Շոուն կշարունակվի հունվարին

15/12/2009

ՀՅԴ-ն պատրաստվում է հունվարի սկզբին երթեր, ցույցեր եւ զանգվածային այլ միջոցառումներ կազմակերպել, որոնք ուղղված են լինելու հայ-թուրքական արձանագրությունների դեմ:

Երեկ այդ մասին հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` իրենց ակցիաների համար ընտրված ժամկետը պայմանավորելով Սահմանադրական դատարանում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ քննարկումներով, որոնց արդյունքում ՍԴ-ն իր վճիռը հրապարակելու է հունվարի 12-ին: «Մենք արդեն բազմաթիվ հայտեր ու առաջարկներ ենք ստացել` լուրջ բողոքի միջոցառումներ կազմակերպել Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման նախորդող օրերին, եւ բնական է, որ մենք անկախ որեւէ մեկից դա անելու էինք, բայց տեսնելով, որ նաեւ ժողովրդային ալիք է նորից բարձրանում, հիմա արդեն կարող ենք ասել, որ այդ օրերին Հայաստանում հանգիստ չի լինելու»,- ասել է նա: ՀՅԴ-ի կազմակերպած միջոցառումները, եւ, մասնավորապես, կազմակերպած ստորագրահավաքն ու ինտերնետային քվեարկության արդյունքները, ըստ Հովհաննիսյանի, ցույց են տալիս, որ հասարակությունը դեմ է այդ արձանագրություններին եւ չի կիսում իշխանության տեսակետը, թե դրանցում որեւէ նախապայման չկա: Ըստ Հովհաննիսյանի, այն հանգամանքը, որ հունվարի 12-ին նախորդող օրերը տոնական են, չի խանգարելու հասարակությանը իր բողոքի ձայնը բարձրացնելու հարցում: «ՀՅԴ-ն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ տեսնում է, իսկ ով չի տեսնում, թող ակնոց հագնի»,- հայտարարել է Վ. Հովհաննիսյանը: Նշելով, որ հայ-թուրքական բանակցային գործընթացում հայկական կողմի վրա ճնշումները, անկասկած, այսուհետ էլ շարունակվելու են, նա ասել է, որ հայկական կողմը բանակցային գործընթացը կարող է կանգնեցնել մի քանի սցենարներով` պարզապես դուրս գալով գործընթացից կամ դրա ընթացքում հանդես գալով վերապահումներով: Ինչ վերաբերում է նախկին կոալիցիոն գործընկերներին, Վ. Հովհաննիսյանն ասել է. «Կոալիցիայի կազմում ՀՅԴ-ն այլեւս անելիք չունի, եւ մենք երբեք չենք վերադառնա այնտեղ»։ Ապա ավելացրել է. «Կոալիցիան վճռական գործողությունների գնալուց առաջ շրջանցել է ՀՅԴ-ին` իր պարտնյորին։ Իշխանության գործողությունները ցույց տվեցին, որ առանց մեր կարծիքը հաշվի առնելու եւ մեզ հետ խորհրդակցելու էլ կոալիցիան լիովին ունակ է ինքնուրույն քայլեր անել»: Ի դեպ, Վ. Հովհաննիսյանը իր նախկին կոալիցիոն գործընկեր, նախագահ Սերժ Սարգսյանին խորհուրդ է տվել հետեւել Թուրքիայի վարչապետի քայլերին: «Հետեւելով Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսքերին` պետք է ասի, որ մենք ժողովրդավար երկիր ենք, եւ մեր կառավարությունը չի կարող ճնշել պառլամենտի վրա: Իսկ ես ձեզ վստահեցնում եմ, եթե պառլամենտը ազատ քվեարկի, ապա արձանագրությունները չեն վավերացվի»,- ասել է Վ.Հովհաննիսյանը: Վերջինս պատահական չի համարում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ նա հանձնարարել է ուսումնասիրել միջազգային պայմանագրերի վերաբերյալ օրենսդրությունը եւ չի բացառում, որ արձանագրությունները կարող են չեղյալ հայտարարվել: «Եթե դա արվելու է մեր դիրքորոշումը կոշտացնելու համար, բնականաբար ողջունում եմ»,- ասել է Հովհաննիսյանը, ով վստահ է, որ Թուրքիայի ԱԺ-ում քրդական կուսակցության գործունեության կասեցումը լուրջ խնդիրներ է առաջացնելու Թուրքիայի համար թե երկրի ներսում, թե արտաքին աշխարհում: «Մեր հարցը Թուրքիայում ինչ-որ ժամանակ հետին պլան է մղվելու: Թուրքիայի վրա քրդական հարցում անպայման ճնշում լինելու է, որը նաեւ պահանջելու է հայկական հարցում Թուրքիայի վերաբերմունքի շտկում»,- ասել է նա: Վ. Հովհաննիսյանը կասկած չունի, որ հայ-թուրքական արձանագրությունները երկու երկրներում վավերացնելու համար ճնշումները կշարունակվեն: Նա կասկած չունի, որ արձանագրությունները կվավերացվեն Թուրքիայի խորհրդարանում` շանտաժի արդյունքում: Իսկ ամփոփելով անցնող տարին` Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, որ բոլոր ոլորտներում կորուստներն ավելի շատ են, քան ձեռքբերումները: Որպես օրինակ՝ նշել է կառավարության ներկայացրած պետբյուջեն: «Չնայած կառավարության ջանքերին, բյուջեն չի կարող լինել զարգացման, կայունության, այն գոյատեւման է: Դա հետեւանք է ոչ թե համաշխարհային տնտեսական ճգնաժամի, այլ կառավարության սխալ հաշվարկի»,- հայտարարել է նա` տեղեկացնելով, որ այս շաբաթվա վերջին ՀՅԴ-ն պատրաստվում է փաստաթուղթ հրապարակել, որտեղ նշված կլինի, թե ինչ է անհրաժեշտ անել` գոնե 2010թ. տնտեսական վիճակը շտկելու համար: