Չհամաձայնեցված «բարոյականություն»

15/12/2009

Երեկ Ազգային ժողովի թվով 21 պատգամավորների ստորագրությամբ հրապարակվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակ, որի հեղինակները խնդրում են ներում շնորհելու միջոցով ազատ արձակել քաղբանտարկյալ, ԱԺ նախկին պատգամավոր, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանին, ով ներկայումս գտնվում է ծայրահեղ վատառողջ վիճակում եւ բժշկական օգնության կարիք ունի: Բաց նամակը ստորագրածների թվում են թվով 8 ՀՀԿ-ական եւ 7 ԲՀԿ-ական պատգամավորներ: Նամակի հեղինակները փորձել են հնարավորինս զերծ մնալ քաղաքական գնահատականներից, նրանք Սասուն Միքայելյանին, բնականաբար, քաղբանտարկյալ չեն անվանում եւ Ս. Սարգսյանից ընդամենը խնդրում են. «Անկախ նրանից, թե Միքայելյանն ինչ պատճառներով է կալանավորվել, մենք խնդրում ենք Ձեզ` օգտվելով Սահմանադրության 55 հոդվածով Ձեզ վերապահված լիազորություններից, ներում շնորհելու միջոցով ազատել Սասուն Միքայելյանին պատժի հետագա կրումից»: Իհարկե, կարելի է քննարկել նաեւ պատգամավորների համարձակության, կեցվածքի եւ այլ նման հարցերը: Սակայն մեր պատգամավորներից շատերի մարդկային որակները ամենեւին նորություն չեն. ի վերջո, այս նույն պատգամավորների մեծամասնությունն է «կողմ» քվեարկել Սասուն Միքայելյանին եւ մյուս պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու քաղաքական պատվերին: Այլ հարց է նաեւ` արդյո՞ք ինքը՝ Սասուն Միքայելյանը, համաձայն կլինի, որ իրեն ազատ արձակեն «ներման» միջոցով: Այդուհանդերձ, անկախ դրդապատճառներից եւ իրադարձությունների հետագա զարգացումից, թեկուզ նման «անշառ» ձեւով դիրքորոշում հայտնելու պատգամավորների փորձը ինչ-որ իմաստով անակնկալ էր Հայաստանի ներկայիս քաղաքական-բարոյական իրողությունների պայմաններում: Սակայն բաց նամակի հրապարակումից ընդամենը երկու ժամ անց ՀՀԿ-ն շտապեց հայտարարել, որ իր խմբակցության պատգամավորներին խաբել են` չմասնավորեցնելով, թե հատկապես ո՞ր հարցում են խաբել: Երկրի իշխող կուսակցությունը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ իր անդամ պատգամավորները իրավունք չունեն սեփական որոշմամբ նույնիսկ տարրական բարոյականության կանոններին համապատասխան գործողություններ կատարել: