– Բարեւ Ձեզ: Ինչպե՞ս եք:
– Շատ վատ (ծիծաղում է.- Մ.Մ.):
– Հայաստանում Ձեզ կարծես թե «Արարատ» երգով ճանաչեցին, այո՞:
– Այդ CD-ում «Արարատն» ամենաքիչ իմաստ ունեցող երգն էր:
– Իսկ մեծ կռիվ ունեցող Պստիկ զինվո՞րը:
– «Պստիկ զինվորը» սահմանը բանալու մասին է:
– Այսինքն` կո՞ղմ եք հայ-թուրքական սահմանների բացմանը:
– Այդ մասին նույնիսկ չարժե խոսել: Մարդկությունը պետք է չունենա փակ սահմաններ:
– Ձեր անուն-ազգանունը տարբեր ձեւերով են գրում: Ո՞րն է ճիշտը:
– Իմ ամբողջական անունը` Հարություն Արթո Թունչբոյաջյան է: Երբ մայրս մահացավ, ես դրեցի իմ իսկական անունը, որով ինձ դիմում էին` Հարություն Արթո: Այդպես ալ մնաց: Մտածում եմ` մի ձայնասկավառակ թողարկեմ եւ իմ ձայնով այդ մասին պատմեմ: Հիմա անձնագրիս մեջ ալ այդպես գրված է (ժպտալով` վերարկուի գրպանից հանում է անձնագիրն ու մատնացույց անում անուն-ազգանունը.- Մ. Մ.): Տեսա՞ք…
– Ձեր ղեկավարած խմբի անունը Armenian Navy Band է, այսինքն` հայկական ծովային նվագախումբ: Բայց Հայաստանը ծով չունի:
– Հիմա, երբ հեռուստացույց ես նայում, ասում են` «Արմենիա» նավին նախագահը շնորհավորում է: Ընդհանրապես, եթե նավը միայն ուղիղ շարժվելով լինի, ապա մեր Հայաստանում բան չի փոխվի: Իսկ մեր նավը գիտե՞ս որտեղ է հասել: Մեր դեպքում դա նշանակում է, թե մեր հավատքը որքան ուժեղ ու մաքուր է, եւ մենք ալ կարող ենք անգամ սարերու վրայից նավը տանել: Էսօր Նոյի տապանն էլ ծախել են-(ծիծաղում է.- Մ.Մ): Իսկականը մարդու սիրտն է ծով դառնում մեզ, ուրիշ ոչ մի բան չի կըրնա տանել: Մենք մեզի տանում ենք, հետո գալիս են ուտում, շնորհակալություն ասում` սպասելով, ասենք, հույներին: Մեզ մոտ` Ֆրանսիայի օրեր ենք անում ու կարծում ենք, թե մենք ֆրանսիացի դառանք:
– Կորցնում ենք մեր դիմագի՞ծը:
– Դե ուրեմն լավ գրեք` հետ բերենք: Շատ ժամանակ, երբ խոսում եմ, կեսից շատը ուրիշ բաներ են գրում` ոչ իրենք են հասկանում, ոչ ալ ընթերցողը: Գրում են` Արթոն սիրում ենք: Բայց ինչի՞ եք ինձ սիրում: Հա, ուրախ եմ, բայց որ շարժումը ճիշտ չենք տանում, ինչի՞ եք սիրում: Ժողովուրդը մեղավոր չէ: Մարդիկ կան, որ պիտի շնորհակալություն հայտնեն ժողովրդին` սեր ստանալու համար, ու այդ դեպքում հարյուր տոկոս այս հողի վրա մեռնելը` պրոբլեմ չէ, որովհետեւ մեռնելուց հետո է սկսում ամեն ինչ, թե ինչի՞ եւ ո՞ւմ հետ պիտի հանդիպենք: Սա շատ կարեւոր է: Ամենեն ամուրը հայ ըլլալն է Հայաստանում: Թուրքիայում ալ ինձ արտասահմանցու տեղ էին դնում, Հայաստանում ալ նույնպես, Ամերիկայում ալ արտասահմանցի եմ: Ես ասում եմ` բա լավ, իմ երկիրն ո՞ւր է: Հետո մտածում եմ, որ ես երկիր չունեմ, իմ երկիրը աշխարհքն է: Երբ մարդիկ սովորեն մարդու պես ապրել, աշխարհքը կդառնա ամենեն երկիրը: Ես էդոր հետ եմ: Ու ես պիտի այս խոսքերը տեղ հասցնեմ, որ աչքս բաց չմեռնեմ:
– Առաջին անգամ ե՞րբ եկաք Հայաստան:
– 1998-ին եկա Հայաստան: Ես ապրում էի Ստամբուլում, որտեղ տեղափոխվել էինք Սեբաստիայից: Թուրքիայից ալ մի օր թռա դեպի Նյու Յորք: 1981 թիվն էր: Հա, Թուրքիայում երկու տարի զինվոր եղել եմ:
– Փաստորեն մանկությունն անց եք կացրել Ստամբուլում: Ինչպիսի՞ն էր թուրք հասարակության վերաբերմունքը հայերի նկատմամբ: Հիշո՞ւմ եք:
– Թուրքերի պրոբլեմը հայի-թուրքի պրոբլեմը չէ: Իրենք իրենց մեջ մեծ պրոբլեմ ունեն: Թուրքիան պիտի երեք կողմ բաժանվի` մի մասն առանձին կըրնա մնա` ամեն ինչին ոչ ասելով, չնայած չեմ կարծում, որ էդի կըրնա ըլլալ, մի մասի միտքները պիտի փոխվի ընդհանուր ազգերի նկատմամբ, մի հատն էլ պիտի ըլլա մեծամասնությանը ինքնավարություն, անկախություն տալը: Իսկ Թուրքիայում մեծամասնությունը քրդերն են: Գենետիկ թուրքն ի՞նչ է: Եթե կըսեք, թե ի՞նչ է գենետիկ ամերիկացին, թուրքն էլ էդի է:
– Իսկ Թուրքիայի համար ի՞նչ երգ էիք գրել:
– Մենք Թուրքիայում մի ծրագիր ունեինք, որը կոչվում էր «Կորած հայեր»: Այդ ժամանակ ինձ հարցրեցին, թե ինչի՞ Թուրքիայի համար երգ չես գրում: Հետո գրեցի: Կոչվում էր «Նոր ծաղիկ»: Մարդիկ իրենց կյանքն են տվել ազգի համար: Ես ալ ընդհանուր կյանքս տվել եմ ազգիս անունը պահելու համար: Կոշիկներս տեսնո՞ւմ եք, մոդայի համար չեն վրայի ուլունքները (կոշիկի վրա բազմագույն ուլունքներ են ամրացված.- Մ. Մ): Էդ բոլորը իմ մահացած ընկերներին են հիշեցնում: Հրանտ Դինքն ալ իմ շատ լավ ընկերն էր: 1978-79 թվին ես զինվոր էի: Աչքովս տեսնում էի, թե ինչպես են զինվորները գյուղացիների շորեր հագնում, գնում կոտորում գյուղացիներին: Հետո ալ ասում էին` քուրդերը եկան կոտորեցին: Ու դժբախտությունը դարձրեցին բիզնես: Ի՞նչ է ցեղասպանությունը: Պատկերացնում ես` մարդ ըլլալով` ո՞ւր ենք հասել: Մի փաստաթուղթ, որի վրա համար դրինք, հետո` արժեք: Հիմա ալ այդ թղթի համար իրար են սպանում: Պատերազմի ժամանակ Թուրքիայում մի էրեխու հարցրեցինք, թե ի՞նչ է անունը: Ասաց` Ահմեդ: Հետո պարզվեց, որ հայրիկի անունը Հուսեյն է, իսկ մեծ հայրիկի անունը` Կարապետ: Հիմա ո՞վ է իմ թշնամին:
– Ձեր հեղինակած «200 խոսք, 200 միլիոն իմաստ» գրքում նշել եք, թե մտածում եք` որքա՞ն է մարդու մի կիլոն աշխարհի շուկայում քաղաքական գործիչների համար: Իսկ որքա՞ն է:
– Շատ ճիշտ է, որովհետեւ, մարդ ըլլալով, հասել են էդ տեղերը, որ մարդկանց են ծախում կիլոյով: Էսօր հանգիստ կըրնան ասել, քանի կիլո մարդ պիտի մեռնի: Օրինակ, ասում են` «Օ՜, այս հոկտեմբերին 160 հոգի պիտի սպանենք»: «Օ՜, լավ ամիս է»,- պատասխանում են մյուսները: Հիմա ասում են` խաղաղություն հաստատելու համար պիտի պատերազմ սկսենք: Բայց մարդուն սպանելով` ո՞նց կարելի ա խաղաղություն հաստատել: Նույն ձեւով ամերիկացիները մտան Իրաք, թուրքերը մտան Կիպրոս:
– Աշխա՞րհն է փոխվել:
– Այնպես կհարցնես, կարծես ես աշխարհքից դուրս ելել եմ ու մի օր նորից վերադարձել եմ: Պատասխանը կա յուրաքանչյուր մարդու մարմնի մեջ: Ի վերջո, ամեն մեկն էսօրվա նկարն է: Բայց որտե՞ղ սխալ արեցինք, ո՞նց էղավ, որ էսօրին հասանք: Երբ մենք ծնվեցինք, բանի պետք չունեինք: Էսօր նայում ես, տեսնում ես, մարդ ամեն ինչի ուզում ա հասնել: Շորի պետք չունեինք, հիմա` ունենք, հիմա ամաչում ենք: Դա էլ ենք մենք սարքել: Միտքն է դա սարքում: Միտքն ալ մարմնի մի մասն է: Բայց այդ ամեն ինչը բնական է, որը գալիս է այնտեղից, որտեղ սկզբից ձեզ խաբեցին (նկատի ունի կանանց.- Մ.Մ):
– Այնուամենայնիվ, Հայաստանի հասարակությունն ինչպիսի՞ն է:
– Ես տեսնում եմ մի կետ, որից բացի, ուրիշ մի բան չկա: Այդ կետի ներքեւում էլ ժողովուրդն է: Բալանս չկա: «Արարատ» երգը գիտե՞ս: CD-ի վրա պատկերված է մի ձեռք, որի մեջ հաց կա: Ինձ թվում է, թե կյանքը մի հաց է, որը պիտի լավ ձեւով բաժանվի: Բայց լավ ձեւով չեն բաժանում, եւ մարդը սոված է մնում: Սոված մարդն ամենավտանգավորն է:
– Բայց հացը գտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որ չեն ուզում բաժանել:
– Հա, բայց ես ուզում եմ, որ այդ ագահությունն իրենց բացատրեմ: Նրանք ուրիշ ձեւով կարող են բաժանել` տոկոսը վերցնելով, ասենք, վերցնեն ոչ թե 90 տոկոսը, այլ՝ 20: Այդ դեպքում նրանք կարող են անվերջ վերցնել, որովհետեւ 20 տոկոսը ժողովրդին չի խանգարի: Ինձ համար ամենամեծ արժեքը հույս տալն է ժողովրդին, նրա կրեատիվ տաղանդին վստահություն բերելը, ես ինձ մի ծառ եմ դարձրել ու պտուղներ եմ տալիս նրան: Ինձ համար հարստությունը ոչ թե վերցնելու մեջ է, այլ` տալու: Դու պիտի տաս, որ ժողովուրդն էլ քեզ տա: Ժողովուրդն իմ երեսի համար չի սիրում ինձ: Արարատն ալ չի սիրի: Ժողովուրդը զգում է, որ ես դուրս եմ ելել իմ մարմնից եւ իրենց մարմինն եմ ապրեցնում: Ես մարմին չունեմ: Ես մարդկության մարմինն եմ: Էսօր ամեն ինչ բիզնես ենք դարձրել: Կրոնն ալ: Ասում են` Աստված ասաց՝ 326 դոլար պիտի ուղարկես, որ աղոթքներդ տեղ հասնի: Եվ տալիս են: Մեկն ասում է` ես քեզ էս Աստծու անունով սպանում եմ, ուրիշն ասում է` Հիսուսին չես հավատում, դժոխք ես գնալու, հրեաներն ասում են` մենք առաջինն ենք: Մարդ ըլլալով` չեմ հավատում, թե սրանք Աստծու խոսքերն են: Ո՞նց կարող է Աստված ասել` գնա էս մարդուն սպանի: Այս բաների նկատմամբ պետք է ուշադիր լինել, որովհետեւ վարորդ ենք: Կան սխալներ, որոնք սովորում ենք, բայց կան նաեւ սխալներ, որոնք պարզապես վերջն են դառնում: Հիմա մենք մի շարժում ենք ուզում սկսել Հայաստան անվամբ: Իսկական իմաստը բոլոր հայերին մի տեղ հավաքելն է: Տարիներով կռվում եմ երկքաղաքացիության համար: Լավ, անձնագի՞րը ինձ պիտի հայ սարքի: Անցած տարի Լոնդոնի շրջանում 19 թուրք քաղաքապետ ընտրեցին: Ընտրողները թուրքերն էին եւ անգլիացիները: Հիմա դա ի՞նչ ա նշանակում, որ թուրքերը լավ լոբբի են անո՞ւմ: Իսկ ամենակարեւորն այն է, թե ոնց կարող ենք այդ շարժումն սկսել եւ գրավել օտարերկրացիներին:
– Լավ, իսկ ի՞նչ է պետք անել:
– Նախ` ի՞նչ ունենք մենք: Նավթ ունե՞նք, ոսկի ունե՞նք: Չէ, չունենք: Մի թուրք մարդու հարցրեցի, թե հայ ազգը ո՞վ է: Նա պատասխանեց, որ հայը արվեստագետ ժողովուրդ կըլլա: Պետք է սկսել մի զրոյից, եւ այն տեղ հասցնել: Շատ կարեւոր մի բան էլ` հայ ազգը իր կենտրոնում իմաստության հիմքեր ունի: Ես 5 տարի գնացի դպրոց, եւ գիտե՞ք` ինչի համար, որովհետեւ տարին 3 անգամ շոր էին տալիս: Մի սենյակի մեջ 6 հոգով էինք մնում: Բայց դա իմ կյանքի ամենալավ տարիներն էին: Կարեւորը վստահությունն է, հարգանքը մեկը մյուսի նկատմամբ: Աշխարհում մի նավթալինոտ միտք կա` ասում են` ինձ չհասկացան: Հա, բայց կարող է չկարողացար բացատրել: Իսկ ո՞նց կարելի է շարժումն անել: Ես իմ ձեւով եմ նայում, եւ դա չի նշանակում, թե իմ ասածն է լավը: Ես էս ամենին նայում եմ մաքուր ձեւով, եւ մարդկությանը վնասող բան չկա: Այսպես եմ պատկերացնում` նախեւառաջ ուշադիր պիտի ըլլանք էկոլոջիի (բնապահպանության) նկատմամբ: Մարդու մենյուն հենց բնությունն է: Պրոբլեմն այն է` թե էկոլոջին ո՞նց մտցնենք մեր կյանք: Օրինակ, Երեւանի Կենտրոնում տրանսպորտը փոխարինվի ֆայտոններով: Դրանից հետո` տաքսիներ ենք դնում` ֆիքսված թվերով: Ու կստանանք մաքուր սնունդ` մաքուր ծիրան, մաքուր հաց: Ասենք, ինչ-որ գյուղում փառատոն բացենք: Մարոկկոյում մի գյուղ կար, որտեղ փառատոն էին կազմակերպել: Մոտ 650.000 հոգի գնացին այդ փառատոնին: Տեսա՞ք` տուրիզմը ոնց զարգացավ: Ու ամենակարեւորը` տուրիստների նկատմամբ հարգանքն է: Փառատոնը պիտի չլինի նույն ձեւով, ասենք, ոնց որ Գերմանիայում: Առաջարկում եմ աշխարհի բոլոր հայերին` ամիսը մի դոլար տալ: Ինչքան հայ ունենք, էդքան փող կհավաքվի, որը ամեն ամիս կտանք որեւէ գյուղի: Կարելի է հաշմանդամ երեխաների փառատոն բացել: Շարժման մասին կարելի է տարիներով խոսել, բայց այս ամեն ինչը պիտի քեզնից գա` ո՞նց ես պատկերացնում կյանքը: Հայերին ամենախանգարող բաներեն մեկը ամոթն ու վախն է: Հիմա ինձի կասեն` արա, դուն ո՞վ ես, որ էկել ես էսպիսի բաներ ես ասում` ոչ էլ դպրոց ես ավարտել: Պիտի ազատ լինես, երբ թեկուզ մի բան չես սիրում, չասես այդ մասին, այլ ասես՝ բարեւ, ո՞նց ես, այսինքն` հարգանք ցուցաբերես ամեն մեկի նկատմամբ:
– Գուցե ժողովուրդը դա զգալո՞վ է փոխհատույց լինում Ձեզ նաեւ մրցանակների տեսքով, ինչպես դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում «Armenian music Award»-ում «Արարատ» երգի համար ստացած մրցանակը: Շնորհավորում եմ:
– Ո՞նց, շահե՞լ ենք: Դա ցույց են տվել տելեվիզիոնո՞վ: Չգիտեի, ինձ ուղղակի նկարեցին, եւ ես էլ շնորհակալական խոսք ասացի:
– Ձեր տղայի անունը Սեթո՞ է:
– Այո:
– Հենց նա է ստացել Ձեր մրցանակը (բառերի փոխարեն նա պարզապես ձեռքս սեղմեց.- Մ.Մ.): Քանի՞ երեխա ունեք:
– Ընդհանուր իմ մարմնից դուրս ելածնե՞րը (ծիծաղում է.- Մ.Մ.): Երկու երեխա ունեմ` Սեդրակը եւ Վալանտինը: Ծնողներիս անուններն են: Մեկը 21 տարեկան է, մյուսը՝ 23: