Դատում են դատողին

17/12/2009

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության` Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետի կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից: Ըստ այդմ, նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Ոստիկանության` Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ՔՀԲ պետ Ա. Գրիգորյանն իր որդու` Վ. Գրիգորյանի եւ վերջինիս ընկերներ Հ. Սարգսյանի ու Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Գալստյանի հետ 2009թ. օգոստոսի 17-ին` ժամը 02-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող «Ռոսիա» ռեստորանային համալիրում վիճաբանության մեջ է մտել Գյումրի քաղաքի բնակիչներ Ա. Պապիկյանի եւ Ա. Իսկանդարյանի հետ, հայհոյել, բռնություն գործադրել նրանց նկատմամբ: Գործադրված բռնությունների հետեւանքով Ա. Պապիկյանը եւ Ա. Իսկանդարյանը ստացել են առողջությունը քայքայող թեթեւ մարմնական վնասվածք: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ա. Գրիգորյանին, Վ. Գրիգորյանին եւ Հ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Վ. Գալստյանին` ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: