Խորհուրդներ տնային տնտեսուհիներին

17/12/2009

Ծաղկակաղամբով կարկանդակ

Պահանջվում է 250գ ալյուր, 2 ձու, 250 գ ծաղկակաղամբ, 250 գ մանր տեսակի լոլիկ, 100 գ մանր շամպինիոն, 100գ պանիր, 150գ կաթնաշոռ, 1 բաժակ սերուցք, 6 ճ գ բուսական յուղ, կես թեյի գդալ խմորիչ, աղ եւ սեւ պղպեղ:

Կաթնաշոռը խառնել բուսական յուղի, աղի, 1 ձվի սպիտակուցի, ալյուրի եւ խմորիչի հետ: Խմորը հունցել եւ դնել սառնարանում: Ծաղկակաղամբը 5 րոպե եփել աղով համեմված ջրում, ապա ջրքամել: Սերուցքը հարել 1 ձվի եւ 1 դեղնուցի, քերիչով անցկացրած պանրի հետ, համեմել աղով եւ պղպեղով, այնուհետեւ ավելացնել կտրատած բանջարեղենը: Խմորը տարածել բուսական յուղով պատած կապարի մեջ, վրան ավելացնել միջուկն ու 45 րոպե թողնել ջեռոցում:

Կարկանդակ տավարի լյարդով

Անհրաժեշտ է 1 կգ խմորիչով պատրաստված խմոր, 300 գ տավարի լյարդ, 1 բաժակ հնդկաձավար, 2-3 ճ գ կարագ, 1-2 գլուխ սոխ, 3 եփած ձու, աղ, սեւ պղպեղ:

Լյարդը եւ սոխը մանր կտրատել, կարագով տապակել, աղ անել ու պղպեղ: Հնդկաձավարը եփել աղով համեմված ջրի եւ մանր կտրատած ձվի հետ, ավելացնել տապակած լյարդի զանգվածին:

Խմորն օվալաձեւ գրտնակել կարագով եւ ալյուրով պատած տապակի վրա, վրան տարածել միջուկն ու ծայրերը ամրացնել իրար, մի քիչ այն տեղափոխել ջեռոց ու եփել` մինչեւ վարդագունելը: