Խնդիրներ է ունենալու

17/12/2009

«Սերժ Սարգսյանը խնդիրներ է ունենալու Արցախի, բանակի եւ ժողովրդավարական ընդվզման հետ կապված»,- երեկ նման հայտարարություն է արել քաղաքագետ Արմեն Աղայանը: «Հիշո՞ւմ եք` Դաշնակցության տոկոսն ինչքան փոքր էր քաղաքային ընտրություններում: Այդ, ըստ էության, հեղինակազրկված ուժն Արձանագրությունների ստորագրությունից հետո կարողացավ 15 հազարանոց հանրահավաք կազմակերպել»,- ասել է նա` ավելացնելով, որ դա ցանկացած իշխանությունների մտածելու տեղիք է տալիս: «Եթե նրանք շարունակեն գործել այս ուղղությամբ, ոչ մի երաշխիք չկա, որ վաղը նման մի ուժ 30 հազար չի հավաքի»: Lեռնային Ղարաբաղում, Աղայանի կարծիքով, նման իրավիճակ է: «Իհարկե, Երեւանի դրածոները Ստեփանակերտում չեն համարձակվում իրենց ղեկավարներին ուղղակիորեն ասել` «մենք դեմ ենք», բայց ասում են. «Գիտեք, եթե մենք այդպիսի բան անենք, ապա մեզ հետ այստեղ հաշվեհարդար կտեսնեն: Ղարաբաղի իշխանություններին հանգստացնելու համար Հայաստանի ղեկավարությունը ստիպված է պարբերաբար նրանց թույլ տալ իրենց բողոքն արտահայտել»,- ասել է նա: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Աղայանի կարծիքով՝ «ֆուտբոլային դիվանագիտությունը» մեզ ոչ մի բան չէր կարող տալ ի սկզբանե, եւ ըստ նրա` կորուստներն արդեն այսօր էլ ակնհայտ են: «Մասնավորապես, Արձանագրությունների ստորագրմամբ Հայաստանը բավական բարձր մակարդակով ճանաչեց Արեւմտյան Հայաստանի նկատմամբ Թուրքիայի գերիշխանությունը»,- հայտարարել է նա: Աղայանի կարծիքով՝ հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման դեպքում կորուստներն ավելի մեծ կլինեն: «Հայաստանի հաջորդ իշխանություններից շատ ավելի մեծ ջանքեր կպահանջվեն, որպեսզի չեղյալ հայտարարեն այս օրերին տեղի ունեցած քայլերը»,- նշել է նա: Ի դեպ, չնայած բազմիցս հնչող կարծիքներին, որ Սերժ Սարգսյանը համոզվել է թուրքական դիվանագիտության հետ խաղի բարդության մեջ, Աղայանը կարծում է, որ նախագահն ի սկզբանե գիտեր այդ մասին: «Նա գիտեր, որ թուրքերը պետք է խոսեն Արցախի մասին, եւ գիտեր, թե ինքը ինչ պիտի պատասխանի նրանց: Թուրքերն էլ գիտեին»: