«Արձանագրությունների վավերացումը Հայաստանին տալու է լուրջ կորուստներ»

17/12/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

– Ինչպե՞ս կգնահատեք նախորդ շաբաթվա ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հարցի կարգավորման գործընթացներում նկատված ակտիվությունը:

– Հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացները կտրուկ ակտիվացել են ոչ թե նախորդ շաբաթ, այլ օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո: Քանի որ նախորդ մեկ եւ կես տարվա ընթացքում այդ խնդրին բազմիցս անդրադարձել եմ` թե հոդվածներով եւ թե առանձին գրքով, ապա ասեմ միայն, որ դա ուղղակի հետեւանքն է մեր տարածաշրջանում ազդեցությունների վերաբաժանման: Այն բանից հետո, երբ պատերազմի արդյունքում Վրաստանը լիովին անցավ Արեւմուտքի ազդեցության ներքո, ԱՄՆ-ը հնարավորություն ստացավ ամբողջ տարածաշրջանում ամբողջական ազդեցություն ապահովելու նպատակով մյուս երկրներից եւս մեկին իրենց կողմը ներգրավելու համար: Ակնհայտ է, որ ինչպես Վրաստանի պարագայում հաջողվեց, այս դեպքում եւս պետք էր կտրուկ ակտիվացնել ՀՀ-ին եւ Ադրբեջանին առնչվող զգայուն հարցերից մեկը: Պատմականորեն կար այդպիսի ոչ թե մեկ, այլ երկու հարց` ղարաբաղյան խնդրի կարգավորում եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, ինչն էլ ավելի բարենպաստ էր դարձնում իրավիճակը, եւ ԱՄՆ-ը չհապաղեց դա օգտագործել: Քանի որ երկու հարցերն էլ վերաբերում են հարաբերությունների կարգավորմանը, բնական է, որ ՌԴ-ն չի կարող բացահայտորեն խոչընդոտել այդ գործընթացներին: Հետեւաբար, ազդեցության գոտիների հետագա վերաբաշխում թույլ չտալու համար ՌԴ-ն ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացմանը եւ պետք է փորձի հարմար պահին դրանք շրջել իր համար առավել շահավետ ուղղությամբ: Դրանով է պայմանավորված Մոսկվայի աննախադեպ ջերմացումն ու կապերի խիստ ակտիվացումն Անկարայի հետ եւ Ադրբեջանի նկատմամբ ակնհայտ ուշադրության դրսեւորումները: Հարկ է նկատի ունենալ, որ ԱՄՆ-ին ու ՌԴ-ին հետաքրքրում է ոչ թե այն հանգամանքը, թե այդ գործընթացում Թուրքիան, ՀՀ-ն ու Ադրբեջանը ինչ ձեռքբերումներ ու կորուստներ կունենան, այլ գործընթացի ընձեռած հնարավորությունները` սեփական ազդեցության մեծացման տեսակետ: Սեփական կորուստների ու ձեռքբերումների մասին պետք է մտածի յուրաքանչյուր երկիր: Ինչ վերաբերում է վերջին շրջանի իրադարձությունների գնահատականին, ապա թերեւս ճիշտ է սկսել ոչ թե Էրդողանի այցից, այլ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի աթենքյան հանդիպումից: Թեեւ այդ ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարների հանդիպումը ոչ մի էական արդյունք չտվեց եւ նրանց միացած համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ սոսկ հրապարակվեց լգ Աքվիլայի հայտարարության ոգով մի հայտարարություն (հաջորդ օրը եւս մեկ նման հայտարարություն արեց Նախարարների կոմիտեն), սակայն Է. Նալբանդյանը շտապեց հայտարարել, որ արձանագրվեց մեծ հաջողություն, քանի որ Մամեդյարովը, ստորագրելով հայտարարությունը, ճանաչել է ԼՂՀ ինքնորոշման իրավունքը: Իհարկե, նա «մոռացել էր» ոչ միայն այն իրողությունը, որ այդ հայտարարությունը կարգավորման փաստաթուղթ չէ եւ նույն արժեքն ունի, ինչ որ Ադրբեջանի նախարարի ցանկացած հայտարարություն կամ ելույթ, այլեւ, որ հայր Ալիեւից սկսած այդ երկրների բոլոր պաշտոնյաները ճանաչել են ինքնորոշման իրավունքը` իրենց պատկերացումների շրջանակում, որպես ինքնավարության տրամադրում ԼՂ-ին: Բայց հաջորդ օրն իսկ Մամեդյարովն իր ելույթում կրկին դա հիշեցրեց իր հայ գործընկերոջը: Սակայն ամենացավալին դա չէ, այլ այն, որ միջազգային իրավունքի բարձրագույն` համապարտադիր եւ անվերապահ նորմի կարգավիճակ ունեցող ինքնորոշման իրավունքի մասին պակաս արտառոց պատկերացում չունի նաեւ Է. Նալբանդյանը: Նա այդպես էլ չի ընկալում, որ հայտարարելով, թե ԼՂ-ն կմիանա բանակցություններին շրջանակային փաստաթուղթը ստորագրելուց հետո, ինքը կոպտորեն ոտնահարում է ԼՂՀ ինքնորոշման իրավունքը: Ակնհայտ է, որ նման դիրքորոշում եւ գիտելիքներ ունեցող ՀՀ-ի ներկայացուցիչները չեն կարող հասնել այն բանին, որ Ադրբեջանը հարգի ԼՂՀ այդ իրավունքը: Ավելին, շահարկում է կարգավորման առումով ոչ մի նշանակություն եւ արժեք չունեցող «հինգի» հայտարարությունը` այն ներկայացնելով որպես լուրջ ձեռքբերում: Սակայն շահարկումների ալիքը շարունակվեց Երեւանում, երբ Կոնգրեսը հայտարարեց, որ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների միաժամանակյա կիրառումով ՀՀ-ն առաջին անգամ իր համաձայնությունն է տալիս, որ խնդիրը կարգավորվի տարածքային ամբողջականության շրջանակներում: Սա միանգամայն նոր դրսեւորում է ՀՀ-ի թե իշխանությունների, եւ թե ընդդիմության առավել հավակնոտ հատվածի` Կոնգրեսի համար, քանի որ մինչ այժմ թե իշխանությունը, թե ընդդիմությունը խուսափում էին հակամարտության կոպիտ շահարկումներից: Վերջին շրջանի զարգացումների մեջ սա թերեւս ամենաուշագրավն է, թեեւ կարծես թե դեռեւս պատշաճ ուշադրության չի արժանացել: Ինչ վերաբերում է Էրդողանի այցին ԱՄՆ, ապա այն արժանահիշատակ է երկու պատճառով: Նախ, եւս մեկ առիթ եղավ համոզվելու, որ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունները մակերեսային են եւ անլուրջ, քանի որ նրանք պնդում էին, թե Օբաման չի ընդունի Էրդողանին, եթե մինչ այդ արձանագրությունները վավերացված չլինեն: Թեեւ ՀՀ-ում դա չնկատվեց, սակայն Օբաման հայտարարեց, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական գործընկերությունից վերաճել են օրինակելի գործընկերության: Հ. Քլինթոնն էլ հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի յոթ առավել կարեւոր գործընկեր երկրներից մեկն է: Ընդ որում, այդ ձեւակերպումները ենթադրում են գործնական կոնկրետ հարաբերություններ: Այս ֆոնի վրա Քլինթոնի զանգը Հայաստանի նախագահին դժվար թե սփոփի: Դա նկատելի էր եւ վերջին ասուլիսի ժամանակ, երբ պարզ դարձավ, որ ՀՀ իշխանությունների համար շատ անսպասելի ու անկանխատեսելի է Թուրքիայի դիրքորոշումը արձանագրությունների ստորագրումից հետո: Թուրքիային ներկայացվող սպառնալիքները, որ վավերացման ձգձգման դեպքում ՀՀ-ն կվերանայի միջազգային պայմանագրերի մասին օրենսդրությունը, չեն կարող ոչինչ փոխել: Թուրքիան յուրաքանչյուր փուլ օգտագործում է առավելագույն արդյունավետությամբ, Հայաստանը` առավելագույն կորուստներով:

– Ձեր կարծիքով, եթե ԼՂ հարցում որեւէ էական փոփոխություն չլինի, Թուրքիան կվավերացնի՞ արձանագրությունները:

– Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման յուրաքանչյուր փուլում կարողացել է ստանալ առավելագույն արդյունքներ: Այդ նպատակով, ի տարբերություն ՀՀ-ի, երբեք չի շտապում որեւէ քայլ անել հանուն Արեւմուտքի քաջալերանքի կամ միջազգային հանրության աչքում «կայուն եւ վստահելի գործընկերոջ համբավ» ձեռք բերելու, քանի որ հիանալի գիտի, որ այդ ամենը իրական ոչ մի արժեք չունի այն գործնական օգուտների համեմատ, որը կարող է ստանալ նրբորեն մանեւրելով: Այն խնդիրը, որն արձանագրությունների ստորագրումից հետո առաջադրել է Թուրքիան` մի քանի ժամ անց Էրդողանի արած հայտարարությամբ, ուղղակիորեն առնչվում է Մադրիդյան սկզբունքների նախագծին, որի առաջին կետի համաձայն՝ «ԼՂ հարակից տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի ենթակայության ներքո»: Թուրքիան ձգտում է երաշխիքներ ստանալ, որ դա, ի վերջո, կիրականանա: Հետաքրքիր է, որ ըստ օտարերկրյա փորձագետների, այդ խնդիրը կարող է լուծվել նաեւ գաղտնի համաձայնագրով: Մասնավորապես, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր, Եվրասիական ռազմավարական նախագծի տնօրեն Ք. Ուելթի կարծիքով՝ եթե չլինի հրապարակային լուծում, ապա Թուրքիայի խորհրդարանը արձանագրությունները կվավերացնի միայն գաղտնի համաձայնագրի առկայության պայմաններում: Առաջին հայացքից կարող է թվալ, որ ՀՀ իշխանությունները երկրի համար կենսական նշանակություն ունեցող ԼՂ խնդրի վերաբերյալ նման համաձայնագիր չեն կնքի: Սակայն չպետք է մոռանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված չափազանց վտանգավոր նախադեպը. ապրիլին հայտարարություն արվեց «ճանապարհային քարտեզի» ստորագրման մասին, սակայն այն հրապարակվեց ավելի քան չորս ամիս անց: Ընդ որում, թեեւ ՀՀ իշխանությունները ժխտում էին, որ ըստ այդ «ճանապարհային քարտեզի»՝ պետք է ստեղծվի Ցեղասպանության խնդիրը քննող ենթահանձնաժողով` բաղկացած գիտնականներից, սակայն դրա հրապարակումից հետո պարզ դարձավ, որ հենց այդպես էլ կա: Այս հանգամանքը, ինչպես նաեւ ամերիկյան պահանջների անվերապահ եւ անմիջապես կատարումը ՀՀ իշխանությունների կողմից ստիպում են մտածել, որ արձանագրությունների վավերացումը նշան է լինելու, որ Թուրքիան ստացել է իրեն բավարարող երաշխիքներ` բացահայտ կամ գաղտնի: Ընդ որում, վերջին մեկ եւ կես տարվա զարգացումները եղել են այնպիսին, որ արձանագրությունների չվավերացվելու դեպքում Թուրքիայի` մինչ այդ ունեցած ձեռքբերումները էական նվազում չեն ունենալու:

– Կկարողանա՞ն ՀՀ իշխանությունները ձախողել հայ-թուրքական սահմանի բացման այս գործընթացը, եթե Թուրքիայում արձանագրությունների վավերացման համար ՀՀ իշխանություններին ստիպեն դուրս բերել զորքերը ԼՂ հարակից տարածքներից եւ ստորագրել վերջնական փաստաթուղթ համաձայնեցված սկզբունքների վերաբերյալ:

– Վերջին` Լատվիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ս. Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ-ն կկատարի իր միջազգային պարտավորությունները եւ կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: Սա եւս մեկ ապացույց է այն բանի, որ ՀՀ-ում պետական գործերով մարդիկ զբաղվում են սիրողական մակարդակով: Համապատասխան կառույցներում մասնագետներ լինելու պարագայում նախօրոք երկրի նախագահին կասեին, որ երկկողմ պայմանագրերի վավերացումը ոչ մի կապ չունի միջազգային պարտավորությունների կատարման հետ: Ավելին, երբ որեւէ երկրում խորհրդարանը չի վավերացնում որեւէ պայմանագիր, այդտեղ որեւէ արտառոց բան, առավել եւս ` ողբերգություն չկա: Դա տվյալ երկրի սահմանադրությամբ նախատեսված միանգամայն օրինական քայլ է: Հետեւաբար գործադիր իշխանությունը պետք է հաշվի առնի խորհրդարանի առարկություններն ու շարունակի աշխատել` պատրաստելով նոր փաստաթուղթ, որտեղ շտկված կլինեն սխալները: Հետեւաբար՝ Հայաստանի իշխանությունները որեւէ բան ձախողելու խնդիր չունեն, պարզապես պետք է թույլ տան իշխանությունը ներկայացնող պատգամավորներին քվեարկել այնպես, ինչպես իրենք են ճիշտ համարում: Անգամ, եթե որեւէ զիջում չստիպեն էլ, որ անի ՀՀ-ն, ստորագրված տեսքով արձանագրությունների վավերացումը ՀՀ-ին տալու է սոսկ լուրջ կորուստներ: Այն բոլոր հիմնավոր մասնագիտական առարկությունները, որոնք ներկայացրել են փորձագետները, մնացել են անպատասխան: Անգամ թուրքական` միջազգային իրավունքի շրջանակներում դատապարտելի եւ ապօրինի շրջափակման վերացման տնտեսական օգուտների վերաբերյալ իշխանությունները մինչ օրս որեւէ վերլուծություն կամ հիմնավորում չեն կարողացել բերել, քանի որ փաստերն այստեղ էլ շատ խոսուն են: Ներկայումս էլ գոյություն ունի Վրաստանով անցնող հայ-թուրքական ապրանքաշրջանառության խողովակ, որը հավասարապես մատչելի է հայ եւ թուրք գործարարների համար եւ որով անցնում է ավելի քան հարյուր, անգամ ավելի մեծ ծավալ ունեցող թուրքական ապրանք, քան հայկական: Մի՞թե որեւէ մեկը լրջորեն կարող է հավատալ, որ այս հարաբերակցությունը կփոխվի շրջափակումը վերացնելուց հետո:

– Կապ տեսնո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների, ԼՂ հարցի եւ Միջազգային կազմակերպություններից տրամադրվող վարկերի միջեւ:

– Չի կարող կապ չլինել, քանի որ պետության կողմից վարկերի ներգրավումը վարվող քաղաքականության անբաժանելի մասն է: Հայաստանի տնտեսական քաղաքականությունը շատ լուրջ փոփոխություններ է կրել վերջին տարվա ընթացքում: Խոսքը բոլորովին էլ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների մասին չէ: ՀՀ-ն արդեն ունի իր «սեփական» ճգնաժամը, որը մնացել է միջազգայինի ստվերում: Արմատական փոփոխություններ է կրել «Բյուջետային համակարգի մասին օրենքը», 2010թ. պետբյուջեի մասին օրենքի հոդվածների զգալի մասի բովանդակությունն էապես տարբերվում է վերջին տարիների բյուջեների մասին օրենքների բովանդակությունից: Փաստորեն, մեկ տարվա ընթացքում խորհրդարանը զրկվեց պետական բյուջեի ձեւավորման եւ կատարման վրա ազդեցության բոլոր մեխանիզմներից: Սա երկրի սահմանադրության կոպիտ ոտնահարում է, որով աղճատվում է սահմանադրության հիմնական սկզբունքներից մեկը` հակակշիռների եւ զսպումների համակարգի ներդաշնակությունը: Բյուջետային քաղաքականության երկրորդ վտանգավոր փոփոխությունը արտաքին պարտքի կտրուկ` մոտ 3 անգամ մեծացումն է: Նման ցուցանիշ ՀՀ-ն ուներ 10 տարի առաջ: Բայց սա էլ դեռ բոլորը չէ: Օգտագործման վերահսկելիությունից դուրս մնացած վարկերի նկատմամբ անհագ ծարավն այս տարվա 1 միլիարդ դոլարով չի հագենալու եւ այդքան էլ ստացվելու է հաջորդ տարի` էլ ավելի մեծացնելով արտաքին պարտքի բեռը: Այս պարագայում պարզապես երեսպաշտություն է հայտարարությունը, թե սոցիալական ծախսերը չեն կրճատվել: Պարտքի հաշվին ծախսեր անելը երբեք պարծանքի առարկա չի եղել ոչ անհատների, ոչ պետությունների համար: Ոմանք էլ փորձում են դիմել այլ հնարքի, մատնանշելով, թե կան, օրինակ, ԵՄ երկրներ, որոնց արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն ավելի մեծ է, քան ՀՀ-ինը: Նրանք երեւի չգիտեն, որ արտաքին պարտք/ՀՆԱ ցուցանիշը կիրառելի է այն երկրների համար, որոնք ունեն նորմալ հարկահավաքություն: ՀՀ-ի նման երկրների համար, որտեղ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը չափազանց ցածր է, կիրառվում է չափանիշ, որը հաշվի է առնում նաեւ հարկերի հավաքելիության աստիճանը, որովհետեւ վարկերն այնքան վտանգավոր են, որքան ցածր է հարկերի հավաքելիությունը: Տնտեսական ճգնաժամի մեկ այլ ակնհայտ ցուցիչ է արտահանման աղետալի վիճակը: Ակնհայտ է, որ տնտեսական ծանր ճգնաժամում գտնվող երկիրը դժվարությամբ կարող է դիմակայել արտաքին քաղաքական ճնշումներին: Ավելին, ներքին լարվածություններն էլ մեծապես նվազեցնում են նման ճնշումներին դիմակայելու պաշարները եւ խարխլում են դրա համար անհրաժեշտ բարոյական եւ կամային որակները: Գալիք տարին ՀՀ-ի համար լինելու է շատ ավելի ծանր բոլոր առումներով, այդ թվում եւ` արտաքին քաղաքականության ասպարեզում: Ակնհայտ է, որ երկրում անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների համատարած բացակայությունը, կենսական խնդիրների լուծման ժամանակ կիրառվող մակերեսային մոտեցումներն ու պարզունակ առեւտուրը տալիս են իրենց դառը պտուղները: