Միլորադ Պավիչ (1929-2009). Կոլաժ քամու ներքին կողմով

17/12/2009 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Նոյեմբերի 30-ին Բելգրադում սրտամկանի ինֆարկտից վախճանվեց 80-ամյա սերբ հանրահայտ, բայց եւ իսկապես ուշագրավ եւ ծալքերով ու ենթատեքստերով հարուստ, բանաստեղծ, արձակագիր, գրականության պատմաբան եւ թարգմանիչ Միլորադ Պավիչը:

Իր վերջին ելույթներից մեկում Պավիչն ասում էր. «Երբ հանկարծ զարթնում ես հանրահայտ, երկու տարբերակ կա, կամ ինֆարկտ է խփում, կամ քեզ համար վաղուց միեւնույն է: Ինձ համար միեւնույն էր: Հնարավոր է՝ հենց այդ պատճառով էլ ես հասել եմ 80-ին»:

Բայց ահա երբ հայտնի լինելը վաղուց արդեն սկսել էր ձանձրացնել, եւ նույնիսկ մոռացվել կամ ընտել դառնալ, թեպետ որսաշան նման անընդհատ հետապնդում էր նրան` նրա գրքերը շարունակում են թարգմանվել եւ հրապարակվել բազում լեզուներով եւ տպաքանակներով։ Կենաց օրոք Մոսկվայում 2009 թվականի հունիսին բացվեց նրա հուշարձանը, որին պետք է ներկա լիներ ինքը՝ Պավիչը, բայց վատառողջ լինելու պատճառով չկարողացավ (այս դրվագը կարող էր հայտնվել նրա գրքերից մեկում)… Պավիչը մահացավ հենց ինֆարկտից:

Ինչպես նկատել է ֆրանսիացի գրականագետներից մեկը. «Նա գրում էր այնպես, ինչպես մենք երազներ ենք տեսնում»: Եվ քանի որ երազ տեսնելն ու այն պատմելը, այդուհանդերձ, տարբեր բաներ են, ապա Պավիչը, իր անսահման եւ անսանձ երեւակայությամբ հանդերձ, երբեմն անցնում էր նույն արահետներով (սակայն իր իսկ բացած եւ ոչ թե տրորված), ինչը ոմանց հիասթափեցնում եւ զարմացնում էր, եւ մանավանդ նրանց, ովքեր գեթ մեկ անգամ չեն կարողացել պատմել մի երազ, որ արժանի լիներ իրենց տեսածին:

Իր կյանքի օրոք երկու պատերազմ տեսած եւ ռմբակոծություններից կարկտահար Բելգրադում ապրող Պավիչն ինքը զարմանում էր, թե ինչպես են իր կյանքում միահյուսվում իր հորինած պատմություններն ու իրական փաստերը, եւ վերհիշում էր. «Ահա ես գրել եմ, որ հունգարացիք աշխարհում ամենագողաբարո ազգն են: Հետո ես եկա այդ երկիր, գրքիս շնորհանդեսին, եւ հենց առաջին օրը գողացան դրամապանակս»: Կամ ահա մի դրվագ եւս. «Մի վեպում ես գրել եմ մեր հայտնի սերբական կանանոցի մասին, ուր իբր այցելել է սատանան: Իրականում ես երբեք չէի եղել այդ վանքում եւ սատանայի մասին ամեն ինչ հորինել էի: Եվ ահա մի անգամ ճամփորդում էի կնոջս հետ Սերբիայով մեկ, եւ հայտնվեցինք այդ վայրում: Ես զգուշորեն թակեցի վանքի դարպասը: Ելավ մայրապետը, նա ինձ ճանաչեց, սիրալիր ներս հրավիրեց: Մենք թեյում էինք պատշգամբում, եւ հանկարծ նա ասաց. «Տեսնո՞ւմ եք այն քարը: Հենց այնտեղ էլ նստել էր սատանան»:

Պավիչը միշտ տենչում էր, որ Հերոն եւ Լեանդրոսը («Քամու ներքին կողմը» վեպի հերոսները) հանդիպեն, նա փնտրում էր լեզվի միասնական էությունը, եւ մշտապես «աստղային պատմուճանի» նմանվող ուռկաններ էր նետում, որպեսզի ընթերցողը մակերեսից գնա դեպի խորքը: Պավիչի երկերում միշտ առկա են համալրումներն ու հակադրությունները` Լուսին-Արեւ, Կին-Տղամարդ, Երազ եւ Իրականություն (օրինակ՝ «Ինֆարկտ» պատմվածքում ցուցադրված են երկու իրողությունների «փոխհարաբերությունները»` իրականության եւ երազի):

Այս կարճառոտ եւ խառնագնաց նախաբանը կամենում եմ ավարտել, մեջբերելով մի այլ, սակավ հայտնի, բայց ոչ պակաս հանճարավոր սերբ արձակագիր Մոմո Կապորի «Հարմար օր մահվան համար» վեպի սկզբնատողերը.

«Ասում են, երբ մարդ մահանում է, ողջ կյանքը մի ակնթարթում անցնում է նրա գիտակցության մեջ:

Ոչ ոք դեռ չի վերադարձել այնտեղից, որպեսզի հրատարակի այդքան կարճ, բայց եւ այդքան վեհասքանչ վեպը: Իսկ ես այնքան կուզենայի ընթերցել այն: Գուցե թե, այդ պատճառով, արժե այն նախօրո՞ք գրել: Ով գիտե…»: