն յուրաքանչյուրն էլ կարող է»: Ինտերնետը դառնում է մի դաշտ, որտեղ իրականանում են երազանքները, այսպիսով` «Ով ոչինչ էր, կարող է դառնալ ամեն ինչ» կարգախոսը միջազգային տարածում է ստանում: