Միլորադ Պավիչի զրույցը բանաստեղծ Կոնստանտին Կեդրովի հետ

17/12/2009 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Կեդրով – Ես գիտեմ, որ դուք չկայացրեցիք բոլոր հանդիպումները, որպեսզի մեզ համար տարածություն… թե՞ ժամանակ ազատեք:

Պավիչ – Ժամանակ չկա: Կա հավերժություն: Այն գալիս է ներշնչանքի հետ: Իսկ երբ չի գրվում, այնժամ սկսվում է ժամանակը: Եվ այն միշտ ձգվում է մինչեւ անվերջություն:

Կեդրով – Դատելով ըստ ամենայնի, ձեզ մոտ հիմա հենց հավերժություն է:

Պավիչ – Այո: Ես նորից վեպ եմ գրում: Տասը տարի լռել էի, իսկ հիմա գրում եմ: Ավելի ճիշտ, դա միայն ասվում է` «գրում եմ»: Ես իմ վեպերը անգիր գիտեմ եւ գիշերներն այն գլխումս դասավորում եմ: Իսկ եթե գրի եմ առնում, ապա միշտ փակ աչքերով, ավելի լավ է՝ մթության մեջ: Ես կարողանում եմ թուղթը մթության մեջ լցնել, աչքերս գոց:

Կեդրով – Աստված իմ, որքան հասկանալի է դա ինձ: Ես էլ բոլոր տեքստերը անգիր դասավորում եմ: Եվ հաճախ կուրորեն գրի եմ առնում մթության մեջ: Բայց դրանք բանաստեղծություններ են: Արձակի դեպքում ամեն բան ավելի բարդ է:

Պավիչ – 70-ից հետո հիշողությունս մեկ-մեկ դավաճանում է: Ես վստահ չեմ, որ առավոտյան թղթի վրա վերարտադրում եմ այն, ինչ հորինել եմ գիշերը:

Կեդրով.
Օրեցօր լսում եմ քեզ
ինչ-որ տարօրինակ են հնչում բառերը
փակում եմ աչքերս եւ ամենուր իմ առջեւ
այս ձայներն են լռությամբ ծնված
այս գույներն են լռությամբ ծնված
Ահա նստած եմ ամենքից լքված
հասկացությունների ու խոսքերի խորքում
անհետանում է տեսանելի աշխարհը,
բայց ես կարող եմ խոսել, եւ աշխարհը ծնվում է նորից։

Պավիչ – Ես ձեզ շատ լավ հասկանում եմ: Բոլոր իմ վեպերը ծնվել են մթությունից, ինչպես լույսը: Ես հետս ռուսերեն մի քանի գիրք եմ վերցրել` կարող եք ցանկացածը ձեզ հետ վերցնել…

Կեդրով – (տարակուսանքի մեջ է):

Պավիչ – Ուրեմն էլի կարդացեք:

Կեդրով.
Երկինքը` բարձրությունն է հայացքի
Հայացքը` խորությունն է երկնքի
Մարդը` շրջոնքն է երկնքի
Երկինքը` շրջոնքն է մարդու։

Պավիչ – Ինձ դուր է գալիս: Կմակագրեմ՝ «Քամու ներքին կողմը»:

Կեդրով- Իսկ ես ձեզ` «Հրեշտակային Պո- էթիկան»:

Պավիչ (կարդում է): Հրեշտակային արձակագրին: Շնորհակալություն: Իսկ դուք գիտեք, տասանոցին խփեցիք: Իմ սիրած փիլիսոփաները կապադովկիացիք են: Բարսեղ Մեծը (Կեսարացին), Գրիգոր Աստվածաբանը, Խրիզոստոմոսը (Հովհան Ոսկեբերանը):

Կեդրով – Բարսեղ Մեծն ինձ վրա պատանի հասակում վիթխարի ազդեցություն է գործել: Նա գրում էր, որ դրախտը կարելի է տեսնել՝ հայացքը բարձրացնելով առ աստղազարդ երկինքը, իսկ արեգակը` Տեսանելի պատկերն է Քրիստոսի, ով միշտ մեր առջեւ է: Ես դա այսպես եմ ասել` «Քրիստոս` արեւն է Բուդդայի, Բուդդան` լուսինը Քրիստոսի»: Իսկ բանաստեղծներից ո՞վ է ձեզ դուր գալիս:

Պավիչ – Չզարմանաք` դա Պաիսյի Վելիչկովսկին է, եւ 18-րդ դարի այլ բանաստեղծները:

Կեդրով – Գրիգորի Սկովորոդա՞ն:

Պավիչ – Նա էլ:

Կեդրով.
«Հոգին իմ ուռենի է,
իսկ դու եղիր նրան ջուր:
Սնիր ինձ այդ ջրում,
սփոփիր ինձ այդ վշտում»:

Պավիչ – Ուղղափառ քաղաքակրթությունն անսպառ է: Ես դա միշտ հասկացել եմ: Ես միայն մեկ անգամ եմ եղել Մոսկվայում, այնտեղ դա առանձնապես զգալի է:

Ես ամենուր ինձ տանն եմ զգում: Նույնիսկ Ամերիկայում:

Կեդրով – Ռուսաստանում եւ Սերբիայում այնքան են հայհոյում Ամերիկան, որ նրա հանդեպ չափազանց հետաքրքրություն է առաջանում: Ես, համենայն դեպս, սովոր եմ դեռ խորհրդային ժամանակից` եթե գրողներից մեկին պարսավում են, ապա անպայման պետք է նրան կարդալ: Պարսավում էին Պաստեռնակին` ամենաարժեքավորներից մեկն է: Իսկ դուք պարզապես չկայիք: Իբր թե չկայիք:

Պավիչ – Այ, հետաքրքիր է, հիմա ոնց որ թե ամեն ինչ տպված է, իսկ իմ մեջ այն զգացողությունն է, որ ամենակարեւորը դեռ պիտի գրվի:

Կեդրով – Ես շատ եմ սիրում ձեր «Թեյով նկարված բնանկար» վեպը: Ես «Նոր լուրեր» թերթում գրախոսական էի գրել: Եվ գիտե՞ք այն ինչ էր կոչվում: «Օղիով նկարված բնանկար»: Ես նոր հիմա հասկացա, թե դա ինչ է: Մեր հանդիպումը նկարված է տաք օղիով:

Պավիչ – Ձեզ դուր եկա՞վ մեր «ռակա Վրաչան» (տաք օղին):

Կեդրով – Դա այն խոսքը չէ:

Պավիչ – Եկեք միասին լուսանկարվենք: Ես ուզում եմ, որ այս հանդիպումը միշտ հիշվի: Մենք անպայման կշարունակենք մեր շփումն ինտերնետում: