Բողոքել են

17/12/2009

Ադրբեջանի Միլի Մեջլիսը ուղերձով դիմել է ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին` հայտնելով իր բողոքը Լեռնային Ղարաբաղին ֆինանսական օգնություն հատկացնելու Կոնգրեսի ընդունած օրինագծի կապակցությամբ: Ուղերձում ադրբեջանցի խորհրդարանականները հույս են հայտնել, որ ԱՄՆ նախագահը վետո կդնի այս բանաձեւի վրա: «Միլի Մեջլիսը հույս է հայտնում, որ ԱՄՆ նախագահը ինչ-որ մեխանիզմներով կդադարեցնի Լեռնային Ղարաբաղի սեպարատիստական ռեժիմի ֆինանսավորման ծրագիրը: ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորումը հակասում է Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցությանը: 1994-ին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը, ցավոք սրտի, չի արդարացրել հույսերը»,- ասված է Միլի Մեջլիսի ուղերձում, որի տակ ստորագրած 108 պատգամավորները նաեւ հայտարարել են, թե ԱՄՆ Կոնգրեսի կողմից տրված օգնությունն իրենք ընդունելու են ոչ թե որպես հումանիտար օգնություն, այլ` օգնություն «սեպարատիստական ռեժիմին»: «Եթե ԱՄՆ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա նրանք պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեն Բաքվին, որը ստացած միջոցներով կհոգա պետական կարիքները»,- ասված է ուղերձում: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի դեկտեմբերի 8-ի համատեղ նիստում ընդունվել է 2010 ֆինանսական տարվա ԱՄՆ պետկառույցների բյուջեի մասին օրինագիծը: Օրինագծի տնտեսական օգնության փաթեթի շրջանակում նախատեսվում է 41 մլն դոլար հատկացնել Հայաստանին, եւս 8 մլն դոլար` Լեռնային Ղարաբաղին: Օրինագծում պահպանված է բյուջետային հավասարակշռությունը Հայաստանին ու Ադրբեջանին հատկացվելիք ռազմական օգնության հոդվածներում: