«Մենք գնում ենք հաղթելու»,- ասում է Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի համակարգող Դավիթ Մաթեւոսյանը

17/12/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Արդեն 10 օր է` սկսվել է Երեւանի Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թափուր տեղի համար նախատեսված ընտրությունների քարոզարշավը: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում գրանցվել են 4 թեկնածուներ` «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը, «Ազգային Միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանն ու Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Վերջինս արդեն հայտարարել է, որ մինչեւ դեկտեմբերի 31-ը իր թեկնածությունը հանելու է հօգուտ Ն.Փաշինյանի: Այդպիսով ընտրություններին կմասնակցեն մյուս երեք թեկնածուները: Սակայն նախընտրական քարոզչություն, որպես այդպիսին, դեռ չի ընթանում: Առջեւում ամանօրյա տոներն են, եւ դեկտեմբերի վերջին ու հատկապես արդեն տարեսկզբի տոնական օրերը քարոզչության համար նպատակահարմար չեն: Ընտրողները զբաղված կլինեն իրենց նախատոնական հոգսերով ու տոնական միջոցառումներով եւ առանձնապես մեծ ուշադրություն չեն դարձնի քաղաքական գործընթացներին: Իսկ ընտրությունը նշանակված է հունվարի 10-ին: Եվ ստացվում է, որ քարոզչության համար ամենահարմար պահը հենց այս օրերն են: Սակայն Կենտրոնի բնակիչներին ոչինչ չի հուշում, որ իրենց ընտրություններ են սպասվում: Հեռուստատեսությամբ տեսահոլովակներ չեն ցուցադրվում, փողոցներում պաստառներ չեն երեւում, թեկնածուները կամ նրանց վստահված անձինք ընտրողների հետ չեն հանդիպում: Մարքսիստն արդեն հայտարարել է, որ ինքը ֆինանսական միջոցներ չունի եւ քարոզչություն, որպես այդպիսին, չի իրականացնելու: Մնում են միայն Ն.Փաշինյանն ու Ա.Սիմոնյանը:

Ն.Փաշինյանի նախընտրական շտաբի համակարգող Դավիթ Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչեւ հիմա իրականացվել է քարոզարշավի նախապատրաստական փուլը, նախագծվել եւ տպագրության փուլում են քարոզչական նյութերը: Նրա խոսքերով՝ նախընտրական տեսահոլովակներ ցուցադրելու համար հեռուստաընկերություններին չեն դիմել, որովհետեւ նախկին փորձը հուշում է, որ իրենց կմերժեն: Բայց դեկտեմբերի 19-ից կմեկնարկի «տունառտուն» նախընտրական ակցիան, որի շրջանակում էլ այդ քարոզչական փաթեթները կբաժանվեն ընտրողներին: Փաթեթների մեջ լինելու է սկավառակ Ն.Փաշինյանի մասին տեսանյութով, բուկլետ եւ այլ նյութեր: «Ի մի է բերվել եւ տեղաբաշխվել է մարդկային այն ռեսուրսը, ովքեր կզբաղվեն քարոզչական նյութերի տարածմամբ ու քարոզով եւ կնախապատրաստվեն հունվարի 10-ի քվեարկության օրը հնարավորինս դիմակայելու կեղծիքի մեքենայի գործունեությանը»,- ասում է Դ.Մաթեւոսյանը` ավելացնելով, որ իրենք գնում են հաղթելու:

Իսկ ինչո՞վ են վստահ, որ այս անգամ հաղթելու են, չէ՞ որ 2008-ի նախագահական, դրան հաջորդած Կենտրոնի թաղապետի ու Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, ընտրությունները կեղծելով` իշխանություններն ընդդիմությանը թույլ չտվեցին հաղթել: Դ.Մաթեւոսյանի խոսքերով, իշխանություններն այս անգամ էլ իրենց թույլ չեն տա հաղթել, եթե որոշել են իրենց թեկնածուի օգտին եղած ձայները բազմապատկել 50-ով: Բայց, նրա կարծիքով, այս ընթացքում իրավիճակը փոխվել է, եւ իշխանությունները պետք է հաշվի նստեն ներքին ու արտաքին մարտահրավերների հետ: Ըստ Դ.Մաթեւոսյանի, այս ընթացքում փորձ են ձեռք բերել նաեւ իրենք: «Արդեն մենք էլ ենք կարողանում շոշափել ու հասկանալ, թե որ մեթոդներով են գործում իշխանությունները: Դիմակայելու առումով մեր փորձն էլ է շատանում: Բայց հիմա չենք բացահայտի մեր անելիքները, որովհետեւ իշխանությունների` կեղծելու ստեղծագործական հնարավորությունները շատ են, եւ կհորինեն մի նոր մեքենա, որին մենք պատրաստ չենք լինի»,- ասում է Ն. Փաշինյանի նախընտրական շտաբի համակարգողը:

Դ.Մաթեւոսյանի խոսքերով՝ այս ընտրություններին մասնակցելը Հայ Ազգային կոնգրեսի համար ունի վճռորոշ նշանակություն: «Այն առումով, որ ուզում ենք լուծել քաղբանտարկյալ Ն.Փաշինյանի ազատության հարցը եւ դրանով դարպաս բացել մյուս քաղբանտարկյալների ազատության հարցը լուծելու համար»:

Որքան էլ Ն.Փաշինյանն ուներ բնակության մասին տեղեկանք ստանալու եւ գրանցվելու օրինական իրավունք, այնուամենայնիվ, զարմանալի էր, որ իշխանություններն այդ հնարավորությունը տվեցին նրան: Մինչեւ հիմա ընտրությունները կեղծած եւ ընդդիմության հետ կապված բոլոր դատավարությունները անօրինական ընթացքով տանող իշխանություններին ոչինչ չէր խանգարում կատարել եւս մի անօրինական քայլ: Այս առումով իշխանական կուլիսներում շրջանառվում է մի քանի սցենար: Դրանցից մեկի համաձայն, այս ընտրությունները եւս կկեղծվեն, եւ Փաշինյանին թույլ չեն տա ընտրվել: Սակայն ԵԽ ԽՎ-ում անսպասելիորեն նորից աշխուժացել է Հայաստանի հարցի քննարկումը: Նախ` վաղը Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում կքննարկվի ՀՀ-ին վերաբերող հարցը, հետո կորոշվի` հաջորդ տարեսկզբին դա կընդգրկվի՞ լիագումար նիստի օրակարգում, թե՞ ոչ: Եվ հունվարի 10-ի ընտրությունների օրինականությունն այս առումով կարեւոր է լինելու: Ուստի բացառված չէ, որ այդ նկատառումով իշխանությունները որոշեն այս անգամ չկեղծել ընտրությունները: Թողնեն Ն.Փաշինյանն ընտրվի պատգամավոր, հետո դատական ատյաններով որոշեն լուծել նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Բայց սա արդեն բարդ գործընթաց է, որովհետեւ այստեղ գործը դատարանների վճիռներով չի ավարտվի: Ն.Փաշինյանն արդեն պատգամավոր կլինի, ու նրան անձեռնմխելիությունից զրկելու համար ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նորից միջնորդությամբ պետք է մտնի Ազգային ժողով եւ ստանա պատգամավորների մեծամասնության համաձայնությունը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երկրորդ սցենարը իշխանությունների համար որքան էլ հնարավոր, բայց նույնքան էլ ձեռնտու չէ: Նրանք ավելի շուտ ընտրությունները կկեղծեն, քան թույլ կտան, որ հարցը հասնի Ն. Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելուն: Դա ավելի շատ աղմուկ կբարձրացնի` գրավելով միջազգային կառույցների ուշադրությունը, քան ընտրությունների կեղծումը: