Ինձ համար հանդիպումը Միլորադ Պավիչի հետ նույնպիսի հեքիաթ է, ինչպես, ասենք, զրույցը Վլադիմիր Նաբոկովի կամ երկխոսությունը Հռոմի պապի հետ: Դե, Նաբոկովին տեսնել չհաջողվեց, իսկ Հռոմի պապ Վոյտիլային հանդիպեցի հենց Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի զոհասեղանի մոտ` Զատիկին: Իմ կյանքում այլ հրաշքներ եւս եղել են: Այդ պատճառով ուղեւորությունը Բելգրադ` «Խազարական Բառարանի» հեղինակ լեգենդար Պավիչին տեսակցելու, ես պարզապես ընկալեցի՝ որպես Աստծո հրաշք, եւ ընդ որում դեռ մտածեցի. «Եթե նույնիսկ հանդիպումը չկայանա, ես, միեւնույն է, նրան կհանդիպեմ: Ի վերջո, ի՞նչ են Սերբիան եւ Բելգրադը գրողի համար: Սերբիան Պավիչի երկիրն է: Բելգրադը` քաղաք, որտեղ ապրում է Միլորադ Պավիչը: Ինձ թեթեւակի նյարդայնացնում էր, որ ուղեվարն ավտոբուսում հընթացս մատնացույց էր անում Տիտոյի նստավայրը: Ինձ համար Տիտոն, Ֆրանկոն, Ստալինը` մանկությանս պատմության գործող անձինք էին, ինչ-որ տեղ, Բարմալեյի եւ Բաբա Յագայի կողքին:
Եվ այդուհանդերձ, առաջին հանդիպումը Պավիչի հետ տեղի ունեցավ 80-ականների վերջին, երբ բացեցի «Ինոստրաննայա լիտերատուրա» ամսագիրը, եւ ահա գրավիչ մի վերնագիր` «Խազարական բառարան»: Վեպի ընթերցումն ինձ ապշեցրեց: Ես ողջ կյանքում հոգու եւ գրականության մեջ վերծանել եմ աստղային երկինքն ու այդ աստղային գաղտնագրությունը, որն իմ իսկ հորինած բառով կոչել եմ՝ «մետակոդ»: Այդ «մետակոդի» պատճառով խորհրդային շրջանում ինչ ասես գլխիս չեն բերել: Եվ Լիտինստիտուտից հեռացրին, եւ հեռուստաէկրանից չքացրին, եւ հրատարակչական «սեւ ցուցակ» մտցրին` իմ աստղային գրերի հետ մեկտեղ: Իսկ Պավի՞չը: Նրան էլ քիչ չեն հալածել Տիտոյի օրոք: Չէ՞ որ նա ինձանից 13 տարի մեծ է: Թեպետ, գրողին ի՞նչ տարիք: Եթե դու 76 տարեկան ես, ինչպես Պավիչը, ապա առջեւում երեւում են Գյոթեն ու Տոլստոյը (ութսունն անց) կամ Բերնարդ Շոուն (իննսունն անց): Իսկ Միլորադն իր վեպերում ապրում է ոչ թե ժամանակի, այլ հավերժության մեջ: «Հավերժությունը ժամանակին զուգընթաց չէ: Նրանք հաճախ հատվում են»,- խորհրդածում է նրա հերոսներից մեկը ռուսական ձյուներում:
Ես նույնպես ինձ Պավիչի ֆանտաստիկ, միստիկական, մետակոդային արձակի հերոս եմ զգում: Եվ իմ ուղեւորությունը Բելգրադ եւ մեր հանդիպումը դիտարկում եմ՝ որպես մի գլուխ նրա վեպից: Կամ՝ ինչպես իմ տեքստերի ծանոթագրություն:
Հեքիաթի օրենքներով պիտի խոչընդոտ ծագեր: Երբ մենք կանգնած էինք ուղղափառ ժամատանը, բարոն Վրանգելի գերեզմանի մոտ: Իսկ հետո, Նիկոլայ 2-րդի եւ Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանների մոտ, լավ լուր հասավ` Պավիչը հետաձգում է իր ուղեւորությունը` հանուն մեր հանդիպման:
– Իսկ որտե՞ղ ենք հանդիպում:
– Մեզ մոտ նկարիչների ու գրողների մի ռեստորան կա: Դա այն տան կողքին է, ուր ապրում է Պավիչը: Այնտեղ, այսպես ասած, նրա նստավայրն է: Թեպետ այնտեղ նա պարզապես հյուրեր է ընդունում, կամ ընկերների հետ է նստում:
Պավիչն անսահմանորեն սիրահարված է Ռուսաստանին, ավելի ճիշտ, ռուս գրականությանը, իսկ ավելի ճիշտ, Գոգոլի «Մեռյալ հոգիներ» գործին: Նրան անվանում են սլավոնական Բորխես, եւ դա նույնպես արդարացի է: Նրանց համար, ովքեր ծանոթ են բոգոմիլների տեքստերին, Պավիչի արձակը` բնական շարունակությունն է ինչ-որ գաղտնիքի, որը հավասարապես հայտնի էր եւ հին եգիպտացի մոգերին, եւ Աթոն լեռան ուղղափառ իսիխաստ-լռակյացներին: Խոսքը հավերժական կյանքի մասին է ժամանակային կյանքի ներսում: Բոգոմիլները սիրում էին բառային առակ-բանալիներ կազմել, որոնք մեկնություններ չունեն, եւ դրանց մասին կարելի է հավերժորեն խորհրդածել: Պավիչը եւս մի բոգոմիլական առակ է ստեղծել` «Թեյով նկարված բնապատկերը»: Այնտեղ խոսվում է նկարիչների ընտանեկան զույգի մասին, որ սիրային էքստազի պահին սիրում էր ձյան վրա նկարել: Կինը կրքոտ ձեռքերի մեջ սեղմում էր ամուսնու ֆալոսը, եւ «թեյի» տաք շիթը ուրվագծվել էր ձյունաթմբի վրա: Սեւ, կանաչ, կարմիր եւ կապույտ թեյերից զատ՝ կա նաեւ ռուսական սպիտակ թեյը, որով ուրվագծված են ամպերը: Սպիտակ թեյն այլ բան չէ, քան ռուսական օղին: Այդ մասին ես հիշեցի, Պավիչի հետ զրուցելիս, երբ նա ինձ սերբական տաք ռակիա էր հյուրասիրում: Մեր զրույցը ձգվեց մի քանի ժամ, եւ գրողը հաջորդաբար ինձ էր առաջարկում սալորի, դեղձի, խնձորի, ծիրանի օղիները: Եվ բոլորը տաք: Ամենազարմանալին, որ մյուս օրը՝ ոչ մի հետեւանք: Դե, իսկ տրամադրությունն էլ՝ հաճելի, թեթեւ: Ես հիշեցի, որ Պավիչի վեպերից մեկում ուղղափառ վանականը ասում է, թե իբր բոլորն էլ գիտեն` մենք տեսնում ենք աստղերը, որոնք իրականում վաղուց արդեն հանգչել են երկնքում, բայց ոչ ոք չգիտի, որ ջուրը, որով մենք հագեցնում ենք մեր ծարավը, իրականում վաղուց արդեն խմված է: Գուցե թե վաղուց արդեն խմված է ողջ տաք ռակիան, որը մենք խմում էինք այդ սերբ կախարդի հետ Բելգրադի գրողական ռեստորանում:
Պավիչը գիտի, որ մեր աշխարհի գաղտնիքն անսպառ է: Շուրջն ամեն ինչ ծածկագիր է եւ կոդ: Ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան հաջողվում է սոսկ այն բանի համար, որ խորասուզվես այլ գաղտնիքի մեջ` «Տես: Գիշերային հեռուն այժմ անցյալի տեսքն ունի, որը հասու է ոչ թե գիշերվան, այլ հուշերին: Իսկ մեռյալները հիշում էին ողջ իրենց կյանքը, նրանք չէին հիշում միայն իրենց մահվան ժամն ու պատճառը»:
«Շեքսպիրյան այգին» նովելում հեղինակը գրում է, որ Շեքսպիրի տան ետեւում գտնվում է նրա պիեսներում հիշատակված ծաղիկների եւ բույսերի այգին, իսկ կողքին վաճառվում է շեքսպիրյան մեղրը, որ մեղուները ժողվել են միայն այդ բույսերից: Եվ եթե դուք հեռանաք տնից, ապա շուրջը կտեսնեք նույնպիսի այգիներ, թեեւ դրանց բույսերն ու ծաղիկները ոչ ոք չի ընտրել: «Բայց ո՞վ է ում ստեղծել` այգին Շեքսպիրի՞ն, թե՞ Շեքսպիրն՝ այդ այգին»: Դա Պավիչի ամենահիասքանչ նովելներից մեկն է: Դրանից հետո շուրթերի վրա մնում է շեքսպիրյան մեղրի համը, քթանցքներն ըմբոշխնում են շեքսպիրյան այգու բույրը, իսկ լսողությունը լցվում է այգում մեղր ժողովող մեղուների բզզոցով: Ես այստեղ ակամա անցնում եմ հենց Պավիչի ոճին: Նա գրում էր ոչ թե բառերով, այլ մեղուներով, թռչուններով եւ ծաղիկներով: Գրում է կյանքի իմաստի մասին, բայց ոչ թե ապրված կյանքի, այլ ամբողջովին ողջ կյանքի, քանզի Տիեզերքի ողջ կյանքն ապրելն անհնար է, իսկ վերապրել կարելի է: Պավիչը վերապրում է հավերժությունը: Միայն այն է հետաքրքիր, միայն նրա հետ է կյանքը գիտակցված դառնում եւ էլ ավելի անհասկանալի: Գրողը մեզ տանում է անվերջությունից անվերջություն, որպեսզի հանկարծ պատումն ընդհատի ինչ-որ տեղ, բուրավետ անդունդի կեսին: Բելգրադը, դե, նաեւ ողջ Սերբիան քրիստոնեական քաղաքակրթության ամրակետն է: Այդ հողի վրա է ծնվել մի ժամանակ Հայր Փիլոփեոսի «Մոսկվան` երրորդ Հռոմն է»-ն: Երկու Հռոմներն ընկան, եւ չորրորդն էլ չհայտնվեց: Սերբ գեղջուկները աղոթում են` «Օգնիր, Տեր, ինձ եւ իմ ավագ ռուս եղբորը»: Դե, չգիտեմ, թե մենք ինչ Հռոմ ենք: Մի բան անկասկած է` Պավիչը խորունկ ուղղափառ միստիկ է: Ոչ կղերական, ոչ էլ արմատական, այլ հենց միստիկ: Նրա արքայությունն այս աշխարհից չէ: Անցավորում նա փնտրում է հավերժականը: Եվ նրա՝ միստիկական ինքնահեգնանքով ներթափանցված վեպերը, ժամանակի ընթացքում կընկալվեն որպես դարի Վարքեր: