«Շատ եմ սիրում տատիկի դեր խաղալ»

07/09/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Կարգին հաղորդումը» հեռուստատեսային երգիծական հաղորդումների մեջ շատ
արագ գրավեց հեռուստադիտողի համակրանքը: Այժմ Հայկոն եւ Մկոն արձակուրդի
մեջ են: Հայկոն՝ Հայկ Մարությանը, միանգամայն հարգելի պատճառով գտնվում է
Չեխիայում, քանի որ Հայկի ազգությամբ չեխ կինը շուտով նրան երեխա
կպարգեւի: Իսկ Մկոն՝ Մկրտիչ Արզումանյանն, արձակուրդը վայելում է ընտանիքի
կենցաղային հարցերը լուծելով: Այդ իսկ պատճառով, մենք Մկոյին փոքր-ինչ
կտրեցինք կենցաղային խնդիրներից: Հարցազրույցի ընթացքում, անկեղծ ասած,
դժվար էր Մկոյին իր ամբողջական անունով (Մկրտիչ) դիմելը:

– Հատկապես Ռուսաստանում մարդիկ 3 օր պարապում էին ամբողջական անունս
սովորելու համար: Իրար ետեւից բաղաձայներն արտասանելը դժվար է, ասում էին՝
Մքռթիչ, բայց հետո երբ սովորում էին, շատ էին ուրախանում, կարծես տասը
քայլ առաջ են արել դեպի կյանք:

– Ինչպե՞ս եք վայելում արձակուրդը:

– Անցյալ տարվա արձակուրդն եմ վայելել: Ինչպես բոլոր հայերը, այնպես էլ
մենք՝ ավանդական տարազները հագանք ու մեկնեցինք ծովափ, Անթալիա: Հիմա
դարդս ինչն է՝ այս տարի չենք կարող մեկնել, որովհետեւ զբաղված եմ
բնակարանիս վերանորոգման աշխատանքներով, ամեն օր գաջի հետ եմ առնչվում:
Կան պարտաճանաչ եւ անպարտաճանաչ շինարարներ. ժամանակին չհետեւեցի
շինարարական աշխատանքներին եւ հիմա, ստիպված, անպարտաճանաչ շինարարների
թերություններն ենք շտկում: Իսկ Հայկը հանգիստը վայելում է Չեխիայում եւ
այնտեղից կգա հանգստացած ու կարմիր թշիկներով: Հայկը մոտ օրերս հայր
կդառնա: Երեխայի ծնունդից վեհ բան չկա: Երբ երեխան ծնվում է, ապրածդ
ջնջվում է, մի կողմ ես դնում ու սկսում ես երեխայիդ համար նորովի ապրել:
Այն, ինչ կատարվել է մինչեւ երեխայիս ծնվելն, արդեն մոռացել եմ, հիշում եմ
այն ամենն, ինչ կատարվել է նրա ծնունդից հետո: 4 տարի առաջ՝ աղջկաս
ծնունդի հետ կյանքս նոր իմաստ ձեռք բերեց: Արժեքային փոփոխություն եղավ,
ներաշխարհս փոխվեց, երեխայի՝ «մամա», «պապա» ասելիս՝ այլ կերպ ես
ուրախանում, դրական լիցքեր ես ստանում: Մեր աշխատանքը լարված, նյարդային
աշխատանք է. Մտնում եմ տուն, խաղում եմ աղջկաս հետ, ծիծաղի ձայնն եմ լսում
ու անմիջապես լիցքաթափվում եմ աշխատանքից: Սկսում եմ ավելի շատ սիրել
ընտանիքիս եւ անել ամեն բան, որ անախորժություն չլինի: Երեւի ընկերներս էլ
կասեն, որ ես ընտանիքի մարդ եմ, գործս ավարտելուն պես վազում եմ տուն:
Հյուրախաղերի մեկնելիս շատ շուտ կարոտ եմ զգում:

– Ասում եք, որ ընտանիքի մարդ եք, բայց մշտապես լավ խաղում եք «լեւի» գնացող տղամարդու դերեր:

– Պարտադիր չէ՝ «լեւի» գնացող լինես, որ դերը լավ խաղաս, ճիշտ հակառակը,
դա քեզ դնում է սահմանների մեջ: Եթե կյանքում ինչպես որ կաս, այդպես էլ
խաղաս, ուրեմն սահմանափակ ես: Հաջողված դերերը հեռուստադիտողն է որոշում,
օրինակ՝ հետաքրքիր է, որ ասում եք՝ «լեւի» գնացող: Ուրեմն ստացված կերպար
է:

– Արտասահմանում գտնվելիս հատկապես ինչի՞ն եք կարոտում:

– Մեկնում եմ ու սկսում եմ երազել՝ վա՛խ հողս, վա՛խ ջուրս, հարազատներս եւ
այլն: Ես Գյումրիում եմ ծնվել-մեծացել: Մանկությունս, պատանեկությունս
այնտեղ եմ անցկացրել, թեեւ այլեւս այն քաղաքը չկա, որը հիշում եմ
մանկությանս տարիների ժամանակ, մինչեւ երկրաշարժը: Հիմա Երեւանին էլ շատ
եմ սովորել, այս աղմուկին, մեքենաների հոսքին, աշխատանքի
ծանրաբեռնվածությանը: Երկու քաղաքներն էլ սիրում եմ, որովհետեւ չես կարող
չսիրել նաեւ այն տեղը, որտեղ ապրում ես: Համենայնդեպս, Հայաստանից դուրս
չկա որեւէ այլ տեղ, որտեղ կկարողանայի ապրել: Մեր ջուրն ինձ համար
անփոխարինելի է, ես մի քիչ ջրի վրա շեղված եմ, եթե մեր ջուրը չլինի,
օրերով հաց չեմ ուտի: Հայաստանի ջուրը չլինի, առողջությունս վտանգի տակ
կլինի:

– Հումորային ձեր տաղանդը կապո՞ւմ եք գյումրեցու ձեր արմատների հետ:

– Անպայման: Հայրս անսպառ հումոր ունի, եւ հաճախ զարմանում եմ, թե ինչպես
այս կամ այն ֆրազն եկավ մտքին։ Նա չափազանց սրամիտ մարդ է: Ես իմ հումորով
չեմ հասնի նրան: Ընկերներս, մտերիմներս, ովքեր հայրիկիս ճանաչում են,
բոլորն էլ այդ կարծիքն ունեն, որ նա հումորի սուր ու զարմանալի զգացում
ունի: Ես շատ մեծ ճանապարհ ունեմ անցնելու, որ հասնեմ պապային:

– Պատահո՞ւմ է, երբ հաղորդման նկարահանումների ժամանակ օգտագործում եք նրա հումորը:

– Շատ է եղել: Եվ առհասարակ բոլորից էլ վերցնում ենք: Մեր
ենթագիտակցության մեջ կերպարներ կան, որոնք ի հայտ են գալիս եւ
հարմարեցվում են մտածածի հետ: Ինչ-որ տեղ մի մարդ ես տեսնում ու մոռանում
ես, բայց հետո կայծակնային արագությամբ այդ կերպարը հայտնվում է
մտապատկերումդ եւ դառնում է գաղափար, այդ պերսոնաժը հարմարեցնում ես
դերին: Ամենաառաջին գնահատողները հայրս, մայրս, քույրս եւ կինս են:
Յուրաքանչյուր նոր հաղորդում ցուցադրելիս առաջինը նրանք են զանգահարում:
Օբյեկտիվ գնահատականներ տվողներն իրենք են, թեեւ հաճախ մայրս ոգեւորելու
համար միայն դրական է արտահայտվում, իսկ հայրս ցանկացած թերության համար
նկատողություն է անում, խորհուրդներ է տալիս: Կարեւոր է, որ այնպիսի մարդ
գնահատի, որ իրեն հավատաս: Չուզող մարդիկ շատ են, նրանք միայն քննարկում
ու ցածր որակումներ են տալիս: Հայկական շատ լավ բառ կա՝ չուզողություն,
ա՛յ, այդ չուզողները չեն կարող որեւէ մեկի աշխատանքը գնահատել: Կինս
նույնպես իմ լավ դատավորն է. երբ միասին դիտում ենք հաղորդումը, նրա
վերաբերմունքից, ծիծաղից հասկանում եմ՝ հավանե՞լ է, թե՞ ոչ: 4 տարեկան
աղջիկս նույնիսկ մեր մանրապատումներից մեկում խաղացել է, երեւի
հեռուստադիտողը կհիշի, երբ երեխան թմրամոլին ասում է՝ «Մամաս չի թողնում
խոտի վրա նստեմ»: Ու թմրամոլը՝ ես, ասում եմ՝ «Բալիկ ջան, ես քեզ ոնց եմ
հասկանում»։ Այդ երեխան իմ աղջիկն է:

– Ձեր մանրապատումներն ինչպիսի՞ ազդեցություն կարող են թողնել երեխաների վրա:

– Բառեր կան՝ երեխաներն անմիջապես ֆիքսում են, չէի ասի, թե դա լավ է, բայց
վատ էլ չէ, որովհետեւ ներկայացնում ենք իրականությունը: Այն, ինչը
ներկայացնում ենք, բացարձակ ճշմարտություն է, եւ հեռուստադիտողն ամեն
քայլափոխի առնչվում է մեր բարձրացրած հարցերի հետ: «Ախպեր», «ջահել»
ասելիս՝ մենք ծաղրում ենք նրանց, թեեւ այդ արտահայտություններն անողները
հաղորդումը դիտելիս՝ ծիծաղում են` առանց հասկանալու, որ դա արվում է նման
երեւույթներից ձերբազատվելու համար եւ հատկապես իրենց է վերաբերում այդ
ծաղրը: Երբ հաղորդումը սկսվեց, շատ դրական կարծիքներ էին մարդիկ
արտահայտում, բայց հետո ոմանք սկսեցին ասել, թե գռեհիկ, անգրագետ բառեր են
օգտագործում: Մեզ չեն ասել, բայց նման խոսակցություններ ենք լսել: Եթե մեր
ներկայացրած հերոսը գաղութից ազատվում է, ինչ է, նա այսպե՞ս է խոսում՝
«Ահ, կներեք, օհ, օյ վասնզի, սեթեւեթել, խնդրեմ…» եւ այլն, նա
բնականաբար խոսում է գաղութային բառապաշարով: Նման կերպարներ
ներկայացնելիս գրագետ խոսելը կեղծ, սուտ կլինի:

– Փաստորեն երկուսդ էլ դերասանական որեւէ դպրոց չեք անցել, բայց
պրոֆեսիոնալ խաղում եք, դա ՈՒՀԱ-ի (Ուրախների եւ հնարամիտների ակումբի)
դպրոցի արդյո՞ւնքն է:

– ՈՒՀԱ-ի դպրոցն ամենաիդեալականն է, պահի տակ կողմնորոշվելու սկզբունքն է:
Ես խաղում էի «Mea culpa» ներկայացման մեջ, այնտեղ խաղում էին
ամենապրոֆեսիոնալ դերասանները: Իսկ առհասարակ, ուրիշ դերասանների հետ
շփվելիս, ովքեր Թատերական ինստիտուտի կրթություն ունեն, հասկացա, որ նրանց
3 ամիս է պետք, որպեսզի 10 տողանոց կտորը սովորեն, իրենց ինչ ասում են,
այդպես էլ պետք է անեն: ՈՒՀԱ-ի դպրոցի սկզբունքներով՝ արագ
կողմնորոշվելով, ավելի ճիշտ ես խաղում: Բացի այդ, մենք մեզ վրա շատ ենք
աշխատում:

– Կա՞ մի կերպար, որը քեզ շատ հոգեհարազատ է:

– Բոլոր կերպարները հոգեհարազատ են, պարզապես կան հեշտ եւ դժվար խաղացվող
կերպարներ: Ինձ համար ավելի հեշտ է տարեցների, վարչության պետի,
պաշտոնյայի դեր խաղալ: Եթե երկար, մեծ ու մազոտ ձեռքերով կնոջ դեր լիներ,
ապա սիրով կխաղայի: Տատիկի դեր խաղալ սիրում եմ, վերջերս միշտ ես եմ
տատիկի դեր խաղում:

– Ինչպե՞ս է, որ կնոջ դերը միշտ Հայկոյին է վերապահվում, նա առանձնահատո՞ւկ է խաղում:

– Եթե ինձ մոտ տատիկ-պապիկների կերպարներն են հաջողվում, ապա Հայկոյի մոտ
կնոջ կերպարներն են լավ ստացվում: Երեւի գիտի, թե այդ պահին կինն ինչ
կզգա: Բացի այդ, իմ ձեռքի մատները կոպիտ են, իսկ Հայկինը՝ նուրբ,
համապատասխանում է դերին: Հայկը ճիշտ է զգում, թե տվյալ պահին կինն ինչ
կանի:

– Ձեր հագուստների, դիմահարդարման վրա ովքե՞ր են աշխատում:

– Աշխատում են ամենալավերը: Պրոֆեսիոնալ մարդիկ են. ռեժիսորը Դավիթ
Բաբախանյանն է, մոնտաժն անում է Հայկոյի հարազատ եղբայր Արման Մարությանը:
Աշոտ Մելոյանը նկարահանումների տնօրենն է, Արմեն Այվազյանը դիմահարդարն է,
Գեւորգը՝ մեր ընկերը, իր սեփական մեքենայով է մեզ օգնում, Արմեն
Թադեւոսյանը սցենարով է օգնում, եւ շատ այլ նվիրյալներ: Շատ լավ մարդիկ
կան, որոնք մեզ տարածքներ են տրամադրում նկարահանումների համար: Մեր լավ
ընկերները տարածքներ են տրամադրում, որ նկարահանումներ անենք: Շատ լավ
ընկերներ ունենք, ովքեր անշահախնդիր մեզ օգնում են:

– Ձեր վերջին մանրապատումներից մեկում խաղում էր նաեւ «Շարմի» Մարկ Սաղաթելյանը, նա մի՞շտ է խաղալու:

– Մարկը մեր շատ սիրելի ընկերն է եւ մեր արտադրանքով շատ է հետաքրքրվում,
ցավում է մեզ համար: Երկար ժամանակ Մոսկվայում էր: Այժմ Երեւանում է, եւ
մի խոսակցության ընթացքում երկկողմանի ցանկություն եղավ, որ նկարահանվի:
Հնարավոր է, որ առաջիկայում նորից խաղա:

– Ձեր հագուստներն ինքնատիպ են, հաճախ մոռացված: Ունե՞ք արդյոք հագուստների արխիվ եւ ինչպե՞ս եք դրանք ձեռք բերում:

– Շատ հետաքրքիր հագուստներ ունենք, որոնք դեռ չենք էլ օգտագործել,
որովհետեւ համապատասխան դեր դեռ չի եղել: Որոշ հագուստներ մեր սեփականն
են, մի մասը մեզ տվել են մեր հարազատները, ընկերները: Հին հագուստ գցելիս
մեկ էլ մտածում են, որ մեզ պետք կգա: