Խորացնում է անջրպետը

17/12/2009

Երեկ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի վեց տասնյակից ավելի ուսանողներ հանդես են եկել հայտարարությամբ, որով մտահոգություն են հայտնում «Հասարակական կազմակերպությունների» մասին օրենքում փոփոխություններ իրականացնելու կապակցությամբ: «Մենք` Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի թվով 64 ուսանողներս` տարբեր կուրսերից, որպես ապագա իրավաբան-մասնագետներ, մտահոգություն ենք հայտնում 23.09.2009թ. ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` իրավական եւ ժողովրդավարական պետության սկզբունքներին չհամապատասխանելու առնչությամբ: Նախագիծը ոչ միայն վտանգում է Հայաստանում առանց այդ էլ բազմապիսի խոչընդոտների հանդիպող քաղաքացիական հասարակության կայացմանը, այլեւ նպաստում է իշխանության եւ հասարակության միջեւ առկա անջրպետի առավել խորացմանը: Կարծում ենք, որ դա, առաջին հերթին, չի բխում կառավարության շահերից: Կոչ ենք անում Ազգային ժողովի բոլոր գիտակից քաղաքական ուժերին՝ գիտակցել պահի լրջությունը եւ դեմ քվեարկել օրինագծի ընդունմանը»,- ասված է ուսանողների հայտարարության մեջ: