Աֆրիկացիների համերգը վերածվեց հայկական խնջույքի

07/09/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Ավանգարդ ֆոլկ» երաժշտական ակումբում հինգօրյա համերգային ծրագրով հանդես
էր գալիս «Adesa» աֆրիկյան խումբը, որը ներկայացնում էր աֆրիկյան ազգային
երաժշտությունը: Խմբի նպատակն է երաժշտության միջոցով ներկայացնել իրենց
ազգային ավանդույթներն ու ծեսերը։ Դա նման էր ուրախ տոնախմբության:
Գանայում ծնված երաժիշտները կարողացան հանդիսատեսին մասնակից դարձնելով՝
համերգը վերածել իսկական հայկական «քեֆի»: Գանայի երաժիշտները պարբերաբար
օգտագործում էին հայերեն բառեր եւ հիացած էին Հայաստանով: «Adesa» խմբին
լսելու էին եկել եւ ռոքի, եւ ջազի, եւ ազգային երաժշտության սիրահարներ:
Խումբը ներկայացնում էր նաեւ աֆրիկյան ազգային պարը: Նրանց թե՛
երաժշտության, թե՛ պարային շարժումների եւ թե՛ դիմահարդարման մեջ
արտացոլված էին ազգային խորհրդանիշերը: «Adesa»-ն հայրենիքում երաժշտական
թատրոններ ունի: Նրանք թատրոնի միջոցով սաներին կրթում ու դաստիարակում են
մարդկային կյանքի եւ բնության ներդաշնակության գաղափարներով ու հաղորդում
են Գանայի մշակույթը, ավանդույթները: «Adesa»-ի անդամները պատկանում են
Աֆրիկայում փոքրամասնություն համարվող այն խմբին, որոնք բնակվում են
Գանայի մայրաքաղաք Ակրայի ծայրամասերում: Աֆրիկայում Գանայի մարդիկ
համարվում են նավաստիներ ու ձկնորսներ: Թագավորական ընտանիքի դուստր
Քորկոի Օդամետեյը պարուհի է: Հանդիպելով ազգությամբ գերմանացի Նիի Այի
Կոնենին՝ նա սիրահարվել է եւ ամուսնացել նրա հետ: 1989 թ. ազգությամբ
աֆրիկացի պարուհի եւ գերմանացի երաժիշտ ամուսինները համարձակվում են խումբ
ստեղծել, որի նպատակն է սկզբունքորեն պահպանել Գանայի ծիսական
երաժշտությունը, միեւնույն ժամանակ՝ այն համեմելով այլ մշակութային
ազդեցություններով: «Adesa» երաժշտական թատրոնը եվրոպական գրեթե բոլոր
երկրներում հանդես է եկել պրեմիերաներով: Խմբի անդամներն այնքան հիացած են
եղել Հայաստանով, որ մեկնելիս օդանավակայանում նույնիսկ հուզվել են՝
խոստանալով հունվար-փետրվար ամիսներին կրկին գալ հյուրախաղերի: