Հունիսի 30-ին Չինաստանի Հանգշան քաղաքում տեղի ունեցավ «Միսս
Ինտերկոնտինենտալ-2005» գեղեցկության մրցույթը: Գեղեցկության հեղինակավոր
այդ մրցույթին 60 երկրների գեղեցկուհիների հետ մասնակցում էր «Միսս
Հայաստան-2003» մրցույթի 1-ին մրցանակակիր, «Միսս Տուրիզմ
Ինթերնեյշնըլ-2004» Անուշ Գրիգորյանը:
Հայ գեղեցկուհին գրավել էր 4-րդ մրցանակային տեղը: Հայաստան վերադառնալուց
հետո գեղեցկուհին որակազրկվեց «Միսս Ինտերկոնտինենտալ-2005» մրցույթից:
Գեղեցկության համաշխարհային կազմակերպությունը հաղորդագրություն էր
տարածել, թե իբր «Միսս Հայաստան» ազգային գործակալության նախագահ Կարեն
Արիստակեսյանը Հայաստանի գեղեցկուհուն 4-րդ մրցանակային տեղին
արժանացնելու համար ժյուրիի երեք անդամների կաշառք է տվել: Որակազրկելուց
հետո Անուշ Գրիգորյանի տեղը զբաղեցրեց Բրազիլիայի ներկայացուցիչը: «Միսս
Ինտերկոնտինենտալ» մրցույթի ժյուրիի անդամ Կարեն Արիստակեսյանի կարծիքով՝
գեղեցկուհի Անուշ Գրիգորյանն արժանի էր ավելիին, հաղթողի հավակնորդ էր,
սակայն հաղթող ճանաչվեց Վենեսուելայի ներկայացուցիչը: Կ. Արիստակեսյանի
հավաստմամբ, գործակալությունների այլ տնօրեններ եւս նույնպիսի կարծիքի
էին, որը հանգեցնում էր նաեւ ժյուրիի որոշ անդամների նախանձոտ
վերաբերմունքին: Իսկ, օրինակ, չինացիները շատ վրդովված էին, որ իրենց
երկրում մրցույթը կազմակերպելու համար ծախսվել է մոտ 1 մլն 200.000 դոլար,
իսկ արդյունքում չինացի գեղեցկուհին նույնիսկ չի ընդգրկվել հնգյակում:
Չինաստանում Հայաստանի տեղն անգամ չգիտեին, եւ նրանց համար զարմանալի էր,
որ բարձր որակավորում ունեցող մի գեղեցկուհի, փայլուն անգլերենով կարող է
ներկայացնել իրենցից շատերին անհայտ մի երկիր:
– Ով քիչ թե շատ ծանոթ է գեղեցկության մրցույթների ընթացքին, կհասկանա, թե
ինչ տեխնոլոգիաներ են կիրառվում: Ես ժյուրիի անդամներից որեւէ մեկի հետ
բանակցություններ չեմ վարել, առավել եւս՝ կաշառք չեմ տվել: Ես զերծ եմ այդ
մեղադրանքից եւ պաշտպանվելու կարիք չունեմ: Տեղի ունեցածը երկրների եւ
անձերի շահերի բախման արդյունք է: Ես չեմ համարում, որ մրցույթներից
որակազրկումը արտառոց երեւույթ է: Ցանկացած մարզական կամ այլ
մրցույթներում էլ այդպիսի դեպքեր գրանցվում են, եւ կարծես աղմուկն այդքան
մեծ չի լինում: Ճիշտ հակառակը, մենք այնքան ուժեղ էինք, որ չկարողացան մեզ
ներքաշել իրենց խաղերի մեջ, եւ իրենց միակ միջոցը մեզ որակազրկելն էր: Մի
ՍՊԸ, որն այս բնագավառում 34-ամյա պատմություն ունի եւ իր գրանցման
երկրում հազիվ թե այդպիսի մեծադղորդ համբավ ունի, հարձակվում է Հայաստանի
եւ հայ մարդու վրա ու փորձում ցուցադրել իր ֆինանսական կարողությունները,
ասում, թե իրենք ամենազոր են, պետք է ենթարկվես: Բայց չէ՞ որ որեւէ ՍՊԸ չի
կարող Հայաստանին քայլեր թելադրել:
Խաղի կանոնները շատ կոշտ են
Արտասահմանյան մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել «Գեղեցկության
մրցույթների» կեղտոտ խոհանոցի մասին: Եվ շատ հաճախ այսպիսի մրցույթները
նաեւ քաղաքականացված են: Այդ իսկ պատճառով նման մրցույթներին մասնակից
երկրների իշխանությունները հսկայական ֆինանսական միջոցներ եւ կապեր են
օգտագործում՝ իրենց երկրի ներկայացուցչին հաղթողի դափնեպսակ ապահովելու
համար: Նույնիսկ բոլորիս հայտնի ԽԹծ (ՈւՀԱ)-ի խաղերն են քաղաքականացված:
Հիշենք, թե մեր հարեւան Ադրբեջանը, սկզբում՝ հայր Ալիեւի, ապա նաեւ՝ նրա
որդու՝ Իլհամ Ալիեւի ակտիվ միջամտությամբ ինչպես էր հովանավորում ԽԹծ-ի
իրենց թիմին: Իսկ մեր տղաները, դռնեդուռ ընկած, հովանավորներ էին փնտրում,
իսկ իրենց երկրպագուները՝ թղթե դրոշներ ծածանում:
– Սովորաբար նման մրցույթները որոշակի երկրների համար են կազմակերպվում:
Օրինակ, այս մրցույթում գրեթե միշտ հաղթում են լատինաամերիկյան երկրների
ներկայացուցիչները: «Միսս Ինտերկոնտինենտալ-2005»-ում, օրինակ, հաղթող
ճանաչվեցին Վենեսուելան, Պուերտո Ռիկոն, հիմա նաեւ Բրազիլիան: Այս
մրցույթը առերեւույթ քաղաքականացված չէր, սակայն, այնուամենայնիվ,
Հայաստանի դեպքում քաղաքական խնդիրներ առաջացան, որովհետեւ ժյուրիի
կազմում էին նաեւ ազգությամբ թուրք եւ ադրբեջանցի անդամներ, ովքեր մեր
գեղեցկուհուն լավագույն հնգյակում ընդգրկվելու համար շատ ցածր միավոր
նշանակեցին: Միայն այս փաստն արդեն վկայում է ժյուրիի անդամներից ոմանց
կաշառք տալու ստահոդ լինելը: Ցածր միավոր նշանակելը նաեւ պայմանավորված էր
Ադրբեջանի ներկայացուցչի՝ 15 լավագույն գեղեցկուհիների շարքում չլինելով:
Ես առաջին անգամ տեղեկացա նաեւ, որ որոշ փոքր պետությունների
կառավարություններ նաեւ ֆինանսական աջակցություն են ցուցաբերել իրենց
ազգային գործակալություններին: Իսկ Հայաստանում անգամ
հեռուստահեռարձակումը
խնդիր դարձավ, եւ, օրինակ, «Ռուսական ստանդարտ» ընկերությունը հրաժարվեց
հովանավորելուց: Այնուամենայնիվ, վերջին պահին հովանավորեցին Գուրգեն
Արսենյանը եւ «Ավստրիական ավիաուղիները»:
Զարմանալին այն է, որ Հայաստանում չգնահատեցին այն, որ մեր հայուհին
ընդգրկվել էր հնգյակում, բայց երբ ոչնչից մեծ աղմուկ բարձրացավ, անմիջապես
բոլորը խառնվեցին իրար՝ հավասարվելով հայ գեղեցկուհու «բարեկամներին»: Ինչ
վերաբերում է հայ գեղեցկուհուն որակազրկելուն, ապա նրա առաջընթացի վրա
նրանց այս քայլը չի անդրադառնա, քանի որ նա, ցանկության դեպքում, իր
տվյալներով կարող է մասնակցել գեղեցկության եւ մանեկենության այլ
միջազգային մրցույթների: Մեր գործակալության խնդիրն է՝ գտնել այնպիսի
հայուհու, որի գեղեցկությունն ու մտավոր մակարդակը կբավարարի միջազգային
եւ մեր ազգային չափանիշներին:
Պրն Արիստակեսյանը համամիտ չէ այն տեսակետին, որ գեղեցկության միջազգային
մրցույթներում Հայաստանը դատապարտված է անհաջողությունների, քանի որ մեծ
աշխատանք է կատարվում հաջողության հասնելու համար: Հետաքրքիր է, որ
մրցույթին մասնակցել են պլաստիկ վիրահատությամբ աղջիկներ, եւ այդ խնդրին
կարեւորություն չի տրվել: «Միսս Ինտերկոնտինենտալ-2005» գեղեցկության
մրցույթին մասնակցող աղջիկներից շատերը կրծքի,
շրթունքների, քթի պլաստիկ վիրահատություն ունեին: Պրն Արիստակեսյանը հարց
է բարձրացրել, թե ինչո՛ւ չեն կարեւորում բնական գեղեցկությունը, նրան
պատասխանել են, թե կարեւորն այն է, որ վիրահատությունը չի երեւում:
Ժյուրիի կազմում էր ազգությամբ թուրք պլաստիկ վիրահատություններ կատարած
այն բժիշկը, որը վիրահատել էր մասնակից մի շարք երկրների գեղեցկուհիների:
Նման մրցույթների համար գոյություն ունեն միջազգային չափանիշներ`
90-60-90, հասակը՝ 1 մ 70 սմ եւ ավելի: Գեղեցկուհին պետք է հմայիչ լինի եւ
ունենա բնական գեղեցիկ ժպիտ: Վենեսուելան, որի ներկայացուցիչն այս
մրցույթում հաղթող ճանաչվեց, հայտնի է իր գեղեցկության դպրոցով: Եվ,
ընդհանրապես, գեղեցկության եւ մանեկենության դպրոց ունենալու եւ նման
մրցույթներին բարձր մակարդակով ներկայանալու համար մեծ ներդրումներ են
անհրաժեշտ: Իհարկե, սա չի նշանակում, որ ամեն պատահական մարդ, ով գումար
ունի, կարող է զբաղվել այդպիսի գործով: Դրա համար անհրաժեշտ է նաեւ հատուկ
բնավորություն:
Այսօր ամեն ինչն է առեւտրի վերածվել, մեծ ու փոքր երկրների շահեր են
բախվում, որը հաճախ չենք էլ կարող պատկերացնել, եւ զարմանալի չէ մեր երկրի
ներկայացուցչի հանդեպ նմանօրինակ վերաբերմունքը: Միայն ֆիլմերում եւ
արտասահմանյան մամուլում կարող ենք տեսնել կամ կարդալ այդ փակ ու կեղտոտ
խոհանոցի մասին: Հայաստանը առաջին անգամ էր մասնակցում այսպիսի
ներկայացուցչական մրցույթի (հինգ մայրցամաքներից՝ 61 ներկայացուցիչ): Եվ
բնական է թե՛ այդ կեղտոտ խոհանոցը, թե՛ քաղաքական եւ այլ շահերի բախումը:
Ու փոխարենը՝ կանգնենք մեր գործակալության, մեր գեղեցկուհու կողքին, մենք
փորձում ենք այլ դերակատարում ունենալ, անգամ խոչընդոտել գործակալության
եւ գեղեցկուհիների առաջընթացին: Ի վերջո, նրանք մեր երկիրն են
ներկայացնում: Մրցույթի մեկնելիս պետք է բարյացակամ վերաբերմունք
ունենանք, իսկ մրցույթներում հաջողություններ արձանագրելուց հետո պետք է
կարողանանք գնահատել: Ոչ թե մրցակցի կամ հակառակորդի խայծը կուլ տալով՝
ուրիշի ջրաղացին ջուր լցնենք:
Հ.Գ. Նկարներում ներկայացնում ենք «Միսս Ինտերկոնտինենտալ-2005» մրցույթի հաղթողին եւ մրցանակակիրներին: Դատեք ինքներդ: