Տարվա բռնցքամարտիկ

17/12/2009

IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը 4-րդ անգամ դարձել է Գերմանիայի տարվա բռնցքամարտիկ: Սա ռեկորդային ցուցանիշ է: 29-ամյա հայ մարզիկը, ով գլխավորում է Super Six World Boxing Classic մրցաշարի աղյուսակը, գերմանական «BoxSport Magazine» ամսագրի կողմից անցկացված հարցման արդյունքում գրավել է առաջին հորիզոնականը` առաջ անցնելով հանրահայտ Կլիչկո եղբայրներից: «Ես երախտապարտ եմ: Սա մեծ պատիվ է ինձ համար եւ շատ բան է նշանակում: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին հավատի եւ աջակցության համար: Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել իմ մարզիչ Ուլի Վեգներին եւ «Sauerland» թիմի բոլոր անդամներին»,- ասել է Արթուր Աբրահամը: Հիշեցնենք, որ 2009 թ. ընթացքում Աբրահամը 3 հաղթանակ է տոնել: