Թուրքիային ներգրավել Մինսկի խմբո՞ւմ

17/12/2009

«Կոնֆլիկտների լուծման արհեստական արագացումը բերում է իրական պատերազմի: Այդպես պատահեց նաեւ 2008-ի օգոստոսին, երբ Վրաստանը փորձեց արագացնել Հարավային Oսիայի հարցի լուծումը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա ղեկավարած կենտրոնի նախաձեռնությամբ անցած շաբաթ Թբիլիսիում անցկացվել է Հարավկովկասյան անվտանգության հարցերով միջազգային կոնֆերանս, որին մասնակցել են տարբեր երկրների փորձագետներ ու դիվանագետներ: Միջոցառման ժամանակ անդրադարձ է եղել տարածաշրջանում առկա չլուծված հակամարտություններին: «Բոլորը հասկանում են, որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդիրներն այնքան բարդ վիճակում են, որ արագացնել լուծումը կամ լուծման խնդիրն ակտուալ դարձնելն ուղղակի անհնար է»,- ասել է Ս. Գրիգորյանը, հիշեցնելով, որ դժվարություններ կան անգամ խնդրի լուծման ձեւաչափի առումով: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա կոնֆերանսում թուրք մասնագետները դա քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: Հայաստանի ներկայացուցիչները, ըստ Ս. Գրիգորյանի, շտկումներ են արել: «Աշխուժացում կա բանակցային գործընթացում, բայց վերջակետ դնել դեռ վաղ է»,- ասել է քաղաքագետը, որի տեղեկացմամբ՝ ադրբեջանցի փորձագետները հավասարակշռված դիրքորոշումներով են հանդես եկել: Ինչ վերաբերում է ընդհանրապես հայ-թուրքական արձանագրություններին, ապա Ս. Գրիգորյանը երեկ ասել է, թե կասկած չունի, որ Թուրքիան դրանք կվավերացնի դեկտեմբեր-հունվար ամիսներին: «Միգուցե տեխնիկական պատճառներով մի քիչ հետաձգվի, բայց արձանագրությունները կվավերացվեն»,- ասել է նա: Ս. Գրիգորյանի կարծիքով, Թուրքիան բավական լուրջ երկիր է, կարող է հաշվարկներ անել, եւ այդ հաշվարկների մեջ մտնում է նաեւ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը: Իսկ Հայաստանի իշխանություններին Ս. Գրիգորյանն առաջարկել է առաջինը վավերացնել արձանագրությունները` այդ գործընթացը չպայմանավորելով Թուրքիայի վավերացումով: «Նախ պարզ է, որ Հայաստանը պետք է այդ արձանագրությունները վավերացնի, ու բավական արագ: Ինչո՞ւ: Մենք էինք նախաձեռնողը, գոնե աշխարհում դա տպավորվեց, բնական է, որ հետ կանգնելն անիմաստ է: Եվ երկրորդ, ինչքան բարդանա իրավիճակը հայ-թուրքական հարաբերություններում, այդքան դժգոհ կլինեն երեք կարեւորագույն սուբյեկտները` ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ Ռուսաստանը: Բոլորը լուրջ շահ գտան այդ գործընթացում, եւ պատկերացնո՞ւմ եք` իրենց սպասելիքները մենք չենք արդարացնում,- նշել է Ստեփան Գրիգորյանը` ավելացնելով,- Մենք պետք է վավերացնենք՝ ամբողջ պատասխանատվությունը թողնելով Թուրքիայի վրա»: Միաժամանակ նա ասել է, որ Հայաստանը միջազգային պայմանագրերի վավերացման եւ դադարեցման վերաբերյալ օրենք ունի, եւ եթե Թուրքիան արձանագրությունները չվավերացնի, ՀՀ Սահմանադրությունը թույլ է տալիս «հետ պտտեցնել այդ անիվը»: Շարունակելով առաջարկները` Ս.Գրիգորյանն ասել է, որ բնականաբար Ղարաբաղի հարցով Հայաստանը լուրջ զիջումների գնալ չի կարող եւ չպետք է գնա, սակայն կան զիջումներ, որոնք կարելի է քննարկել Թուրքիայի հետ, մասնավորապես` մեծացնել Թուրքիայի դերը ԵԱՀԿ Մինսկի խմբում, Ադրբեջանի հետ նախնական (շրջանակային) պայմանագիր ստորագրել եւ այլն: