70-ականներին Կադաֆին գտնվում էր խորհրդային դիվանագետների ուշադրության կենտրոնում: Նա հիշեցնում էր դրամատիկական-կատակերգական ժանրի հերոսի, որի գործողությունները մի կողմից՝ ծիծաղի առարկա էին դառնում, մյուս կողմից` հանգեցնում էին հերթական ահաբեկչության, միջազգային միջադեպերի եւ սկանդալների:
I Աֆրիկյան բաժնի Լիբիայով զբաղվող մեր ընկերները պարբերաբար նորություններ էին պատմում Լիդերի մասին, ինչը բաժնում դառնում էր սրախոսությունների եւ ուրախության առարկա: Սակայն 1978 թ.-ի հունվարյան մի առավոտ, ամենօրյա խորհրդակցության ժամանակ, այն, ինչ հայտնեց բաժնի վարիչ Ալեքսեյ Շվեդովը, վեր էր երեւակայության սահմաններից:
Պարզվում է, որ գիշերը նրան հանել են անկողնուց եւ շտապ կանչել Շերեմետեւոյի միջազգային օդանավակայան: Այնտեղ է արդեն գտնվել նախարարի տեղակալ Վասիլի Կուզնեցովը` իր օգնականներով, Պետանվտանգության կոմիտեի աշխատակիցները, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Կուզնեցովին զեկուցում են, որ մեկ ժամ առաջ պետական սահմանն անցել է «Բոինգ 707»-ը: Ի պատասխան արված հարցման, ինքնաթիռից հայտնել են, որ «գնդապետ Մուամար Կադաֆին հյուր է գալիս իր եղբայր Բրեժնեւին»: Բարեբախտաբար, հակաօդային պաշտպանությունը չի կասեցնում թռիչքը, ինչպես արվեց մի քանի տարի անց հարավկորեական մարդատար ինքնաթիռի հետ, որի բոլոր ուղեւորներն ու անձնակազմը զոհվեցին:
Մի խոսքով, Կադաֆին ձեռնարկել է այցելություն, որի մասին մինչ այդ ակնարկ անգամ չի եղել: Շուտով լիբիական ինքնաթիռը իրոք վայրէջք է կատարում ու անշարժանում: Մոտենում է շարժասանդուղքը: Դուռը բացվում է, եւ զինվորական համազգեստով սպան վերեւից հարցնում է.
– Իսկ եղբայր Բրեժնեւը եկե՞լ է իր եղբորը դիմավորելու:
Ներքեւից պատասխանում են, որ խորհրդային ղեկավարությունը Կադաֆիին կընդունի վաղը, իսկ հիմա նրան հրավիրում են պետական առանձնատուն` հանգստանալու: Սպան հեռանում է: Դուռը` փակվում: Դիմավորողները սպասում են: Հանկարծ` խախտելով անվտանգության բոլոր կանոնները, ինքնաթիռի շարժիչները սկսում են աշխատել: Շարժասանդուղքն արագ հեռացնում են, իսկ դիմավորողները` գրեթե վազելով հեռանում: Ինքնաթիռը շարժվում է դեպի թռիչքուղի եւ օդ բարձրանում:
Շվեդովը հաղորդումը սկսեց լուրջ դեմքով, սակայն, լինելով հումորի տեր անձնավորություն, բոլոր ներկաների հետ բարձրաձայն ծիծաղով ավարտեց այն:
Իսկ Կրեմլի ղեկավարությունը զայրացել էր: Բայց զայրույթի հակազդեցությունը համարժեք չէր վերեւից իջեցված հրահանգին. «Կազմակերպել Կադաֆիի պաշտոնական այցելությունը ԽՍՀՄ»:
Բաժինը հույս չուներ, որ իր «եղբայր Բրեժնեւից» վիրավորված Կադաֆիին կհաջողվի բերել Մոսկվա: Շվեդովը, տաղանդավոր Շվեդովը (համոզված եմ, որ այս խոսքերի տակ կստորագրեն խորհրդային բոլոր դիվանագետները) ընդամենը մեկ տարի հետո կազմակերպեց այդ այցելությունը: Այն անցավ հաջող, բայց` արկածներով: Կադաֆին առաջին օրը հրաժարվեց սենյակից դուրս գալ` պատճառաբանելով, որ աստղերի դասավորվածությունն այն չէ, իսկ հաջորդ օրը, Պաշտպանության նախարարություն այցելելու փոխարեն, ցանկություն հայտնեց ներկա գտնվել որեւէ մահմեդականի հուղարկավորությանը: Շվեդովը կեսկատակ-կեսլուրջ դիմեց չեկիստներին. «Չսպանե՛ք, բայց գտեք նոր մահացած մահմեդականի»: Հաշվված ժամերի ընթացքում հաջողվեց գտնել մոսկովյան թաթար հավաքարարների մի ընտանիքի, որին` Կազանից հյուր եկած ազգականը նախօրեին վախճանվել էր: Ի ուրախություն հավաքարարների ընտանիքի, Նախարարների խորհրդի պահուստային ֆոնդի հաշվին, տեղն ու տեղը, կազմակերպվեց ազգականի թաղումը: Սակայն արարողության ընթացքում հրավիրված Կադաֆին հանկարծ ընդհատեց այն` հայտարարելով, որ կանոնները խախտվում են: Հնարամիտ Շվեդովն առաջարկեց, որ ի՛նքը` պատվավոր հյուրը, անցկացնի արարողությունը: Նա հաճույքով համաձայնեց եւ ավարտեց այն:
Հեղինակի անձնական արխիվից
…Այսպիսով, Հակոբովին սպասում էր Լիբիան՝ իր կամակոր, հանելուկային եւ անկանխատեսելի Լիդերով: Ի պատիվ իրեն, նա անցավ այդ դժվարին քննությունը, ինչը չէր հաջողվել իր նախորդներին:
Լճացման տարիներին Խորհրդային Միությունը մեծ թափով զարգացնում էր ռազմական արդյունաբերությունը: ԽՍՀՄ-ը միայն տանկ արտադրում էր մոտավորապես այնքան, որքան ողջ աշխարհը: Ռազմական հզորությունը եւ համանման օգնությունն աստիճանաբար դարձան խորհրդային արտաքին քաղաքականության գլխավոր բաղկացուցիչը: Այդ քաղաքականությունն առանձնապես ցցուն երեւում էր երրորդ աշխարհում, որտեղ ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ սուր պայքար էր ընթանում շուկաների համար:
Մոսկվայի ամենաշահավետ շուկաներից մեկը Լիբիան էր, որը պատերազմում էր Չադի դեմ, իսկ Խորհրդային Միության հետ զարգացնում էր լայն ռազմական համագործակցություն: Միայն խորհրդականների թիվը այնտեղ հասնում էր 2500-ի: Երբ Հակոբովը ժամանեց Տրիպոլի՝ երկրի պարտքը Խորհրդային Միությանը կազմում էր 21 միլիարդ դոլար: Նա երեք տարում այն իջեցրեց 2,3 միլիարդի:
Կադաֆին, որ ընդհանրապես դեսպաններին չէր ընդունում, ընդունեց նրա հավատարմագրերը:
– Ես հեռակա գիտեմ Ձեզ, Նասերը պատմել է Ձեր մասին,- ասել է նա: -Տեղյակ եմ, թե ինչ դեր եք ունեցել «Վեցօրյա պատերազմում» Եգիպտոսի ջախջախված զինված ուժերի վերականգնման գործում: Օգնեք ինձ` իմ բանակը բարձր մակարդակի վրա դնելու համար:
Սկիզբը կարծես թե խոստումնալից էր: Ստորագրվեցին ռազմատեխնիկական համագործակցության մի շարք նոր համաձայնագրեր: Հակոբովի վարկը նկատելիորեն բարձրացավ, վստահությունը նրա նկատմամբ ամրապնդվեց: Սակայն Կադաֆին մնում էր Կադաֆի, եւ նրա հետ աշխատելը պահանջում էր մտքի ճկունություն, կամքի լարում եւ հաճախ` ոչ ստանդարտ մոտեցում: Բոլոր իրավիճակներում Հակոբովը կարողացել է պաշտպանել իր երկրի շահերը` համարելով այն պատվախնդրության հարց, եւ ապացուցել, որ ինքը ներկայացնում է հզոր պետություն, որին պետք է հարգել եւ հաշվի նստել հետը:
– Բաթումիի նավթամշակման գործարանը աշխատում էր միայն լիբիական նավթով, իսկ լիբիացիները դադարեցրին առաքումը,- պատմում է նա,- Մոսկվան ուղարկում է հեռագիր հեռագրի հետեւից՝ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Կատուշեւի ստորագրությամբ: Հայտնելով, որ խնդիրը քաղաքական բնույթ ունի, Վրաստանում կարող են գործադուլներ սկսվել, նա խնդրում է ուղարկել թեկուզ մեկ տանկեր: Մի քանի անգամ դիմում եմ տեղական ղեկավարությանը: Անօգուտ: Պատասխան չկա, եւ վերջ: Գնացի Արտգործնախարարության արարողակարգի շեֆի մոտ, սեղանին դրեցի դիվանագիտական քարտս եւ ասացի. «Հաղորդե՛ք Ջելուդին, որ եթե երկու օրում նավթը չբարձվի, թողնում եմ Ձեր երկիրը»: Ո՞ւմ է պետք այն դեսպանը, որը չի կարող իր երկրի համար հսկայական պարտքի դիմաց մի տանկեր նավթ ստանալ: Վերադառնալով դեսպանություն` հայտնեցի ԱԳՆ, որ հարցը չլուծվելու դեպքում խնդրում եմ ինձ ետ կանչել: Ես լավ էի հասկանում, որ վտանգում եմ իմ կարիերան:
Չանցած երկու ժամ` զանգահարում է անձամբ Ջելուդը. «Սաֆիր, նավը բեռնված դուրս է գալիս նավահանգստից»:
Ես փորձեցի պատկերացնել, թե իմ ծանոթ դեսպաններից ո՞վ կհամարձակվեր դիմել նման քայլի, եւ չկարողացա պատասխանը գտնել:
Սմոլենսկայա հրապարակում այն կարծիքը կա, որ Կադաֆիի հետ աշխատած ամենահաջողակ դեսպանը Հակոբովն է եղել: Կադաֆին խորապես հարգում էր Հակոբովին եւ հաշվի էր նստում հետը։ Նա պարգեւատրվել է «Լիբիական բանակի ամրապնդման համար» շքանշանով: Կադաֆին չի մոռանում դեսպանին եւ ամեն տարի հրավիրում է ազգային տոնակատարություններին:
Թվում էր, թե նա դեռ երկար էր «նստելու» Լիբիայում, սակայն երեք տարի հետո նրան ուղարկում են թոշակի: Հրաժեշտի ժամանակ Կադաֆին դժգոհել է Հակոբովի մեկնելու կապակցությամբ եւ հետաքրքրվել, թե ինչո՞ւ է գնում: Ասել է, որ «իրենք հարմարվել են մեկմեկու, եւ առջեւում համագործակցության հեռանկարներ կան»: Հակոբովի պատճառաբանությունները՝ կապված տարիքի, ռոտացիայի` կադրային փոփոխության եւ այլ պարագաների հետ, չեն համոզել Կադաֆիին, եւ նա արել է դեսպանի համար ծանր ընդհանրացում:
– Հավանաբար արաբներին հասկացող դեսպաններ պետք չեն Մոսկվային: Գորբաչովը, Շեւարդնաձեն եւ Յակովլեւը վաղուց ծախվել են արաբներին:
Շեւարդնաձեն, որը միեւնույն ժամանակ պաշտոնաթող էր եղել եւ ստեղծել էր Արտաքին քաղաքական ընկերություն, առաջարկում է նրան իր տեղակալի պաշտոնը: Իսկ երբ վերադառնում էր Թբիլիսի, Հակոբովին առաջարկում է իր դիվանագիտական խորհրդականի պաշտոնը: Հակոբովը մերժում է` ասելով. «Վրաստանը վրացիների համար է»:
«Ես ամենուրեք մնացել եմ հայ»
Հակոբովը իսկական հայրենասեր է: Կապված է Հայաստանի հետ, լինում է հայրենիքում, հետաքրքրվում նրա կյանքով, Մոսկվայում միշտ շրջապատված է հայրենակիցներով, մանավանդ` Ախալքալաքի հայերով: Մտահոգված է Հայաստանի այսօրվա վիճակով եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով: Մեր ապագան տեսնում է Ռուսաստանի հետ, նրա կողքին, որի հզորության վերածնունդը համարում է անխուսափելի, ժամանակի խնդիր: Հակոբովի նման մտածել եւ այժմ էլ մտածում են Ռուսաստանի բոլոր հայազգի դիվանագետները:
Մայրենի լեզվի թույլ իմացությունը կամ, ինչպես Հակոբովն է ասում` «գյուղական լեզուն», նրա մոտ, ըստ երեւույթին, առաջացրել են թերարժեքության բարդույթ: Մի քանի անգամ պատմել է կյանքի հետեւյալ դրվագը:
– Ես երրորդ քարտուղար էի, երբ Սիլվա Կապուտիկյանն այցելեց Կահիրե: Դեսպանը հանձնարարեց օգնել եւ ուղեկցել նրան, ինչն ինձ համար մեծ պատիվ համարեցի: Առաջին իսկ օրվանից բանաստեղծուհու կողմից զգացի մի տեսակ կանխակալ վերաբերմունք: Պատճառը` լեզուն էր:
Հրաժեշտի երեկոյին դեսպանը խնդրեց Կապուտիկյանին կարդալ հայերեն որեւէ բանաստեղծություն` «զգալու համար այդ լեզվի բուրմունքը եւ երաժշտությունը»: Նա սրահում հայացքով գտավ ինձ եւ նայելով ուղիղ աչքերիս` արտասանեց «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը: Ես ամբողջ կյանքում կհիշեմ, թե ինչ արտահայտությամբ նա ավարտեց. «Թե մո՛րդ անգամ մտքից հանես,// Քո մա՜յր լեզուն չմոռանա՛ս…»: Դա իմ հասցեին ուղղված հանդիմանանք էր: Շրջագայությունից հետո գրված «Քարավանները դեռ քայլում են» գրքում Կապուտիկյանը հիշատակում է իր հանդիպած բոլոր դիվանագետներին` բացի ինձնից: Տարիներ անց, Մոսկվայում հանդիպեցի անվանի բանաստեղծուհուն, ում պոեզիան շատ եմ սիրում, նա ներողություն խնդրեց գրքի կապակցությամբ եւ ավելացրեց. «Հետագայում ես հասկացա, որ հայ լինելու պայմանը լեզվի անպայման իմացությունը չէ:
Հակոբովը սիրով է հիշում Արամ Խաչատրյանի այցելությունը Եգիպտոս, որի ընթացքում նա կազմակերպեց տաղանդավոր նկարիչ Սիմոն Սամսոնյանի կողմից կոմպոզիտորի դիմանկարի վրձնումը: Մինչ այդ Սամսոնյանը ստեղծել էր Կապուտիկյանի դիմանկարը եւս: Երբ հայաստանցիները եւ արտասահմանյան հյուրերը Պետական պատկերասրահում գեղագիտական հաճույք են ստանում եգիպտահայ նկարիչներ Աշոտ Զորյանի եւ Սամսոնյանի նկարներից եւ երկար կանգնում են Սարգիս Խաչատրյանի «Հայ փախստականներ» հայտնի կտավի առաջ, հավանաբար չգիտեն, որ այդ գործերը հայտնվել են Հայաստանում Հակոբովի ջանքերով: Նա իր հնարավորությունների սահմաններում օգնել է նաեւ Հայաստանի նորաստեղծ դիվանագիտությանը. Լեւոն Տեր-Պետրոսյանի խնդրանքով մասնակցել է Հայաստանի, Արաբական Էմիրաթների եւ Քուվեյթի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Իրաքի փոխնախագահ Թարիք Ազիզի խնդրանքով հանդիպել է Բաղդադի հայ համայնքի ղեկավարության հետ եւ բանակցել Երեւանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ:
Սակայն Հակոբովը որոշ դժգոհություն ունի նաեւ հանրապետության ղեկավարության նկատմամբ:
– Անփույթ, ես կասեի՝ քամահրական վերաբերմունք կա Ռուսաստանի հայ դիվանագետների նկատմամբ,- ասում է նա: -Հայաստանում մոռանում են, որ տասնյակ տարիներ ներկայացնելով հզոր Խորհրդային Միությունը` մենք պաշտպանել ենք նաեւ նրա շահերը: Այսօր, երբ այդ պետությունը չկա, մեզ` պաշտոնաթող հայազգի դեսպաններիս, իրավաժառանգության առումով կարելի կլիներ դիտել նաեւ որպես Հայաստանի դիվանագետներ եւ մեր նկատմամբ սահմանել որոշակի կարգավիճակ: Դրանից հանրապետությունը միայն կշահեր: (Հակոբովը, հավանաբար, չգիտե, որ նման կարգավիճակից զրկված են անգամ Հայաստանի պաշտոնաթող դեսպանները):
– Երբեմն մեզ` ովքեր հայաստանաբնակներ չեն,- շարունակում է նա,- մեղադրում են, որ մայրենի լեզուն չգիտենք, պատմությանը եւ մշակույթին ծանոթ չենք: Մեզանից շատերը թերեւս հայաստանցիներից վատ չգիտենք մեր անցյալը եւ ներկան, իսկ ինչ վերաբերում է լեզվին, ապա դա ոչ թե մեր մեղքն է, այլ մեր դժբախտությունն է: Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ ծննդյանս առաջին օրվանից մինչեւ այսօր եղել եմ, կամ ու կմնամ հայ հայրենասեր: Գիտակցական կյանքիս յուրաքանչյուր քայլ անելիս՝ խորհելով, թե այն ինչպես կանդրադառնա իմ ժողովրդի վրա: Ճիշտ է` ներկայացրել եմ ԽՍՀՄ-ը, բայց ուր էլ որ եղել եմ, մնացել եմ հայ: Ամեն ինչ արել եմ լինելու համար այնպիսի բարձրության վրա, որը պահանջվում է հայից: Սա է եղել իմ կյանքի նշանաբանը:
Ընտանիքի ավանդույթները շարունակվում են
Ռուսաստանի Արտգործնախարարության ծառայողական հեռախոսագրքում կան երկու Հակոբովներ` Պողոս եւ Սերգեյ` հայր եւ որդի: Հայրն ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան, որդին` Սերգեյը, դեսպանորդ-խորհրդական է, այսինքն` կանգնած է դեսպանից մեկ աստիճան ցածր: Սա` կոչումի առումով: Իսկ ի պաշտոնե նա Ռուսաստանի ԱԳՆ-ի Լատինաամերիկյան երկրների դեպարտամենտի փոխտօրենն է: Ունի տասնամյակների աշխատանքային հարուստ փորձ Հարավային Ամերիկայում:
Դիվանագետ է պատրաստվում դառնալ Սերգեյի դպրոցական որդին: Մաղթենք ամենայն բարիք եւ հաջողություն հայազգի դիվանագետների ավանդական գերդաստանին: