Ինչպես է կազմաքանդվում ՍԴՀԿ-ն

17/12/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Սեդրակ Աճեմյանի եւ Վահան Շիրխանյանի կողմնակիցների թեւը Ծաղկաձորում հրավիրած «արտակարգ» համագումարում որոշել է կուսակցությունից հեռացնել Հայաստանի կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին:

Երեկոյան ժամը 18:30-ի սահմաններում մենք զանգահարեցինք ՍԴՀԿ կենտրոնական վարչության (ԿՎ) անդամ Գեւորգ Պերկուպերկյանին եւ փորձեցինք այդ միջոցառման մասին ինչ-որ տեղեկություններ ստանալ: Նա ասաց, որ արդեն վերջացրել են եւ Երեւան են գալիս, որ այդ արտակարգ համագումարին մասնակցել են մոտ 50 հոգի, բայց մեր հարցերին չցանկացավ պատասխանել: Ասաց, որ այսօր ասուլիս կհրավիրեն ու կտեղեկացնեն, թե ինչ են որոշել: Մեր հարցերին չպատասխանեց նաեւ ՍԴՀԿ մամուլի քարտուղար Նարեկ Գալստյանը: Հիշեցնենք, որ երկուշաբթի ՍԴՀԿ ԿՎ երկու անդամներ եւ 7 կառույցների ներկայացուցիչներ «արտակարգ համագումար» հրավիրելու եւ Լ.Սարգսյանին ատենապետությունից հեռացնելու մասին հայտարարություն էին տարածել: Լ.Սարգսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ այդ համագումարը հրավիրվում է իրենց կանոնադրության կոպիտ խախտումով, որովհետեւ նման որոշում կայացվում է ԿՎ անդամների մեծամասնության ցանկությամբ: Բացի այդ, ասել էր, որ այդ 7 կառույցներից 5-ը գոյություն չունեն: Բայց երեկ արդեն անցկացրել են այդ «արտակարգ համագումարն» ու գոյություն չունեցող անդամներով որոշել Լ.Սարգսյանին հեռացնել կուսակցությունից: Արդեն հրապարակումներ կան, որ Ս.Աճեմյանն ու Վ.Շիրխանյանը ցանկանում են Հայաստանի կառույցի ատենապետ նշանակել «Ժառանգություն» կուսակցությունից հեռացված Վարդան Խաչատրյանին: Այսօրվա ասուլիսին հավանաբար այս մասին կհայտարարեն: Մենք զրուցեցինք նաեւ Լ.Սարգսյանի հետ, ով ասաց, թե «շատ հումորով է վերաբերվում այդ գործընթացին, որովհետեւ նրանք այն մարդիկ չեն եւ այն իրավասությունը չունեն, որ կուսակցությունից անդամ հեռացնեն»: ՍԴՀԿ հայաստանյան կառույցը առանձին իրավաբանական միավոր է, եւ համահնչակյան ԿՎ-ն որեւէ իրավասություն չունի այդ կառույցի նկատմամբ: Բացի այդ, Լ.Սարգսյանի ասելով, իրեն չեն կարող հեռացնել գոյություն չունեցող կառույցները: «Ամեն ինչ ի սկզբանե անօրինական է, ոչ մի իրավական հիմք չունի: Եվ ծիծաղելի է, որ իրենք մտածում են, թե մենք այնքան թույլ ենք, որ իրենք ինչ ցանկանան, կարող են անել: Ս.Աճեմյանը ԱՄՆ-ում կարո՞ղ է որեւէ օրենք խախտել, որ եկել է Հայաստան եւ ոտնահարելով մեր օրենքները` փորձում է այստեղ ինչ-որ ծրագիր իրականացնել: Նա կկանգնի օրենքի առաջ: Մենք այդ ամենի ճանապարհը փակելու միջոցները գիտենք: Թող չմտածեն, թե իրենց ամեն ինչ կհաջողվի: Նորից պիտի դիմեմ սփյուռքի մեր բոլոր կառույցներին եւ մեր ԿՎ ազնվագույն ընկերներին. ողջամտության կոչ եմ անում, որ հասկանան, թե ինչ է կատարվում այստեղ, եւ ընտրություն կատարեն հօգուտ ՀՀ-ի, եւ ոչ թե Սեդրակի: Չնայած դա իրականում ոչինչ չի փոխելու, բայց մեզ համար դա բարոյականության խնդիր է: Մենք համահնչակյան ընտանիքի անդամ ենք եւ ուղիղ Հնչակյան կուսակցության նպատակներն ու ծրագրերն ենք իրականացնում, որոնք Ս.Աճեմյանը վաճառքի է հանել»,- ասաց Լ.Սարգսյանը:

Իսկ արդյո՞ք հավատում է, որ ԱՄՆ դեսպանատուն դիմելով կամ օրենքին հղում անելով` Լ.Սարգսյանը կկարողանա լուծել իր կուսակցության խնդիրները: Չէ՞ որ, իր իսկ ասելով, Աճեմյանն իշխանությունների հետ է համագործակցում: Այդ դեպքում նույն իշխանությունները բոլոր որոշումները կկայացնեն հօգուտ Աճեմյանի: «Եթե մենք մարտի 1-ին համարձակություն ունեցանք դուրս գալ այս իշխանությունների բռնարարքների դեմ, ապա ես կարծում եմ, որ սա այն հարցը չէ, որի համար մենք պայքարի միջոցներ չունենանք»,- պատասխանեց տիկին Սարգսյանը:

Իսկ ավելի վաղ տեղեկացել էինք, որ մի հայտարարություն էլ ընդունել է ՍԴՀԿ Վանաձորի կառույցը, որի ատենապետ Ալեքսանդր Ալեքյանի խոսքերով՝ իրենց կառույցի վարչությունը որոշել է իր հերթին անվստահություն հայտնել Ս.Աճեմյանին «թշնամական, կուսակցական գաղափարախոսությունը շեղելու եւ անձնական շահերի համար կուսակցությունը օգտագործելու համար»: «17 տարի ՍԴՀԿ անդամ եմ եղել, եւ նման իրավիճակ կուսակցությունում երբեք չի եղել: Ս.Աճեմյանն ու Վ.Շիրխանյանն այսօր ուզում են կազմաքանդել կուսակցությունը: Նրանց կխնդրեի կարդան Հայաստանի շրջանի կանոնադրությունը եւ հասկանան, թե ինչպես են ապօրինի համագումար անցկացնում:

Վերջերս տեղի ունեցած համահնչակյան 19-րդ համագումարում 22 շրջաններից հավաքված վարիչ մարմինները, այդ թվում եւ՝ Աճեմյանը գոհունակություն հայտնեցին եւ մեր կառույցի աշխատանքներին տվեցին բավարար գնահատական: Համագումարից ընդամենը 10-15 օր հետո սկսվեց այս խմորումները: Նպատակներից առաջինը Վ.Խաչատրյանի հարցն էր»,- ասում է Ա.Ալեքյանը:

Նրա խոսքերով՝ դեկտեմբերի 8-ին Գ.Պերկուպերկյանի նախաձեռնությամբ Վանաձորում ՍԴՀԿ համակիրներ Արտյոմ Խոյեցյանն ու Ռուբեն Սուվարյանը հրավիրվում են Երեւան «Սարգիս Տխրունու» գրասենյակ, եղել են նաեւ Ս.Աճեմյանն ու Ն.Գալստյանը: «Նրանք ինձ խոստովանեցին, որ խոսակցություն է գնացել Լ.Սարգսյանին անվստահություն հայտնելու մասին հայտարարության շուրջ: Ստորագրել են տվել արդեն պատրաստի թուղթը եւ 45.000 դրամ են տվել, որ Վանաձորում իբր կառույց ստեղծեն: Բայց դրա համար նախ պետք է ստանային Վանաձորի վարչության թույլտվությունը, հետո պետք է լիներ Հայաստանի վարիչ մարմնի թույլտվությունը: Ես պետք է դիմեի վարչություն, ստանայի թույլտվություն: Չի եղել»,- ասում է Ա.Ալեքյանը:

Վերջինիս խոսքերով՝ այսօր Ս.Աճեմյանի շուրջն են հավաքվել կուսակցությունից նախկինում հեռացած մարդիկ: Օրինակ, 5 տարի առաջ հեռացած Հրանտ Ամիրյանը: «Նրանք հիմա հավաքվում են Աճեմյանի թեւի տակ, որ սա հովանավորի իրենց բիզնեսը: Չէ՞ որ հիմա Աճեմյանն էլ վայելում է իշխանությունների հովանավորությունը: Աճեմյանն էլ Հանքավանում հսկայական տարածքով հանգստյան տուն է վերցրել ու դա պահելու համար պետք է համագործակցի իշխանությունների հետ: Նման մարդը իրավունք չունի համարվել կուսակցության ԿՎ ատենապետ: Ինքը թող գնա ու Հանքավանում զարգացնի իր բիզնեսը: Դա եւ՛ իրեն է օգուտ, եւ՛ Հայաստանին»,- ասում է Ա.Ալեքյանը: