Ստալինը` արվեստի քննադատ

19/12/2009

Մոսկվայի «Գելմանի թանգարանում» բացվել է ցուցահանդես, որտեղ ներկայացված են Իոսիֆ Ստալինի ձեռագրերն ու ինքնագրերը: Այդ ցուցադրության օրիգինալությունը կայանում է նրանում, որ բոլոր տեքստերը լի են անթաքույց հայհոյանքներով ու ցենզուրայից դուրս մեկնաբանումներով: Նաեւ` վկայում են, որ «ժողովուրդների հայրը», մեղմ ասած` այնքան էլ գրագետ անձ չի եղել: Ստալինի ձեռագրի իսկությունը կասկածի առիթ չի տալիս, քանի որ լուրջ փորձագիտություն է անցկացվել: Ցուցահանդեսի կոնցեպտի համաձայն` ներկայացված են միայն այն փաստաթղթերը, որոնք առնչվում են արվեստի հետ: Ստալինն իր մեկնաբանություններն է թողել ռուս նկարիչներ Սերովի, Ռեպինի, Սուրիկովի եւ այլոց վերատպությունների վրա, որոնց շարքում կան նաեւ այսպիսիները` «Լիակատար ապուշություն», «Սողացողը երբեք թռչել չի կարողանա»: Ուշագրավ է, որ Ստալինը կարմիր եւ կապույտ մատիտներով նաեւ որոշ շտկումներ է արել նկարների վրա` ավելացնելով կամ ջնջելով որոշ հատվածները: Մերկ կնոջ դիմանկարի տակ վրացերեն հայհոյանք է, իսկ մեկ այլ կտավի վրա, որտեղ մերկ տղամարդ է պատկերված, Ստալինը վարտիք է ավելացրել` նշելով. «Այս անձին իմ հաշվին վարտիք նվիրեք»: Նույն կերպ, թերեւս, վարվում են այն դպրոցականները, որոնք պորտրետներին բեղեր կամ կոտոշներ են ավելացնում` համարելով այդ քայլը զվարճանք: Թանգարանային նմուշներ դարձած գրառումները Ստալինի կողմից արվել են կյանքի վերջին մի քանի տարիների ընթացքում, այն ժամանակ, երբ տիրակալն արդեն հիվանդ էր ու շփվում էր ստվերների հետ: Այդ հավաքածուն գտնվում էր Ստալինի ամառանոցում, հետո` ԿԳԲ-ում, որի աշխատակիցներն էլ այն վաճառել են մասնավոր կոլեկցիոների, ով չի ցանկանում հրապարակել իր անունը: