Ուսյալ զավակների երկիրը

17/12/2009 Արա ԳԱԼՈՅԱՆ

Մի քանի օր առաջ այցելել էի Երեւանի պետական համալսարանի Աբովյան փողոցում գտնվող մասնաշենք: Միջանցքում մի աղջիկ թուղթ էր բաժանում: Վերցրեցի: Փոքրիկ թղթի կտորի վրա գրված էր՝ «Լայֆ քոմփնի Գիտություն գրուպ» եւ մեկ քաղաքային ու ինը բջջային հեռախոսահամարներ: Առաջարկում էին զանգահարել ամեն օր եւ ցանկացած ժամի: «Մենք աշխատում ենք ձեզ համար, եւ համար 1-ինն ենք Հայաստանում»,- տեղեկացնում էր «Գիտություն գրուպը»: Տեղեկացնում եւ տասը կետով իր ծառայություններն առաջարկում: Բազմաժանր ու բազմաբնույթ ծառայություններ: Ուսանողական ռեֆերատից՝ մինչեւ կուրսային աշխատանք: Գիտական նոր խոսքից՝ մինչեւ գիտափորձերի կատարում: Զանգահարեցի, հեռախոսը վերցնող աղջնակները հավատացրին, որ ընդունում են գիտության ցանկացած ոլորտի եւ ցանկացած մակարդակի հոդվածների, դիսերտացիաների, փորձերի պատվերներ: Ձեզ հարկավոր է նշել միայն ոլորտը, եւ երեկոյան համապատասխան մասնագետը կլսի պատվիրատուի առաջարկը, կճշտի ժամկետները եւ վարձավճարը: Անհրաժեշտության դեպքում կաջակցեն նաեւ ձեր անունից գրված հոդվածների հրապարակման հարցում: Վճարելուց բացի, դուք ոչ մի հոգս չունեք: Վճարեք ու խելամիտ ժամկետներում կստանաք բակալավրի, մագիստրոսի, գիտության թեկնածուի կամ դոկտորի կոչումը հավաստող դիպլոմ: Սովորելը, կարդալն ու նման թիթիզ բաներն ամենեւին էլ անհրաժեշտ չեն: Այլ կերպ ասած՝ թղթի փոքրիկ կտորի վրա տրված էր գիտության նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքն ամբողջությամբ ու հայ գիտական մտքի կործանման դատավճիռը: Տեսանելի ու սեղմ ժամկետներում սպասվող կործանման դատավճիռը: Այլեւս էական չէ, թե պետությունը որքան գումար ու այլ միջոցներ է հատկացնում կրթությանն ու գիտությանը: Ինչ էլ հատկացնի` անօգուտ է: Գիտության նկատմամբ ձեւապաշտական մոտեցումը արդեն հիմնահատակ ոչնչացրել է բովանդակային ամեն ինչ: 70-ական թթ. մոդայիկ էր դմբո երեխաների համար բարձրագույն կրթության վկայական ապսպրելը: Դուստրերի համար դա օժիտի անքակտելի բաղկացուցիչ էր: Տղաների համար՝ փափուկ աշխատատեղ դրստելու գրավական:

90-ականներից մոդայիկ դարձավ գիտական կոչում ունենալը: Կարծիք կա, որ դա սկսվեց գեներալիտետից: Ավելի ճիշտ` հայոց բազմաքանակ գեներալների կանանցից: Ճակատագրի բերումով նրանց մեծ մասը բանասիրական բարձրագույն կրթություն ուներ: Եվ երբ նրանց ամուսինները գեներալական ուսադիրներ ստացան, կանայք սկսեցին թեկնածուական դիսերտացիաներ պատվիրել, գնել ու պաշտպանել: Մոդան իր մեջ ներքաշեց նաեւ պետական պաշտոնյաների կանանց: Հետո արդեն՝ պետական պաշտոնյաներին: Ազգիս «ընտրովի» ու «ոչ այնքան ընտրովի» պաշտոնյաների մի մասը սեփականության վկայականների հետ սկսեց գիտական կոչման վկայականներ հավաքել: Գիտնական ծանոթներիցս մեկը պնդում է, որ մեր օլիգարխները, պետական չինովնիկները, նրանց հավասարեցված անձինք ու զավակները հանգիստ խղճով իրենց գիտական աշխատությունները կարող են հրապարակել արտասահմանյան գիտական պարբերականներում: Որովհետեւ դրանք պատշաճ որակ ունեն: Որովհետեւ դրանք պատվիրվել են մեր լավագույն գիտնականներին: Վճարովի գիտական ծառայություններ մատուցողներն իրենց ոլորտի ամենամրցունակ ու լավագույն մասնագետներն են: Բայց նրանց պետք չէ դիտարկել որպես բնական եւ, որ ավելի կարեւոր է, անսպառ հումք: Գիտության ոլորտի վիճակագրությունը արդեն մեկ տասնամյակից ավելի գիտական կադրերի ծերացման փաստ է արձանագրում: Ինչպես նաեւ` ուղեղների արտահոսք: Հայրենական գիտության ոլորտում հիմնականում մնում են ծերացող պրոֆեսիոնալներն ու դիսերտացիա պատվիրած կադրերը: Երկիրը վաղուց արդեն ուսյալ զավակին չի փայփայում հոր պես: «Նոր հայ» հայրերը վաղուց արդեն իրենց, սեփական (ու ոչ այնքան սեփական) կանանց ու զավակներին են ուսյալի վկայական ապահովում: «Գիտություն գրուպ» կազմակերպության թերթիկ-բիզնես առաջարկը ժամանակակից հայաստանյան գիտական մտքի դեգրադացիայի լավագույն ապացույցն է: Տասը կետով առաջարկվող ծառայությունները զուտ գրագիտության առումով անթերի չեն: Բայց սա չէ կարեւորը: Այլ այն, որ գիտական նորարարության, ամենատարբեր ոլորտների գիտական թեզերի ու ավարտաճառերի պատրաստման առաջարկը ավարտվում է «Տնայինների կատարման» պատրաստակամությամբ: Այսինքն՝ նույնիսկ դպրոցականները կարող են դիմել «Գիտություն գրուպին»: Բայց սա դեռ անկման վերջակետը չէ: «Գիտություն գրուպը» վերջին տողով առաջարկում է գուշակության ու մերսման ծառայություններ: Այ սա արդեն հայկական ժամանակակից գիտական մտքին վայել վիճակ է:

Հ.Գ. Մի քանի ամիս առաջ Հարկային տեսչությունը սպառնում էր հարկել կրկնուսույցներին: Հետաքրքիր է, «Գիտություն գրուպն» ու համանման ծառայություն մատուցող կազմակերպությունները գրանցվա՞ծ են մեր Հարկայինի մատյաններում: