Ռեյտինգային ընկերությունների ռեյտինգը
ԱՄՆ իշխանությունները ուսումնասիրում են խոշոր վարկանիշային ընկերությունների դերակատարությունը՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի առաջացման հարցում։ Օբամայի վարչակազմը առաջարկում է քրեական պատասխանատվության ենթարկել այն ընկերությունների աշխատակիցներին, որոնք չափից շատ լավատեսական կանխատեսումներ էին անում ընկերությունների հուսալիության հարցում։ Ռուս փորձագետները նույնպես գտնում են, որ վարկանիշային ընկերությունները միայն խորացրել են ճգնաժամը։
Բարձր վարկանիշները չկարողացան փրկել Lehman Brothers բանկը եւ այլ բանկերի։ Միջազգային վարկանիշային ընկերությունները, փաստորեն, սխալվել էին իրենց գնահատականներում։ Նրանց մոդելները կառուցված էին ամերիկյան տնտեսության անխափան աշխատանքի սկզբունքի վրա, իսկ ճգնաժամը ցույց տվեց, որ այդ մոտեցումը սխալ էր։ Արդյունքում՝ ներդրողների վստահությունը այդ ընկերությունների նկատմամբ գրեթե վերացավ։ Հետաքրքիրն այն է, որ չնայած դրան, վարկանիշները դեռ շարունակում են հրապարակվել։ Ըստ էության, այլընտրանքային հետազոտություններ ոչ ոք չի առաջարկում։ «Կարծում եմ, որ տեղի ունեցածը լավ դաս եղավ նրանց համար, եւ հետագայում այդ ընկերությունները կբարձրացնեն իրենց վարկանիշների որակը։ Հույս ունեմ, որ դեռ հնարավոր կլինի հիմնվել նրանց վերլուծությունների վրա»,- ասել է Ռուսաստանյան տնտեսագիտական դպրոցի ռեկտոր Սերգեյ Գուրիեւը։
Վարկանիշային գործակալությունները, որպես կանոն, գնահատում են իրենց հաճախորդների նախկին հաջողությունները կամ անհաջողությունները։ Մեթոդաբանության անկատարությունը արտահայտվում է հենց սրանում։ Սակայն չի բացառվում, որ նրանք կանխատեսել էին սնանկացումների աղմկահարույց դեպքերը, սակայն դիտավորյալ լռել են՝ խուճապ չառաջացնելու համար։ Ընդ որում, դա արել են՝ ի վնաս իրենց հեղինակության։
«Վարկանիշային ընկերություններում աշխատում են բարեխիղճ եւ պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր պատշաճ ձեւով կատարում են իրենց գործը։ Պարզապես կան ճգնաժամային երեւույթներ, որոնք բնութագրվում են հենց նրանով, որ անսպասելի են։ Եթե հնարավոր լիներ կանխատեսել ճգնաժամերը, ապա, ամենայն հավանականությամբ, ճգնաժամեր ընդհանրապես չէին լինի»,- ասել է փորձագետ Պավել Կրապչիտովը։ Ավելացնենք, որ չնայած ամերիկյան իշխանությունների կողմից հնչող քննադատությանը, ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգը մեծ հույսեր է կապում վիճակագրական վարկանիշային ընկերությունների ցանկի ընդլայնման հետ։ Այսօր դրանց թիվը հասնում է 10-ի, որոնցից երկուսը՝ Ճապոնիայի եւ Կանադայի ընկերությունների։ Փաստորեն, եթե որակը կասկած է հարուցում, կարելի է օգտվել քանակից։
Եվրոպական ավտոշուկան հաղթահարեց ճգնաժամը
Ավտոարտադրողների եվրոպական ասոցիացիան (ACEA) երեկ հրապարակել է նոյեմբերի դրությամբ Եվրոպայում մարդատար ավտոմեքենաների վաճառքի ցուցանիշների մասին հաշվետվությունը։ Նոր գրանցված ավտոմեքենաների քանակությունը աճել է 26.6%-ով։ Ընդ որում, Արեւմտյան Եվրոպայում մեքենաների վաճառքն ավելացել է 30.6%-ով, իսկ Արեւելյան Եվրոպայում՝ ավելի քիչ, 16.7%-ով։ ACEA-ի փորձագետները այս տարբերությունը բացատրում են այն հանգամանքով, որ Արեւմտյան Եվրոպայում իրականացվել են պետական ծրագրեր՝ ավտոմեքենաների վաճառքը խթանելու ուղղությամբ։ Վաճառքի աճի եվրոպական լիդերը Մեծ Բրիտանիան է, որտեղ շուկան գրանցել է 57.6% աճ։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է՝ 48.3%։ Գերմանիայում այդ ցուցանիշը ավելի քան երկու անգամ փոքր է՝ 20%։ Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ աճի տպավորիչ ցուցանիշները պայմանավորված են նաեւ ցածր բազայով։ Այսինքն՝ ճգնաժամի պատճառով 2008թ. գրանցվել է վաճառքի ծավալների աննախադեպ՝ 25.8% անկում, եւ դրա ֆոնին ներկայիս աշխուժացումը առավել նկատելի է դառնում։ Ինչ վերաբերում է առանձին ավտոարտադրողներին, ամենամեծ աճը գրանցել է Nissan-ը՝ 77.2%: Վաճառքի ծավալները զգալիորեն աճել են նաեւ Jaguar Land Rover-ում (47.2%), Hyundai-ում (46.8%) եւ Renault-ում (46.6%)։ Այսպիսով, ավտոշուկայի աշխուժացման առումով նոյեմբերը դարձավ ռեկորդային ամիս։ Նշենք, որ շուկայի վերականգնումը նկատվում է այս տարվա հուլիսից, երբ նոր վաճառված մեքենաների քանակն աճեց 2.4%-ով։
200 հազար նոր գործազուրկներ
Ուկրաինայի Զբաղվածության պետական ծառայության տվյալներով, պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը երկրում գերազանցել է 536 հազարը։ Ծառայությունը դա բացատրում է սեզոնային գյուղատնտեսական, շինարարական աշխատանքների եւ կուրորտային սեզոնի ավարտով։ Այդ իսկ պատճառով կանխատեսվում է, որ գործազրկության մակարդակը կշարունակի աճել ձմեռվա ընթացքում, եւ մինչեւ գարուն աշխատանքը կկորցնի եւս 200 հազար մարդ։ Այս մասին գրում է «ԽՏՎՎպՐրՈվՑՅ-ձՍՐՈՌվՈ» թերթը։ Գործազուրկների ընդհանուր թիվը նախորդ ամսվա ընթացքում ավելացել է 3800-ով՝ հասնելով 512.200-ի, որոնցից 400 հազարը պետական օգնություն են ստանում։ Ուկրաինայում գործազրկության մակարդակը զգալիորեն աճել էր մինչեւ ընթացիկ տարվա մարտ ամիսը, սակայն մարտ-հոկտեմբեր ժամանակահատվածում աշխատուժի շուկայում աշխուժացում էր նկատվում։ Այդ ընթացքում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նվազել է 388 հազարով։ Գործազուրկների թվի սեզոնային ավելացումը վկայում է աշխատաշուկայի վիճակի վատթարացման մասին. մինչեւ այժմ չի լուծվում նոր աշխատատեղերի ստեղծման հարցը։ «Թափուր աշխատատեղերի քանակը կրճատվում է՝ կապված ճգնաժամի շարունակականության հետ։ Տնտեսության աշխուժացում չի նկատվում։ Ընկերություններին չեն փոխհատուցում ավելացված արժեքի հարկը, ինչի արդյունքում նրանք ոչ միայն չեն կարողանում աշխատավարձերը վճարել, այլ միջոցներ են փնտրում՝ թե ինչպես չփակվեն եւ շարունակեն գոյատեւել»,- ասում է Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների բյուրոյի վերլուծաբան Ելենա Օսինկինան։ Վերջինիս խոսքով, չնայած վերջին ամիսների ընթացքում Զբաղվածության ծառայությունը արձանագրել է գործազրկության մակարդակի նվազում, իրականում յուրաքանչյուր ընկերություն ամեն ամիս կրճատում է իր աշխատողների
3%-ին։ Այս տարբերությունը բացատրվում է նրանով, որ աշխատանքից ազատվածների մեծ մասը ոչ թե հաշվառվում է համապատասխան մարմնում, այլ աշխատանք է փնտրում ստվերում, որի մասշտաբները գնահատվում են 50-60%։
Adobe-ի շահույթը կրճատվել է
Adobe Systems Incorporated ընկերությունը հրապարակել է իր գործունեության՝ չորրորդ եռամսյակի եւ 2009թ. ֆինանսական տարվա (որն ավարտվել է նոյեմբերի 27-ին) հաշվետվությունը։ Ընկերության հասույթը չորրորդ եռամսյակում կազմել է 757.3 միլիոն դոլար։ Դա 17%-ով պակաս է 2008թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից, երբ ծրագրային ապահովման հայտնի այս ընկերությունն ունեցել էր 915.3 միլիոն դոլարի հասույթ։ Մաքուր վնասը հաշվետու եռամսյակում հասել է 32 միլիոն դոլարի, կամ՝ 6 ցենտ ամեն բաժնետոմսի հաշվով։ Համեմատության համար նշենք, որ մեկ տարի առաջ վնասի փոխարեն ընկերությունն ունեցել էր 245.9 միլիոն դոլարի շահույթ, կամ՝ 46 ցենտ մեկ բաժնետոմսի հաշվով։
Ամբողջ տարվա կտրվածքով՝ Adobe Systems Incorporated-ի հասույթը կազմել է 2.95 միլիարդ դոլար, 2008թ. 3.58 միլիարդի դիմաց։ Այսինքն՝ տարեկան հասույթը կրճատվել է 18%-ով։ Շահույթը, սակայն, ավելի շատ է կրճատվել՝ ավելի քան երկու անգամ։ Եթե նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով ընկերությունն ունեցել էր 871.8 միլիոն դոլարի շահույթ (յուրաքանչյուր բաժնետոմսին՝ 1.59 դոլար), ապա այս տարի այդ ցուցանիշը կազմել է 386.5 միլիոն։ Հասույթի եւ շահույթի նվազումը պայմանավորված է ճգնաժամի պատճառով ընկերության արտադրանքի նկատմամբ պահանջարկի նվազմամբ։ Գնորդներն առավել անտարբեր են դարձել հատկապես Creative Suite 4 փաթեթի նկատմամբ։ Ընկերությունը նախատեսում է հաջորդ տարի թողարկել Creative Suite-ի 5-րդ տարբերակը, որը պետք է խթանի վաճառքը։ Ավելացնենք, որ հաշվետվության հրապարակումից հետո ընկերության բաժնետոմսերը թանկացել են 64 ցենտով՝ հասնելով 36.42 դոլարի։
Պարտքը՝ 36.8 միլիարդ դոլար
Ամերիկյան 22 խոշորագույն բանկերը, որոնք 2009թ. հոկտեմբերին կառավարությունից օգնություն ստացան ճգնաժամին դիմակայելու համար, դեռ պարտք են պետությանը։ 22 բանկերի պարտավորությունների միջին մնացորդը կազմել է 36.8 միլիարդ դոլար (սեպտեմբերին՝ 45.9 միլիարդ)։ Այս տվյալները հրապարակվել են ԱՄՆ Ֆինանսների նախարարության զեկույցում։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բոլորովին վերջերս խոշորագույն բանկերին կոչ էր արել ավելի ակտիվորեն սպառողական վարկեր տրամադրել բնակչությանը եւ ներդրումներ կատարել բիզնեսի մեջ։ Նշենք, որ բանկերն իրենց հերթին ձգտում են հնարավորինս շուտ վերադարձնել պետական միջոցները։ Օրինակ, Wells Fargo բանկը օրերս հայտարարեց, որ նախատեսում է բաժնետոմսերի լրացուցիչ էմիսիայի միջոցով ներգրավել 10.4 միլիարդ դոլար։ Այդ միջոցները կուղղվեն կառավարությունից ստացված վարկի մարմանը։ Դրանից առաջ բանկերին ցուցաբերվող ֆինանսական օգնության ծրագրից (TARP) դուրս գալու մտադրության մասին հայտարարել էր Bank of America-ն։ Նշենք, որ այս բանկը պետությանն արդեն վերադարձրել է 45 միլիարդ դոլար։ Մնացած մասը Bank of America-ն նույնպես պատրաստվում է մարել բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցով։ Այս ճանապարհով գնում է նաեւ Citigroup-ը, որ մոտ ապագայում շուկա կհանի լրացուցիչ արժեթղթեր՝ ավելի քան 20 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով։ Ներգրավված միջոցներով Citigroup-ը կառավարությունից ետ կգնի արտոնյալ բաժնետոմսերը եւ դուրս կգա TARP ծրագրից։
Ներդրողները սիրում են Չինաստանը
2009 թվականի նոյեմբերին նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատությամբ օտարերկրյա ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը Չինաստանում աճել է 32%-ով` կազմելով 7,02 մլրդ դոլար: Ինչպես նշվում է Չինաստանի Առեւտրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ` հաշվետու ամսվա ընթացքում օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի աճի տեմպն ամենաբարձրն է վերջին 16 ամիսների ընթացքում: Համեմատության համար նշենք, որ հոկտեմբերին Չինաստանում գրանցվել էր օտարերկրյա ուղղակի ներդրումների ընդամենը 5,7% աճ: 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Չինաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը կրճատվել է 9,9%-ով եւ կազմել 77,9 մլրդ դոլար:
Տվե՛ք մեզ մեր միլիարդները
Աբու-Դաբի Էմիրության պետական ներդրումային Adia հիմնադրամը ամերիկյան Citigroup բանկից պահանջել է չեղյալ հայտարարել բաժնոտոմսերի ձեռքբերման գործարքը։ Եթե պահանջը բավարարվի, ապա, ըստ «The Wall Street Journal»-ի, Citigroup-ը կկորցնի 7.5 միլիարդ դոլար։ 2007թ. նոյեմբերին հիմնադրամը մի քանի միլիարդ դոլար էր տրամադրել բանկին՝ տարեկան 11% ֆիքսված դիվիդենտ ստանալու պայմանով։ Այդ պահին ամերիկյան բանկն արդեն մեծ կորուստներ էր կրել ճգնաժամի պատճառով։ Գործարքով նախատեսվում էր, որ Citi-ի բաժնետոմսերը այս տարվա մայիսին պետք է փոխանցվեին Adia-ին։ Հիմնադրամի ներկայացուցիչները պնդում են, որ կազմակերպությունը ստիպված կլինի վճարել իրական արժեքից 7.5 միլիարդով ավելի գումար, քանի որ գործարքի կնքման պահից ի վեր բանկի բաժնետոմսերը զգալիորեն արժեզրկվել են։ Եթե բանկը, այնուամենայնիվ, չհամաձայնի խզել պայմանագիրը, ապա Adia-ն 4 միլիարդ դոլարի հայց կներկայացնի՝ որպես կրած վնասի փոխհատուցում։ Citigroup-ն իր հերթին հայտարարել է, որ պատրաստվում է քայլեր ձեռնարկել հիմնադրամի անարդարացի (իրենց կարծիքով) հավակնություններից պաշտպանվելու համար։ Հիշեցնենք, որ ճգնաժամի պատճառով բանկը հայտնվել էր անդունդի եզրին եւ կարողացավ դիմակայել պայթելու վտանգին՝ տարբեր ներդրողներից (այդ թվում՝ օտարերկրյա) ներգրավված միջոցների հաշվին։ Իսկ 2008-ին փրկվելու համար Citigroup-ն արդեն ստիպված էր դիմել կառավարության օգնությանը։ Այժմ կառավարությունը, որը 20 միլիարդ դոլար է ներդրել եւ երաշխավորել բանկի՝ 300 միլիարդ ընդհանուր արժեքով ակտիվները, տիրապետում է նրա բաժնետոմսերի 34%-ը։ Ավելացնենք նաեւ, որ մինչեւ ճգնաժամը Citigroup-ը համարվում էր աշխարհի խոշորագույն բանկը, սակայն այժմ դիրքերը զիջել է Bank of America-ին եւ JP Morgan-ին։
536 միլիոն՝ համագործակցության համար
Շվեյցարական Credit Suisse բանկը կկատարի ԱՄՆ կառավարության պահանջը եւ 536 մլն դոլարի տուգանք կվճարի` Իրանի հետ համագործակցությունն արգելող սանկցիան խախտելու համար: Ինչպես նշում է ամերիկյան The New York Times պարբերականը` Credit Suisse բանկն օգնել է Իրանին եւ այլ երկրների՝ գաղտնի կերպով միլիոնավոր դոլարներ փոխանցել ամերիկյան բանկերի միջոցով: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Շվեյցարիայի երկրորդ խոշոր բանկը, իրականացնելով դրամային փոխանցումներ ամերիկյան բանկերի միջոցով, թաքցրել է այդ գումարների ծագման սկզբնաղբյուրի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ համագործակցել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության հետ: