Երեկ Հայաստանի Եվրոպական Շարժումը սկսել է արշավ, որը ուղղված է Եվրամիության երկրների մուտք գործելու վիզաների պարզեցմանը եւ ազատականացմանը: Արշավը իրականացվում է էլեկտրոնային ճանապարհով: Ըստ կազմակերպիչների, այցելելով http://www.petitiononline.com/EUVisa/petition.html հասցե, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի եւ ԵՄ ցանկացած քաղաքացի կարող է ստորագրել հայտարարության տակ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մենք՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի եւ ԵՄ քաղաքացիներս, խնդրում ենք Եվրոպական Միության անդամ պետություններին եւ ԵՄ կառույցներին ներկայացնել Արեւելյան գործընկերության պետությունների` ԵՄ երկրների համար վիզաներ ստանալու պարզեցման ճանապարհային քարտեզ եւ հանել կամ կրճատել վիզաների տուրքը, որքան հնարավոր է արագ: Իբրեւ առաջնային քայլ, խնդրում ենք պարզեցնել վիզաներ ստանալու ընթացակարգը եւ տրամադրել երկարաժամկետ մուտքի վիզաներ»: «Մենք հասկանում ենք այն պատճառները, որոնցով Եվրոպական պետությունները արդարացնում են մուտքի արտոնագրեր ստանալու բարդությունները, եւ այս տեսակետից մեր պետությունները նույնպես լուրջ անելիքներ ունեն, սակայն մի բան հստակ է, որ ԵՄ եւ արեւելյան գործընկերություն երկրների միջեւ հաղորդակցության ծավալների մեծացումը կարող է դրական փոփոխություններ բերել Արեւելյան գործընկերություն պետությունների եւ ԵՄ մերձեցման գործընթացում: Ի վերջո, առանց ուսանողների, երիտասարդության, գիտնականների, գործարարների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ շփումների մերձեցում լինել չի կարող»,- ասել է Հայաստանի Եվրոպական Շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը: